Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ Ստամբուլում, մասնակցելով Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին, հանդես եկավ մի շարք հակասական հայտարարություններով։ Իր ելույթում նա ընդգծեց, որ 2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո տարածաշրջանում ձևավորվել է խաղաղ միջավայր։ Սիմոնյանը նաև նշեց, որ Հայաստանը պատրաստ է խորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ և հրավիրում է Անկարային՝ միանալու «խաղաղության կտավը հյուսելու» գործընթացին։
Նրա խոսքով՝ տասնամյակների թշնամանքից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել է վստահության ձևավորման նոր փուլ։ ԱԺ նախագահի գնահատմամբ՝ արդեն իսկ նկատվում են դրական տեղաշարժեր․ առաջին անգամ տարիների ընթացքում սկսում է ձևավորվել երկկողմ առևտուր, և ադրբեջանական ապրանքների ներմուծումը Հայաստան դիտարկվում է որպես տնտեսական հարաբերությունների վերականգնման գործնական քայլ։ Միևնույն ժամանակ, Սիմոնյանը շեշտեց, որ դեռ առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիների և անհետ կորածների ճակատագրերի հետ, որոնք պետք է լուծում ստանան իրական հաշտեցման հասնելու համար։
Թեմայի շուրջ MediaHub-ը զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ, ով ներկայացրել է զգալիորեն ավելի քննադատական դիրքորոշում։
«Սա ուղղակի նախընտրական քարոզարշավ է և իշխող քաղաքական ուժը իր նախընտրական ծրագրի ռազմավարության հիմքում դրել է խաղաղության կոնցեպցիան, դրա համար իշխող քաղաքական ուժի բոլոր գործիչները բոլոր միջազգային կոնֆերանսներում առաջ են տանում այդ տեսակետը։
«Հիմա խաղաղություն է, ուղղակի կան որոշ չլուծված հարցեր» միտքն ամբողջովին տեղավորվում է իրենց նախընտրական քարոզարշավի հիմքում։ Ոչ մի խաղաղություն չկա, բայց բնականաբար դրա մասին նրանք չեն կարող ասել։ Իրենց կոնցեպցիան այդպես է՝ իրենք խաղաղություն են բերում, ռուսամետ ընդդիմությունը՝ պատերազմ։ Եվ պատահական չէ, որ բոլոր հնարավոր տեղերում նրանք նույն դիրքորոշումն են հայտնում՝ և ՀՀ-ի ներսում, և ՀՀ-ից դուրս»,- նշեց քաղտեխնոլոգը։
Անդրադառնալով խաղաղության կայունության հարցին՝ Բադալյանը նշեց, որ խաղաղությունը ոչ մի կերպ կախված չէ Թրամփից։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կայունությունը կախված է ոչ թե Թրամփի նախաձեռնությունից, այլ Իրանից, որի զորքերը կանգնած են Արաքսից հարավ։ Եվ եթե Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիա լինի ՀՀ-ի դեմ, ապա այդ ագրեսիային դեմ է Իրանը, որի տարբեր առաջնորդներ հայտարարել են, որ ՀՀ-ի ամբողջականությունը իրենց համար կարմիր գիծ է։ Եվ ոչ Թրամփը, ոչ ՀԱՊԿ-ը, ոչ Եվրամիության դիտորդները խաղաղության հետ կապ չունեն։ Կայուն խաղաղություն է, քանի դեռ կայուն է Իրանը․ հենց Իրանի դիմադրությունը թուլանա, կայուն խաղաղությունը կվերացվի»,- հայտնեց Բադալյանը։
Նա նաև կասկածի տակ դրեց տնտեսական համագործակցության ներկայացումը` որպես վստահության իրական ցուցիչ.
«Առևտուրը նույնպես իրենց նախընտրական քարոզարշավի մաս է, քանի որ ասում են՝ խաղաղություն է, արդեն առևտուր ենք անում, արդեն խնդիրներ չկան և բոլորս չաղ, բախտավոր, երջանիկ ենք ապրում»։
Բադալյանը նաև հավելեց, որ սահմանին կրակոցների բացակայությունը դեռևս չի նշանակում խաղաղություն:
«Խաղաղությունը չկրակելը չէ, խաղաղությունը խաղաղության պայմանագրի առկայությունն է, ուժերի հավասարակշռությունը։ Սահմանին չկրակելը հրադադար է»,- հայտնեց քաղտեխնոլոգը։
Իսկ իրական խաղաղության հնարավորության մասին խոսելով` Արմեն Բադալյանն ասաց, որ կան շանսեր, եթե իշխանությունը փոխվի, ուժերի վերադասավորությունը փոխվի, Հայաստանի քաղաքական և ռազմական կշիռը բարձրանա։
Ալիտա Եղիազարյան

Русский