«Հրապարակ» թերթը գրում է․
Անցած կիրակի Փաշինյանը պատարագի չգնաց, այլ ՔՊ-ի «ուրախ ավտոբուսով» կուսակցական քարոզարշավի էին դուրս եկել: Իրականում պետական բյուջեի հաշվին նախընտրական քարոզչությամբ էին զբաղված։ Մեզ հասած տեղեկություններով՝ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը հրաժարվել է եկեղեցու դեմ պայքարի գաղափարից: Զանգահարեցինք թեմի առաջնորդին, խնդրեցինք մի քանի հարցի պատասխանել. «Էս պահքի շրջանում հարց մի տվեք, բերեք ես օրհնեմ Ձեզ և ձեր ընտանիքը, խաղաղվեք»,-ասաց նա ու անջատեց հեռախոսը եւ այլեւս մեր զանգերը մնացին անպատասխան:
Իրենց տված ուխտը ուրացած, Փաշինյանի` եկեղեցու «բարենորոգման» ծրագրին միացած տիրադավները, թերեւս, սկսում են գիտակցել, որ Փաշինյանը պարտվել է Հայ եկեղեցու դեմ պայքարում, հոգևորականների մեծամասնությունը, հայ ժողովուրդը Եկեղեցու կողքին են, ուստի չի բացառվում, որ առաջիկայում որոշ եպիսկոպոսներ էլ իրենց որոշումներում «հետողորմյա» անեն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ընթացքում իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ամբիոնից հայտարարեց, թե ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը պետք է հայտնի, թե որտեղ է աշխատում իր հայրը։
Ի պատասխան՝ Աննա Գրիգորյանը պարզաբանեց, որ իր հայրը ողջ կյանքում եղել է միջին օղակի պետական ծառայող և մինչ այժմ շարունակում է աշխատել համակարգում ու ենթարկվում է տարաբնույթ ճնշումների։ Պատգամավորը նաև ընդգծեց, որ վերջին շրջանում իր ընտանիքի նկատմամբ տարբեր ճնշումներ են գործադրվում։ Նրա խոսքով՝ եղբայրը, որը երկար տարիներ պետական համակարգում ծառայել է, պարզապես հեռացվել է աշխատանքից՝ իր ընդդիմադիր քաղաքական դիրքորոշման պատճառով։
Այս հայտարարությունների ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է, թե ով է իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, նրա հայրը և ինչ ճանապարհով է նա հասել խորհրդարան։
Տեղեկացնենք, որ մինչ իշխանական թիմին միանալը, Հասմիկ Հակոբյանը 2014-2015 թթ. աշխատել է «Ա Թիվի» հեռուստաընկերության սցենարիստ-լրագրող «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարում։ Այնուհետև՝ որպես գործավարուհի Արթուր Բաղդասարյանի կողմից հիմնադրված Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում, որի մասին բազմիցս գրվել է։ Հետագայում նա ներգրավվել է «Օրինաց երկիր» կուսակցության մեդիա արշավներում և աշխատել որպես փաստացի կուսակցության քարոզիչ կուսակցական Հ3 հեռուստաալիքում։
Քաղաքական իրադարձությունների փոփոխությունից հետո Հակոբյանը դարձավ արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզիչ՝ աշխատելով հայտնի գործարարի լրատվական կայքում։ Ավելի ուշ նա աշխատել է նաև որպես Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օգնական։ Հետո, երբ Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահ դարձավ, Հակոբյանն ու իր բարեկամները առաջընթաց գրանցեցին։
Հենց այդ շրջանում, թերևս օգտագործելով ԱԺ նախագահի հետ ունեցած մտերմությունը, Հասմիկ Հակոբյանը խորհրդարանում աշխատանքի է տեղավորել մի շարք ծանոթների և հարազատների, որոնց մասին Ժողովուրդը վաղուց է գրել https://armlur.am/1297243/։
Հիշեցնենք, որ նրա հայրը՝ Արմեն Հակոբյանը, որը մինչև այդ որևէ տեղ չէր աշխատել, աշխատանքի է ընդունվել Ազգային ժողովի վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում։ Նա նաև բենզինի կտրոններն է բաշխում։
Բացի այդ, նրա ազգական Նինա Հակոբյանը աշխատանքի է տեղավորվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մոտ՝ որպես գործավարուհի, քրոջ ամուսինը՝ Վարոն, դարձել է Ալեն Սիմոնյանի վարորդ։
Հասմիկ Հակոբյանի միջամտությամբ խորհրդարանի բուժկետում աշխատանքի են ընդունվել նաև նրա շրջապատի մի քանի անձինք, այդ թվում՝ բուժքույր Լիլիթ Օհանյանը։ Իսկ իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ է նշանակվել Մարի Ստեփանյանը։
Այսպիսով, ընդդիմադիր պատգամավորի ընտանիքի զբաղվածությամբ հետաքրքրվող իշխանական պատգամավորի պարագայում հարցեր են առաջանում արդեն իր քաղաքական կենսագրության և խորհրդարանում ձևավորված կադրային նշանակումների շուրջ, որոնցով պետք է զբաղվեն իրավապահները։ Բա ԽԾԲ-ն մերժում էիք»։
«Հրապարակ» թերթը գրում է.
Եկեղեցու եւ Վեհափառի դեմ արշավում «թայմաութ» վերցնելու պատճառը, ըստ որոշ տեղեկությունների, Սեւանի եկեղեցու պատարագն է եղել, որին առանց նախապատրաստվելու մասնակցելով` Նիկոլ Փաշինյանը հույս է ունեցել, որ իրեն տեսնելով՝ քահանան կվախենա ու կզեղչի կաթողիկոսի անունը։ Սակայն, կարելի է ասել, թարս ապտակ է ստացել, քանի որ պատարագ մատուցող քահանան չի շեղվել կանոնական կարգից եւ հնչեցրել է կաթողիկոսի անունը։ Փաշինյանն այդ պատարագը, ըստ իր շրջապատի, ծանր է տարել եւ հասկացել, որ իր հակաեկեղեցական գործողությունները դրական ընկալում չեն գտնում հանրության մեջ։ Ուստի թիմին ասել է, որ նախընտրական շրջանում պետք է մոռանան այս թեմայի մասին՝ այն նկատառումով, որ եթե ընտրություններում հաղթեն, «Կտրիճ Ներսիսյանը» մնալու շանս չունի` ինքնակամ կհեռանա։

Русский