«Համերաշխությունը միասին կանգնելն է այն ճշմարտությունների վրա, որոնք մեզ մարդկայնացնում են։ Մեզ միավորում է ոչ միայն ընդհանուր շահը, այլև ընդհանուր մարդկային արժանապատվությունը, որ ոչ ոք իրավունք չունի մեզնից խլելու կամ մեզ ստիպելու հրաժարվել դրանից»,- Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում՝ Սուրբ Գևորգ Զորավարի տոնի առիթով քարոզի ժամանակ ասել է Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։
Ռուբեն Սրբազանի քարոզն ամբողջությամբ.
«Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մտթ. Ժ 28)։
Սիրելի՛ ուխտավորներ,
Այսօր Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում, Սուրբ Գևորգի սրբազան մասունքի ներկայությամբ, ունկնդիր ենք Քրիստոսի այս խոսքին՝ որպես քաջության և ազատության պատգամի, որով բացահայտվում է քրիստոնեական նահատակության բուն էությունը։ Երբ մարդը կանգնում է ընտրության առաջ՝ պահպանե՞լ իր մարմինը՝ ուրանալով իր հավատքն ու խիղճը, թե՞ հավատարիմ մնալ ճշմարտությանը՝ անգամ կյանքի գնով, նահատակը չի տատանվում։ Ուրեմն մարդուն նահատակ չի դարձնում պարզապես մահը։ Նրան նահատակ դարձնում է այն պատճառը, որի համար նա պատրաստ է կյանքն ընծայել։ Եկեղեցու հայրերից մեկի ձևակերպմամբ՝ «Ոչ թե պատիժն է նահատակ դարձնում, այլ պատճառը»։
«Ով որ մարդկանց առջև ինձ խոստովանի, ես էլ նրան կխոստովանեմ իմ երկնավոր Հոր առաջ»,- ասում է Տերը։ Նահատակը մեռնում է Քրիստոսի համար, որովհետև Քրիստոսին չի ուրանում։ Նա կանգնում է այս աշխարհի իշխանության առջև՝ որպես կենդանի վկայություն այն ճշմարտության, որ «լույսը խավարի մեջ լուսավորում է» (Հովհ. Ա 5), և այդ Լույսը Քրիստոսն է՝ մարմնացած Աստված։
Աստծո արքայության և «այս խավար աշխարհի տիրակալների» (Եփես. Զ 12) միջև պայքարը հաճախ անտեսանելի է, բայց նահատակի մեջ այն դառնում է բացահայտ և անձնական․ նա իր կյանքով վկայում է, որ Քրիստոսին պատկանելն ավելի բարձր է, քան աշխարհի ցանկացած իշխանություն։
Ուրեմն ո՞վ է Սուրբ Գևորգը, որին մեր ժողովուրդն այդքան սիրում է՝ նրա անունով եկեղեցիներ կառուցելով, ուխտի ճանապարհներ անցնելով և նրա սրբազան մասունքների առջև աղոթելով։ Պատմությունը նրան ներկայացնում է որպես Դիոկղետիանոս կայսեր զորականներից մեկը։ Երբ կայսրը և նրա շրջապատը որոշեցին քրիստոնյաներին ստիպել զոհ մատուցել կուռքերին, Գևորգը չթաքցրեց իր հավատքը՝ բացահայտ խոստովանելով Քրիստոսին։ Ենթարկվեց անասելի չարչարանքների, բայց չուրացավ Քրիստոսին։ Ավելին՝ նրա վկայությունը հավատք արթնացրեց սրտերում, որոշներն անգամ հետևեցին նրա նահատակության օրինակին։
