Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Ինչ էին իրականում «փնտրում» Արցախի ներկայացուցչությունում, Ինչ ծրագրեր ունեն արտախորհրդարանական ուժերը. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Հրապարակ»․ թերթը գրում է․

Դեկտեմբերի 10-ին Արցախի ներկայացուցչությունում հրավիր­ված լսումների ժամանակ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը փակված չէ, եւ կոչ է արել շարունակել պայքարը Արցախի ինքնորոշման եւ արցախցիների վերադարձի համար։ Դրանից բառացիորեն մի քանի ժամ հետո Համբուրգում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «ղարաբաղյան հարցը փակված է», վերադարձի թեման՝ «խիստ վտանգավոր», եւ առաջարկեց Ադրբեջանին՝ փակել իրար հետ կապ չունեցող 2 հարց՝ Արցախ վերադարձի եւ «Արեւմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների վերադարձի թեմաները։ Սա թերեւս նրան քիչ թվաց եւ երեկ, դեռ Հայաստան չվերադարձած, հրահանգեց ուժայիններին` մտնել Արցախի ներկայացուցչություն՝ խուզարկել։

Մի քանի ժամ տեւած քննչական գործողությունների ընթացքում ՔԿ-ն հրաժարվում էր ասել, թե ինչ գործի շրջանակներում են խուզարկում: Թեեւ ակնհայտ է, որ փորձում էին բռնել արցախցիների վախը, որ չխոսեն Արցախի եւ տունդարձի մասին։ Մենք տեղեկացանք, որ քննիչները ձեռնունայն են դուրս եկել ներկայացուցչությունից, փնտրել են ԱՀ Ներդրումային հիմնադրամի վերաբերյալ ինչ-որ փաստաթղթեր, այն դեպքում, որ ԱՀ նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը նախորդ տարի ինքնակամ դիմել էր իրավապահներին, թե` ուսումնասիրեք հիմնադրամի գործունեության հետ կապված կասկածները։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ համապետական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտում առայժմ ակտիվ են Ռոբերտ Քոչարյանի կողմից գլխավորած «Հայաստան» դաշինքը եւ բարերար ու գործարար Սամվել Կարապետյանի կողմից նոր ձեւավորված «Մեր ձեւով» շարժումը։ Մնացածները կուլիսային աշխատանքների մեջ են կամ, լավագույն դեպքում, գրասենյակներ են հիմնում, բացում, վերաբացում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մի շարք արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր պարբերաբար հանդիպումներ են ունենում՝ քննարկելու համապետական ընտրություններին ընդառաջ իրենց անելիքները։ Մեր տեղեկությունների համաձայն՝ այդ ուժերն են «Հայ ազգային կոնգրես»-ը (ՀԱԿ), «Սասնա ծռեր»-ը, «Ապրելու երկիր»-ը, «Նժար» սահմանադրական շարժումը, «Հաղթանակ» կուսակցության նախագահ, քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանը եւ այլք։

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամ Գեւորգ Սաֆարյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց մեր տեղեկությունները, որ իրենք պարբերաբար հանդիպում-քննարկում են ունենում վերոնշյալ ուժերի հետ։

«Ես նման տեղեկություն չունեմ։ Բազմաթիվ մարդկանց հետ քննարկումներ ունենում ենք, որոնց մասին հանրայնացնում ենք:

Այն հարցին, թե ունեցել են հանդիպում «Միասնության թեւեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանի հետ, Սաֆարյանը կրկին նշեց, որ տեղյակ չէ։

Անդրադառնալով համապետական ընտրություններին մասնակցելու եւ իրենց կողմից թեկնածու առաջադրելու հանգամանքին՝ Սաֆարյանը նշեց, որ առայժմ համապետական ընտրություններին մասնակցելու որոշում չունեն»։

 

Send