Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Մեր սեղանի կաթնամթերքը վտանգավո՞ր է. մասնագետը ահազանգում է

Blog Image

Հայաստանի կաթնամթերքի շուկայում իրականացված լաբորատոր հետազոտության արդյունքները մտահոգիչ հարցեր են առաջացրել։

Հայտնի արտադրողների մի շարք ապրանքատեսակների նմուշներում արձանագրվել են մանրէաբանական շեղումներ։ Խոսքը ոչ միայն առանձին արտադրողների պատասխանատվության, այլ նաև սննդամթերքի անվտանգության վերահսկողության արդյունավետության մասին է։
 
Կաթը, թթվասերն ու կաթնաշոռը շատերի ամենօրյա սննդակարգի անբաժանելի մասն են, իսկ երեխաների համար՝ հաճախ սննդի կարևոր բաղադրիչ։ Հետևաբար, երբ լաբորատոր հետազոտությունը խնդիրներ է բացահայտում այս շուկայում, հարց է առաջանում՝ որքանո՞վ կարող է սպառողը վստահ լինել իր գնած ապրանքի անվտանգության հարցում։
 
MediaHub-ը թեմայի շուրջ խոսել է և՛ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցչի, և՛ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ։
 
ՍԱՏՄ-ից MediaHub-ին հայտնել են, որ վերահսկողությունը ուժեղացնելու կամ թուլացնելու հարց չկա․ կա՛մ վերահսկողություն իրականացվում է, կա՛մ ոչ։ Ըստ կառույցի՝ վերահսկողությունն իրականացվում է օրենքին համապատասխան։
 
Սակայն եթե վերահսկողություն կա, ինչո՞վ են պայմանավորված արձանագրված խախտումները, և ի՞նչն է թույլ տալիս, որ նման խնդիրներ հայտնաբերվեն շուկայում։
 
Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ պատճառները կարող են տարբեր լինել, և հատկապես ուշադրության կարիք ունի կաթնաշոռի շուկան։ «Շատ կարևոր է պրոֆեսիոնալիզմը, թե ինչպես ենք վերաբերվում խնդիրներին։ Օրինակ՝ կաթի շուկայում բավականին լավ է պատկերը, թթվասերի շուկայում էլ է լավ պատկերը։ Այնուամենայնիվ, կաթնաշոռի շուկայում նկատել ենք մեծ խնդիրներ։ Այստեղ պատճառները կարող են տարբեր լինել, և դիմել ենք ՍԱՏՄ-ին, որպեսզի ուսումնասիրության ընթացքում անպայման անդրադառնան այն կետերին, որոնցով կարող են պայմանավորված լինել այդ խնդիրները։ Բիզնեսն էլ է փորձում քայլեր ձեռնարկել, դրսից մասնագետներ են հրավիրում, որպեսզի որակ ապահովեն։ Բայց բիզնեսը պետք է հասկանա, որ ավելի լավ է մեկ անգամ ստուգվի և լավ ստուգվի, որպեսզի այլևս խնդիր չունենա, քան ստուգումները ձևական բնույթ կրեն, և երկու ամիս անց պարզվի, որ կրկին խնդիր կա»,- նշեց Պիպոյանը։
 
Արդյո՞ք կաթնամթերքի շուկայում իրավիճակը վատթարացել է նախորդ տարիների համեմատ, թե՞ որոշակի դրական տեղաշարժ կա։
 
Պիպոյանը նշում է, որ անցած տարի նման մոնիթորինգ չի իրականացրել, ուստի վերջին երկու տարիների վերաբերյալ հստակ համեմատություն անել չի կարող։ Այդուհանդերձ, ավելի վաղ իրականացված ուսումնասիրությունների համեմատ՝ որոշակի առաջընթաց կա։ «Ես անցած տարի մոնիթորինգ չեմ արել, բայց մեր նախորդ՝ ավելի վաղ արված մոնիթորինգի համեմատ հիմա ավելի լավ է։ Դրական դինամիկա, իհարկե, ունենք, բայց մեղմացնող հանգամանքը չի կարող գոհացուցիչ լինել»,- ընդգծեց նա։
 
Այսինքն՝ որոշակի բարելավումը դեռևս չի նշանակում, որ խնդիրը լուծված է։ Սննդամթերքի անվտանգության հարցում անգամ մեկ չլուծված խնդիր կարող է լուրջ հետևանքներ ունենալ։

Մինչ պատասխանատու կառույցներն ու արտադրողները պետք է պարզեն խախտումների պատճառներն ու վերացնեն դրանք, սպառողն էլ ունի իր անելիքը։ Սակայն արդյո՞ք քաղաքացին կարող է խանութում ինքնուրույն գնահատել գնվող կաթնամթերքի անվտանգությունը։
 
Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ կարևոր է առաջին հերթին ուշադրություն դարձնել ապրանքի պահման պայմաններին։ «Ունենք դեպքեր, երբ կաթնամթերքը խանութում դրված է սառնարանում, բայց սառնարանում ջերմաչափ չկա, և մենք չգիտենք՝ ջերմային ռեժիմն ապահովվե՞լ է, թե՞ ոչ։ Քաղաքացին միակ բանը, որ կարող է ուշադրությամբ բացահայտել, այն է՝ պահման պայմանները պահպանվա՞ծ են, թե՞ ոչ։ Պետք է վնաս չտալ արտադրողին, թույլ տալ, որ արտադրողը կայանա, բայց արտադրողը չպետք է կայանա սպառողի առողջության հաշվին»,- եզրափակեց Պիպոյանը։
 
Ալիտա Եղիազարյան

Send