Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Վերլուծական

Փաշինյանի համոզմամբ՝ իր նման ղեկավար աշխարհում քիչ կա. ցավալիորեն այդ հարցում նա ճիշտ է

Blog Image

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, որ եթե քաղաքացիները համաձայն չեն իր քաղաքական գծի հետ, ապա թող հեղափոխություն անեն` միաժամանակ համոզմունք հայտնելով, որ աշխարհում շատ չեն եղել այնպիսի ղեկավարներ, որոնք ժողովրդին հեղափոխություն անելու կոչով եմ դիմել։

Այո, շատ չեն եղել, որովհետև հիմնականում ղեկավարները եղել են կա՛մ բռնապետ, կա՛մ ժողովրդավար, և իրոք քչերն են հանդիսացել այդ երկուսի հիբրիդը, իսկ Նիկոլ Փաշինյանը պատկանում է հենց այդ հիբրիդային տարբերակին, որը գործով բռնապետ է, խոսքով՝ ժողովրդավար։ Հեղափոխությունից ու ընդհանրապես իշխանափոխությունից չվախեցող մարդը չէր թաքնվի իրավապահ ու դատական համակարգերի հետևում ու չէր միաձուլի այդ երկուսին` օգտագործելով որպես պատժիչ մահակ հեղափոխություն անողների կամ իշխանափոխության ձգտողների դեմ, վկան՝ իրավապահ մարմինների այն ծառայողներն են, որոնք ցուցադրական վայրենությամբ ձերբակալում են ընդդիմադիր գործիչներին, այն քննիչները, որոնք մեղադրանքներ են (հաճախ անհեթեթ ու ծիծաղելի) առաջադրում ձերբակալվածներին, այն դատավորները, որոնք կալանքի վճիռներ են կայացնում մեղադրվողների նկատմամբ, վկան այն քաղբանտարկյալներն են, որոնց հիմնական ու միակ «հանցանքն» այն է, որ ցանկանում էին նույնիսկ ոչ թե հեղափոխություն, այլ իշխանափոխություն անել։

Իշխանությունը հեշտությամբ կորցնելու պատրաստ մարդը չէր առաջնորդվի երկստանդարտ մոտեցումներով ու կունենար հստակ սկզբունքներ, կգործեր համապատասխան այդ համոզմունքների, հետևաբար չէր փորձի կուսակրոնության ուխտը «խախտածին» փոխել կուսակրոնության ուխտը խախտածով, եթե դա, իր պատկերացմամբ,  անհանդուրժելի մեղք է կամ աններելի խախտում։

Իրական կայուն արժեհամակարգ կրող մարդն իր կողմից մինչ իշխանության գալը դատապարտվող արատավոր երևույթներին չէր տա օրինական տեսք ու պատգամավորներին նախկինում բաժանվող ծրարները չէր կրկնապատկի ու փոխարինի պետական բյուջեով։

Իրական անվախ ղեկավարը անվախ կլիներ բոլոր պայմաններում ու բոլորի հանդեպ ու արտաքին քաղաքականությունում, հատկապես Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների հետ հարաբերություններում ողորմություն մուրացող ու խղճուկ կերպարից ներքին քաղաքականությունում չէր փոխակերպվի ՀՀ քաղաքացիների վրա հոխորտացողի։

Վերջապես բարոյական մարդը, եթե հասկանար, որ իշխանության է եկել այլ սկզբունքներով, սակայն բախվել է այլ իրավիճակի, ոչ թե 180 աստիճանով կփոխեր իր դիրքորոշումները, այլ պարզապես կհեռանար, քանի որ երբ մինչ պատերազմը «Արցախը Հայաստան է ու վե’րջ» գոռգոռացող ղեկավարը պատերազմից հետո հայտարարում է, որ «Արցախը Ադրբեջան է ու վե’րջ», ապա դա ոչ թե պրագմատիկ քաղաքականություն է, այլ պարտվածի, ստորացվածի ու միաժամանակ իշխանությունն ամեն ինչից վեր դասողի պահվածք։ Դիրքորոշումների նման ռադիկալ փոփոխությունը ցույց է տալիս, որ ոչ մի իրական դիրքորոշում երբևէ չի էլ եղել, որ նման մարդը երբեք որևէ արժեք չի դավանել, որևէ գաղափարախոսություն չի կրել…այնպես որ նախ ազատ արձակիր բոլոր քաղբանտարկյալներին, դուրս արի իրավապահ ու դատական համակարգի թիկունքից, շնորհակալություն մի հայտնիր Էրդողանին ու Ալիևին, ԵՄ-ից ընտրությունների համար օգնություն մի մուրա, հետո նոր հեղափոխություն անելու կոչ հնչեցրու։

Կարեն Կարապետյան

Send