Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Էրդողանի կոշտ ուղերձը, Նեթանյահուի uպառնալիքները․ տարածաշրջանը գնում է էսկալացիայի

Blog Image

Վերջին օրերին Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել՝ ընդգրկելով մի քանի առանցքային դերակատարների և խորացնելով տարածաշրջանային հակասությունները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով Իսրայելի քննադատություններին՝ Պաղեստինի հարցում Անկարայի դիրքորոշման վերաբերյալ։ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան «սովորական պետություն չէ» և զգուշացրել է, որ ոչ ոք չի կարող սպառնալ երկրի ինքնիշխանությանը կամ իր ղեկավարությանը՝ ընդգծելով Անկարայի պատրաստակամությունը՝ պաշտպանելու սեփական դիրքերը։

Միևնույն ժամանակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը։ Նրա խոսքով՝ Իսրայելը շարունակում է ակտիվ գործողությունները «Հըզբոլլահի» դեմ և զուգահեռաբար բանակցություններ է վարում Լիբանանի հետ։

Նեթանյահուն նշել է, որ այս բանակցությունների հիմնական նպատակներն են՝ «Հըզբոլլահին» սահմանից հետ մղելը և երկարաժամկետ կայուն խաղաղության հասնելը՝ «խաղաղություն՝ ուժով» սկզբունքով։ Նա նաև ընդգծել է, որ ներկայիս բանակցային ակտիվությունը պայմանավորված է Իսրայելի ռազմական ուժով և ազդեցությամբ։

Իրանի շուրջ զարգացող ճգնաժամի համատեքստում Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի նպատակները համընկնում են։ Խոսքը վերաբերում է Իրանի միջուկային ծրագրի սահմանափակմանը՝ մասնավորապես ուրանի հարստացման հնարավորությունների վերացմանը և միջուկային նյութերի դուրսբերմանը երկրից։ Բացի այդ, կարևոր է համարվում նաև միջազգային առևտրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղիներով, այդ թվում՝ նավագնացության վերականգնումը։

Նա ընդգծել է, որ Իսրայելը մշտապես տեղեկացված է ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցություններից, սակայն վերջնական արդյունքը դեռևս անորոշ է։ Այդ պատճառով Իսրայելը պատրաստվում է բոլոր հնարավոր սցենարներին, ներառյալ՝ ռազմական էսկալացիային։

Մյուս կողմից, ԱՄՆ-ը առաջարկել է Իրանի հետ համատեղ վերահսկել Հորմուզի նեղուցը, ինչը, սակայն, Թեհրանը մերժել է։ Նեղուցը համարվում է համաշխարհային էներգետիկ շուկայի կարևորագույն հանգույցներից մեկը, և դրա շուրջ ցանկացած լարվածություն կարող է գլոբալ հետևանքներ ունենալ։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի շուրջ հակամարտությունը մոտ է ավարտին՝ նշելով, որ հնարավոր զարգացումները շատ մոտ ապագայում կհստակեցվեն։ Նրա խոսքով՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի հնարավոր շրջափակումը կարող է լինել պարզապես բլեֆ։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի և Իրանի միջև դադարեցված բանակցությունները նախատեսում են վերսկսել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բանակցությունների հաջորդ փուլին Վաշինգտոնը կրկին կարող է ուղարկել փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։

Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ չափազանց փխրուն, և առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական զարգացումների տեսանկյունից։

Ալիտա Եղիազարյան

Send