Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել, Շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները առաջիկա օրերին պատրաստվում են եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի բաց նիստ հրավիրել, որին նախատեսվում է հրավիրել նաև Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ հոկտեմբերի 2-ի հայտարարությամբ իրավունքի ուժով ստեղծվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։

Հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն էր։ Հոկտեմբերի 6-ին ԱԺ-ն 62 կողմ ձայնով սահմանեց հանձնաժողովի անդամների թիվը՝ 11։ Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։

Հանձնաժողովի հրապարակված կազմում ընդգրկվել են բացառապես իշխանական պատգամավորներ՝ Արման Եղոյանը՝ որպես նախագահ, իսկ անդամներ՝ Էդուարդ Աղաջանյանը, Տարոն Չախոյանը, Արփինե Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը և Գոռ Արշակյանը։

Հատկանշական է, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և դրա կազմավորման գործընթացին՝ այն համարելով անօրինական և հակասահմանադրական։ Այսպիսով՝ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքները փաստացի իրականացվում են իշխանական պատգամավորների մասնակցությամբ։

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ առաջիկա օրերին հանձնաժողովը պատրաստվում է անցկացնել բաց նիստ, որի ընթացքում նախատեսվում է լսել Սրբազան հայրերից մեկին։ Այս պահին քննարկվում է նիստի անցկացման օրը նշանակելու հարցը, քանի որ հանձնաժողովի անդամ ՔՊ-ական պատգամավորներից շատերը գործուղումների մեջ են։ Փորձում են այնպես կազմակերպել նիստը, որ հնարավոր լինի ապահովել բոլոր անդամների մասնակցությունը։

Մեր տեղեկություններով՝ այս պահին քննարկվել է մասնավորապես Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին հանձնաժողով հրավիրելու հարցը։ Քննարկվել է նաև մի քանի Սրբազան հայրերի հրավիրելու տարբերակը, սակայն վերջնական որոշում դեռևս չկա։

Նախատեսվում է, որ հրավիրված հոգևորականը կներկայացնի եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը, իսկ հանձնաժողովի անդամները նրան հարցեր կուղղեն՝ փորձելով պարզաբանումներ ստանալ եկեղեցու ներսում տեղի ունեցող գործընթացների, առկա խնդիրների և Վեհափառ Հայրապետի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Մի բան ակնհայտ է՝ եկեղեցու շուրջ իշխանություն-եկեղեցի հակասությունների ֆոնին հանձնաժողովի առաջիկա բաց նիստը կարող է վերածվել բավականին լարված քննարկման»։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի պաշտոնավարման շրջանում համայնքային բյուջեից շուրջ 28 մլն դրամ է ուղղվել նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և կազմման խորհրդատվական ծառայություններին։

Ուշագրավ է, որ նշված վճարումները կատարվել են 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝ նախընտրական շրջանում։

Խոսքը ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի և համայնքի բնակավայրերի այգիների, մանկապարտեզների ու բակերի բարեկարգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և կազմման ծառայությունների մասին է։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տվյալների՝ համայնքային բյուջեից կատարվել են հետևյալ վճարումները։

• 25.09.2026 – 3 870 600 դրամ

• 30.09.2026 – 3 710 000 դրամ

• 30.09.2026 – 1 870 000 դրամ

• 30.09.2026 – 7 385 000 դրամ

• 30.09.2026 – 7 180 000 դրամ

• 06.10.2026 – 883 000 դրամ

• 06.10.2026 – 882 000 դրամ

• 06.10.2026 – 3 000 000 դրամ

Ընդհանուր՝ 28 780 600 դրամ կամ մոտ 77 հազար ԱՄՆ դոլար։

Հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված այդքան մեծ ծավալի խորհրդատվական ծառայությունների պատվիրումը նախընտրական շրջանում, ի՞նչ աշխատանքներ են իրականում կատարվել, արդյո՞ք դրանց արդյունքները համապատասխանում են վճարված գումարներին։

Համայնքային բյուջեի միջոցների ծախսման արդյունավետությունն ու թափանցիկությունը հանրային վերահսկողության կարևոր հարցեր են։ Հատկապես երբ խոսքը նախընտրական շրջանում կատարված միլիոնավոր դրամների վճարումների մասին է։

Աննա Հանյան»։

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Նոյեմբերյանի զորամասերից մեկում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայող զինվորը փորձել է իրեն վնասել: Ասացին, որ այդ քայլին գնացել է պարտքերի պատճառով։ Նա Նոյեմբերյանի Կողբ համայնքից է եւ այժմ գտնվում է Վանաձորի զինվորական հոսպիտալում:

Դեպքի հետ կապված՝ Վանաձորի զինվորական հոսպիտալից մեզ ասացին. «Դուք զինվորական հոսպիտալ եք զանգահարել, մենք իրավունք չունենք որեւէ տեղեկություն Ձեզ տալ»: Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ, որն ասաց, որ նման նկարագրությամբ դեպքի մասին տեղեկություն առկա չէ:

Նոյեմբերյանի համայնքապետի օգնական Գեղամ Ջիլավյանը, որի վրա է դրված Կողբի վարչական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարելու գործը, մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման դեպք է եղել: Զինծառայողը, որը, մեր տեղեկություններով, կրակել է ոտքին, Նոյեմբերյանի հիվանդանոցում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել Վանաձորի զինվորական հոսպիտալ:

Ի դեպ, ՊՆ-ն, որպես կանոն, նման դեպքերի մասին հաղորդագրություն է տարածում կամ տեղեկատվություն է տալիս միայն այն ժամանակ, երբ հասկանում է, որ դեպքը հնարավոր չէ թաքցնել։

Send