Հայ եկեղեցական ավանդության մեջ Սուրբ Գևորգը հիշվում է որպես քաջամարտիկ զորավար, Քրիստոսի զինվոր, վիշապասպան, չարի դեմ պայքարող։ Այսօր, նրա սրբազան մասունքի առջև կանգնած, հասկանում ենք, որ քրիստոնեական հավատքը վերացական գաղափար չէ։ Այն ապրած և վկայված կյանք է։ Սուրբ Գևորգի պատմության հիմքում կա մի պայքար, որը երբեք չի հնանում՝ լույսի և խավարի, սիրո և ատելության, ճշմարտության և ստի, Աստծո ազատության և մարդուն ստրկացնող ուժերի միջև պայքարը։ Եվ այդ պայքարի կենտրոնում Քրիստոս է։ Դիոկղետիանոսի ժամանակ քրիստոնյաներին կայսրության թշնամիներ էին համարում։ Բայց Գևորգը կայսեր զինվոր էր, ծառայում էր պետությանը և բարիք էր գործում մարդկանց։ Ուրեմն ո՞րտեղ էր վտանգը։ Վտանգը նրա հավատքն էր, որով Քրիստոսի հետևորդը չի կարող իր խիղճը վերջնականապես հանձնել որևէ երկրային իշխանության։
Սա ազդարարող ուղերձ է այսօր։ Մարդուն կարելի է ճնշել ուժով, վախեցնել սպառնալիքով, վիրավորել ծաղրով, փորձել լռեցնել կեղծիքով կամ վարկաբեկմամբ։ Իշխանությունը կարող է հասնել մեր մարմնին, բայց ոչ մեր խղճին, կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը։ Ահա թե ինչու է Քրիստոս ասում. «Մի՛ վախեցեք», ոչ թե որ վտանգ չկա, այլ որ վախից բարձր կա Ճշմարտությունը, իսկ մահից բարձր՝ Քրիստոսը։
Այսօր, երբ մեր ծառայության, մեր խղճի ու դավանանքի, մեր համոզմունքի պատճառով ենթարկվում ենք ճնշումների, սպառնալիքների, ծաղրուծանակի և զանազան մեքենայությունների, վիշապասպան Սուրբ Գևորգը մեզ սովորեցնում է՝ ճշմարտությանը հավատարիմ մնալ առանց ատելության և չարին դիմադրել՝ առանց չարի կերպարն ընդունելու։
Վիշապի խորհուրդն այստեղ առավել խորն է, քան հին ավանդության հրեշի պատկերը։ Վիշապը չարի այն կերպարն է, որը փորձում է մարդու սրտում մարել հավատքի լույսը, լռեցնել խիղճը, սպանել սերը և մարդուն դարձնել վախի գերի։ Սուրբ Գևորգի առաջին հաղթանակը վիշապի հանդեպ չէր, վախի հաղթահարման հաղթանակն էր։ Երբ մարդը այլևս չի վախենում ճշմարտությունը խոստովանելուց, վիշապը կորցնում է իր իշխանությունը նրա վրա։ Բայց այստեղ է Սուրբ Գևորգի վկայության ամենակարևոր դասը. չարի դեմ պայքարելիս քրիստոնյան չպետք է նմանվի այն չարին, որի դեմ պայքարում է։ Մենք չենք հաղթում վիշապին՝ վիշապ դառնալով։ Մենք նրան հաղթում ենք՝ պահպանելով այն, ինչ նա փորձում է խլել մեզնից։ Սուրբ Գևորգի հաղթանակը ոչ թե ուրիշին կործանելու, այլ Քրիստոսին չուրանալու հաղթանակն է։
Սիրելի՛ հավատացյալներ,
Սուրբ Գևորգի նահատակությունից մեզ են հասնում մեր մարդկային համակեցության երեք լուսավոր ուղեցույցներ։
Առաջին՝ բարու և չարի միջև հստակ սահման կա։ Բարին և չարը պարզապես օգտակարի ու վնասակարի, հաճելիի ու տհաճի տարբերությունը չեն։ Ճշմարտություններ կան, որոնք չեն փոխվում հանգամանքների, մեծամասնության ցանկության կամ ուժի թելադրանքով, և կան արարքներ, որոնք չեն դադարում չար լինելուց, նույնիսկ երբ փորձ է արվում դրանք արդարացնել։ Չարի վերջնական հաղթանակը մեր մարմնի վնասումը չէ, այլ մեր հոգու նվաճումը։ Չարը հասնում է Սուրբ Գևորգի մարմնին, բայց ի զորու չէ հասնելու նրա սրտին․ նրա ներսում վերջին խոսքը Քրիստոսինն է։
