Այսօր՝ փետրվարի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում Ալագյազ-Ջամշլու ճանապարհին բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 վիրավորներից մեկը տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդներից մեկի մայրն է։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ ճանապարհն ամբողջությամբ եղել է մերկասառույց, և վթարից որոշ ժամանակ անց են սկսել աղ ու ավազի խառնուրդով մշակել այն։ Երկու ավտոեքենաներն էլ եղել են ձմեռային անվադողերով։

Русский