Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ՄՇԱԿՈՒՅԹ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Գիքորը» ֆիլմի գլխավոր դերակատարն արդեն 55 տարեկան է

Blog Image

«Գիքորը» հայտնի ֆիլմի գլխավոր դերակատար Ալբերտ Ղուլինյանն այսօր նշում է ծննդյան 55-ամյա տարեդարձը։

Հովհաննես Թումանյանի համանուն պատմվածքի հիման վրա «Գիքորը» նկարահանվել է 1982 թվականին։ Դերակատարն ընտրվել էր Թումանյանի ծննդավայրից՝ Դսեղից, որտեղ առ այսօր շարունակում է ապրել Ալբերտը։ Գյուղում, սակայն, նրան մեծից փոքր Գիքոր են ասում։

Ալբերտն ընդունեց MediaHub-ի շնորհավորանքները, ապա պատմեց, որ ծնունդը նշում է ընտանիքի ու ընկերների հետ՝ հայրենի Դսեղում։ «Գիքոր» ֆիլմի նկարահանումներից 44 տարի անց Ալբերտը կրկին ստացել է ֆիլմում նկարահանվելու առաջարկ։ «Առաջարկը ստացել եմ Ռուբեն Եսայանից։ Իր հեղինակային՝ «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գրքի հիման վրա ֆիլմ ենք նկարել։ Այն արդեն պատրաստ է և ճանաչողական, ուսուցողական առումով բավականին լավ է ստացվել։ Պրեմիերան արդեն կայացել է»,- նշեց Գիքորը՝ Ալբերտ Ղուլինյանը։

Նշենք, որ «Գիքոր» ֆիլմում նկարահանվելուց հետո Ալբերտ Ղուլինյանը փորձեց շարունակել իր ճանապարհը կինոյում։ Նա ավարտեց կինոտեխնիկումը, սակայն դերասանական կարիերան այդպես էլ չշարունակվեց։ Նոր ֆիլմերում կամ թատրոնում նկարահանվելու առաջարկներ չստանալով՝ Ալբերտը վերադարձավ հայրենի Դսեղ և շարունակեց իր կյանքը գյուղում։

Տարիները փոխեցին նրա կյանքը, սակայն չջնջեցին այն կերպարը, որով նա դեռ մանկուց մտավ հայ հանդիսատեսի հիշողության մեջ։ «Գիքորը» դարձավ ոչ միայն նրա ամենահայտնի, այլև, տարիներ շարունակ, միակ կինոդերերից մեկը։ Այդ կերպարը կարծես միաձուլվեց Ալբերտի անվանը․ Դսեղում նրան Ալբերտ ասելուց առաջ հաճախ Գիքոր են ասում, իսկ հանրության համար նա մինչ օրս այն փոքրիկ տղան է, որը Թումանյանի պատմության հերոսին մարմնավորեց էկրանին։

44 տարի անց կինոն, կարծես, կրկին վերադարձավ Ալբերտի կյանք։ Այս անգամ արդեն ոչ թե մանկության անմոռանալի կերպարի, այլ նոր պատմության միջոցով։

Իսկ «Գիքորը» շարունակում է ապրել՝ արդեն ոչ միայն ֆիլմում, այլև Ալբերտ Ղուլինյանի կյանքում։ Եվ որքան էլ տարիները հեռացնեն նրան 1982 թվականի նկարահանումներից, հայ հանդիսատեսի հիշողության մեջ նա, միշտ մնալու է նույն Գիքորը՝ Թումանյանի հերոսը, որը մի ամբողջ սերնդի համար դարձավ անմոռանալի։

Հունան Թադևոսյան

Send