Երկրորդ՝ ամեն ինչի շուրջ հնարավոր չէ բանակցել։ Կան արժեքներ, որոնք գին չունեն։ Դրանք չեն կարող դառնալ փոխանակման կամ քաղաքական ու հասարակական սակարկության առարկա։ Սուրբ Գևորգի առջև ընտրություն էր դրված․ կյանքը պահպանել՝ զիջելով հավատքը, թե՞ հավատարիմ մնալ Քրիստոսին՝ կյանքի գնով։ Նա գիտեր, որ կան սահմաններ, որոնցից այն կողմ զիջումը այլևս դավաճանություն է։
Մեր հասարակության խորը ճգնաժամերից մեկն սկսվում է այնտեղ, որտեղ մենք կորցնում ենք այդ սահմանների զգացումը։ Երբ ամեն ինչ դարձնում ենք պայմանավորվածության հարց, աստիճանաբար կորցնում ենք այն հոգևոր հիմքը, որի վրա կանգնած է մարդու և համայնքի կյանքը։ Համերաշխությունը միասին կանգնելն է այն ճշմարտությունների վրա, որոնք մեզ մարդկայնացնում են։ Մեզ միավորում է ոչ միայն ընդհանուր շահը, այլև ընդհանուր մարդկային արժանապատվությունը, որ ոչ ոք իրավունք չունի մեզնից խլելու կամ մեզ ստիպելու հրաժարվել դրանից։
Երրորդ՝ Սուրբ Գևորգը ճշմարիտ ազատության ուսուցիչ է, որ մեզ սովորեցնում է, թե ինչ է նշանակում իսկապես ազատ լինել, այն է՝ ենթարկվել ճշմարտությանը և միայն այն ճշմարտությանը, որը բխում է մեր մարդկային արժանապատվությունից։ Սուրբ Գևորգը սպանվում է, որովհետև հրաժարվում է ենթարկվել այն իշխանությանը, որն իրենից պահանջում է խախտել խիղճը։ Նա ճանաչում է միայն այն իշխանության իրավունքը, որն ընդունելի է բարոյական խղճի առաջ։
Սիրելի՛ հավատացյալներ,
Սուրբ Գևորգի սրբազան մասունքի առջև մենք չենք խնդրում, որ Աստված մեր կյանքից վերացնի բոլոր դժվարությունները։ Խնդրում ենք ավելի մեծ շնորհ՝ փորձությունների մեջ չկորցնել Քրիստոսին։ Հետևաբար Սուրբ Գևորգի բարեխոսությամբ Աստված թող պահի մեր Եկեղեցին՝ նրա ուղղափառ դավանանքը, սրբությունը, կանոնական կարգը և առաքելական ազատությունը։ Մեր մանուկներն ու պատանիները թող հասակ առնեն ոչ թե վախի, այլ ճշմարտության մեջ, ոչ թե ատելության, այլ սիրո մեջ, ոչ թե կույր հնազանդության, այլ պատասխանատու ազատության մեջ։
Եվ երբ աշխարհի վիշապները կրկին բարձրացնեն իրենց գլուխը, հիշենք Սուրբ Գևորգի վկայությունը։ Վիշապը կարող է ահեղ թվալ, բայց քրիստոնյայի հույսը վիշապի ուժի մեջ չէ։ Ամեն ինչ անցնում է։ Ուժերը փոխվում են։ Իշխանությունները գալիս և հեռանում են։ Կեղծիքները բացահայտվում են։ Միայն Քրիստոս է մնում։
«Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող»։
Սուրբ Գևորգի բարեխոսությամբ Աստված թող մեզ շնորհի մի սիրտ, որը չի վախենում ճշմարտությունից, չի հրաժարվում սիրուց և չի խոնարհվում չարի առաջ։
Սուրբ Գևո՛րգ Զորավար,
Քրիստոսի քաջամարտի՛կ վկա,
բարեխոսի՛ր մեզ համար,
որպեսզի աշխարհի աղմուկի մեջ չկորցնենք Քրիստոսի ձայնը։
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և խաղաղությունը թող լինեն մեզ հետ․ ամեն։

Русский