Այն, որ սննդի արտադրության և իրացման ոլորտում մենք լուրջ խնդիրներ ունենք մարդու առողջության, կյանքի անվտանգության հետ կապված, վաղուց բացահայտված և ցավալի իրողություն է։ Դրա մասին այսօր գրում են բոլորը, ովքեր չեն ալարում, դրա մասին բարձրաձայնում են համատարած, քանի որ խնդիրներն ամենուրեք են ու համակարգային այնքան, որ ահազանգերն էլ սովորական են դարձել քաղաքացիների համար, որոնք հայտնվել են անելանելի վիճակում։ Դա նման է գիտակցված համազգային ինքնասպանության, որից փրկություն չկա՝ կամ պետք է ռիսկի դիմել և ուտել վստահություն չներշնչող սնունդը, կամ սովամահ լինել, հիվանդանալ սննդային անբավարարությունից։ Քաղաքացիների կյանքի, առողջության հոգածությունը ստանձնած իշխանություններն այս խնդիրը լուծելու որևէ մտադրություն չունեն, այլապես համակարգում կտրուկ փոփոխություններ իրականացված կլինեին՝ կառուցվածքային փոփոխություններից մինչև պաշտոնանկություններ և պաշտոնյաների ու տնտեսվարողների դեմ քրեական գործերի հարուցում։
Փաշինյանը և նրա թիմը չեն դադարում խոսել խաղաղությունից՝ դա հանրությանը հրամցնելով իբրև իրենց մասին հոգածության բարձրագույն դրսևորում։ Բայց հակասությունը նրանում է, որ սննդի անվտանգության ոլորտում նման հոգածություն չի ցուցաբերվում, ինչն արդեն հստակ ցույց է տալիս, որ իրականում իշխանության հոգը չէ իր ժողովուրդը, նրա առողջությունն ու կյանքը։ Սննդի անվտանգության ոլորտում խնդիրները եղել են բոլոր իշխանությունների օրոք, բայց որքան էլ հենց իշխանությունների ներկայացուցիչները խոսում են դրա մասին, հասկացնում, որ իրենք տեղյակ են խնդրահարույց վիճակի մասին, ոլորտում որևէ բան դեպի դրականը չի փոխվում։ Հակառակը՝ խնդիրները դառնում են առավել ահագնացող, և քաղաքացիներն էլ հասկանում են, որ այդ խնդիրների կանխման ու իրենց առողջության պահպանության հարցում բացարձակ չեն կարող հույս կապել իշխանությունների ու այդ ոլորտում նրանց վարած քաղաքականության հետ։
Ժամանակին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադառնալով սննդամթերքի անվտանգության և որակի ապահովման խնդրին՝ «շանտղություն» էր համարել ոլորտում տիրող բարձիթողի վիճակն ու անպատասխանատու վերաբերմունքը՝ ասելով, որ փաստացի սննդի անվտանգության ոլորտը վերահսկող կառույցները կամ չեն հետևում, թե մեր երեխաները, հարսները, աղջիկներն ինչ են ուտում, կամ էլ թույլ են տալիս, որ նրանք այդ վտանգավոր սնունդն օգտագործեն։ Շանտղությունը մեղմ, չափազանց մեղմ որակում է, որը կարելի է տալ հասարակ չարաճճիություն անելու համար։ Այս դեպքում մենք ավելի շուտ գործ ունենք հանցագործության հետ, ինչպիսին է մարդու կյանքին միտումնավոր վնաս հասցնելը։ Դրսում քսանմեկերորդ դարն է, այսօր արդեն արհեստական բանականություն են մարդիկ կիրառում և չեն կարող չիմանալ, թե սննդի արտադրության, իրացման ոլորտում իրենց անթույլատրելի, անօրինական քայլերն ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ։
Նույնն է և իրավասու գերատեսչությունների պարագայում, որոնցում հույս ունենք, որ մեծ մասամբ մասնագետներ են աշխատում, և նրանք չեն կարող տեղեկացված չլինել, թե սննդի անվտանգության անվերահսկելիության դեպքում ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ քաղաքացիների առողջության համար։ Նույնն, ի դեպ, վերաբերում է իրավապահ համակարգին, որը զբաղվում է երկրում հանցագործությունների բացահայտմամբ։ Արդյո՞ք սննդի անվտանգության ոլորտում տեղի ունեցող կամայականությունները հանցագործությունների շարքում չեն, թե՞ միայն իշխանություններին քննադատող օգտատերերն են «ծանր հանցագործներ» համարվում և հետապնդվում անգամ քրեական հոդվածներով, իսկ հանրային սննդի ոլորտում համատարած թունավորման ու հանրային առողջությանը հասցվող անվերականգնելի վնասը զուտ օրենքի խախտում է, որի համար տնտեսվարողին կարող են միայն տուգանել, փակել օբյեկտը, ոչնչացնել վտանգավոր սնունդը և վերջ։ Եվ գործը ՍԱՏՄ-ի տիրույթից այն կողմ չպետք է անցնի՝ ՆԳՆ, մարդու առողջության համար պատասխանատու այլ տեսչական կառույցներ։
Դիցուք, վերջերս սոցիալական ցանցերում լայնորեն տարածվեց և հանրային հնչեղություն ստացավ մի տեսագրություն, որում ակնհայտ երևում էր, թե Սարյան 33/4 հասցեում գործող պտուղ-բանջարեղենի խանութի աշխատակիցը միջատասպան «Դիխլոֆոս» տեսակի նյութ է փչում վաճառվող մրգերի վրա։ Տեսանյութի հեղինակը պատահաբար տեսել էր դա և հեռախոսով արձանագրել՝ աշխատակցուհուն մեղադրելով մարդկանց թունավորելու մեջ։ Նա էլ չէր փորձել թաքցնել իր մեղքը, դեռ հոխորտացել էր տեսանյութի հեղինակի վրա, թե լավ է անում, ինքը կարող է իր խանութից գնումներ չանել։
Տեսագրությանն արձագանքելով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ էր ձեռնարկել, և խանութում վաճառվող մրգերից նմուշներ էին վերցվել։ Այօր արդեն ՍԱՏՄ-ն տեղեկություն տարածեց, որ ըստ լաբորատոր փորձաքննության արձանագրության՝ նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ։ Google-ի միջոցով կարելի է պարզել, թե միջատասպան այդ նյութը մարդու օրգանիզմում հայտնվելով՝ ինչ վնասակար ազդեցություն կարող է ունենալ։ Այն կարող է լուրջ վնաս հասցնել մարդու նյարդային, շնչառական, մարսողական համակարգերին՝ թունավորում առաջացնելով։ Մրգերի և բանջարեղենի վրա հայտնվելով՝ այն ներծծվում է դրանց կեղևի և միջուկի մեջ, ուստի սովորական լվանալը կամ կեղևազրկելը չի վերացնում թույնը, հետևաբար այդ գյուղմթերքը պետք է ամբողջությամբ վերացնել։
Ինչը և արել է ՍԱՏՄ-ն տվյալ գյուղմթերքի իրացման խանութում՝ նաև տուգանելով տնտեսվարողին։ ՍԱՏՄ մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը MediaHub-ին տեղեկացրեց, որ իրենց կառույցը գյուղատնտեսական մթերքներ իրացնող խանութը և ընդհանրապես իրացման ցանց փակելու իրավասություն չունի. արտադրություն և հանրային սննդի կետ փակելու գործառույթ միայն ունի կառույցը։ Իսկ իրացման ցանցերում իրավասու է միայն տուգանելու և ապրանքը խանութից հանելու։ Անուշ Հարությունյանի տեղեկացմամբ՝ տնտեսվարողը նաև մեծ քանակությամբ թունավորված ապրանք է ոչնչացրել։
Զավեշտն այն է, որ իրացման այդ կետն այսօր էլ շարունակում է մարդկանց գյուղմթերք առաջարկել, և հավանաբար շատերը, որոնք տեսանյութը չեն դիտել և տեղյակ չեն իրացման կետի աշխատակիցների անօրինությունների մասին, շարունակում են այդտեղից գյուղմթերք գնել։ Հայտնի չէ՝ շարունակո՞ւմ է տնտեսվարողը նույն սկզբունքայնությամբ պայքարել միջատների դեմ, որպեսզի նրանք չփչացնեն իր ապրանքը, և ինքը կարողանա հնարավորինս շատ եկամուտ ստանալ՝ մարդկանց, նաև անչափահաս երեխաների, հիվանդների, ծերերի առողջության հաշվին։ MediaHub-ը հետևողական կլինի և կփորձի նաև ՆԳՆ-ից պարզել, թե ինչու է մինչև հիմա իրացման այդ կետը գործում և սննդամթերք իրացնում, արդյո՞ք տեսանյութի հիման վրա, որը կարող էր որպես հանցագործության մասին հաղորդում համարվել, գործ հարուցվել է տվյալ խանութի սեփականատիրոջ կամ աշխատակցի նկատմամբ, թե ոչ։
Ցավոք, հանրային ընկալման մեջ այս դեպքը եզակի չի համարվում։ Մարդիկ կորցրել են իրենց վստահությունը հանրային սննդի իրացման, արտադրության հետ գործ ունեցող տնտեսվարողների նկատմամբ, և փաստորեն ստացվում է՝ եթե անհատների աչալրջությունը չլինի, ապա նման դեպքերը շարունակելու են չբացահայտված մնալ, ու ընտանիք պահելու, ընտանիքի հոգսերը հոգալու անվան տակ այսպես կոչված բիզնեսմենները շարունակելու են վտանգել մյուսների առողջությունը՝ չմտածելով, որ միգուցե իրենց տան համար այլ տեղից գնված ապրանքը ևս վտանգավոր է և ուտելու համար բոլորովին պիտանի չէ։ Դժվար թե իրենք իրենց երեխաներին սեփական ձեռքով «Դիխլոֆոսով» մշակած գյուղմթերքով կերակրեն։ Բայց ինչո՞ւ են նրանք վստահ, որ միակ «շան տղեն» իրենք են, և երևույթը համատարած չէ։
Ի դեպ, ՍԱՏՄ-ն խոստացել է, որ այլ վաճառակետերից ևս պտուղ-բանջարեղենից նմուշներ կվերցվեն և կներկայացվեն լաբորատոր փորձաքննության՝ մնացորդային նյութերի ուսումնասիրության միջոցով պարզելու, թե արդյոք միջատասպան նյութի կիրառման նման դեպքերը կրկնվում են նաև այլ իրացման կետերում։ Իսկ «չար լեզուներն» ասում են, որ գյուղմթերքը «Դիխլոֆոսով» մշակելու փորձը «բարի» ավանդույթ է դարձել իրացնողների համար, որոնք իրենց մթերքը պաշտպանում են վնասատու միջատներից, որպեսզի այն չկորցնի իր ապրանքային տեսքը։ Դե ինչ, սպասենք ՍԱՏՄ-ի բացահայտումներին, ինքներս էլ փորձենք զգոն լինել՝ իրացման կետերում աչքներս չորս արած՝ միջատասպան հեղուկներ փնտրելով։
Թագուհի Ասլանյան

Русский