«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացրել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը, որով դատական համակարգում նախատեսվում է նաև ներդնել Երդվյալ ատենակալների ինստիտուտը։ Առաջարկվող փոփոխության համաձայն՝ օրենքով սահմանված դեպքերում դատավարությունները կարող են իրականացվել երդվյալ ատենակալների մասնակցությամբ։ Սակայն այս առաջարկի շուրջ մի շարք գործնական հարցեր են առաջանում․ արդյո՞ք Հայաստանը պատրաստ է նման համակարգ ունենալու, ունի՞ արդյոք անհրաժեշտ ենթակառուցվածքներ, հատուկ կահավորված դատական դահլիճներ, և որքա՞ն գումար կպահանջվի ատենակալների աշխատանքի, անվտանգության ու այլ պայմանների ապահովման համար։ Իրավական ոլորտին քաջատեղյակ անձինք «Ժողովուրդ» օրաթերթին իրենց մտահոգություն են հայտնել, որ Հայաստանը ներկայում անգամ չունի երդվյալ ատենակալների համար նախատեսված հատուկ դատական դահլիճներ։ Նրանց համոզմամբ՝ եթե սահմանադրական այս առաջարկը կյանքի կոչվի, պետությունը պետք է ոչ միայն օրենսդրական փոփոխություններ իրականացնի, այլև զրոյից ձևավորի համապատասխան նյութատեխնիկական բազա։ Երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարության անցկացումը ենթադրում է դատական դահլիճի հատուկ կազմակերպում։
Ի տարբերություն Հայաստանում գործող ավանդական դատական նիստերի, որտեղ դատավորը կենտրոնական տեղ է զբաղեցնում, իսկ դատավարության կողմերը տեղակայվում են նրա երկու կողմերում, երդվյալ ատենակալների համար պետք է նախատեսվի առանձին հատված՝ համապատասխան նստատեղերով։ Սակայն միայն դահլիճում ատենակալների համար նստատեղեր ունենալը բավարար չէ։ «Ժողովուրդ» օրաթերթի դատական համակարգին քաջատեղյակ մեր աղբյուրները նշում են, որ անհրաժեշտ է նաև առանձին խորհրդակցական սենյակ, որտեղ նրանք կկարողանան առանց կողմնակի ազդեցության քննարկել գործի հանգամանքները և որոշում կայացնել։ Բացի այդ, պետք է նախատեսվեն նրանց անվտանգությունն ապահովող միջոցներ, առանձին սպասասրահներ, անհրաժեշտության դեպքում՝ առանձին մուտքեր և տեղաշարժի կազմակերպման մեխանիզմներ, ինչպես նաև տեխնիկական սարքավորումներ՝ ապացույցները ներկայացնելու և դատավարությունը պատշաճ իրականացնելու համար։Ուսումնասիրելով ԱՄՆ Դաշնային դատարանները՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեկ դատավորի դատարանի համար նախատեսված երդվյալ ատենակալների խորհրդակցական սենյակի նվազագույն մակերեսը 32.5 քառակուսի մետր է, իսկ բազմակողմանի դատավարությունների համար նախատեսված սենյակը պետք է ունենա շուրջ 46.4 քառակուսի մետր մակերես։ Նույն ուղեցույցով նախատեսվում են նաև ատենակալների առանձին սպասասրահներ, գրանցման և սպասարկման հատվածներ, սանհանգույցներ, ինչպես նաև անվտանգության ու կազմակերպչական այլ տարածքներ։
Դատական ոլորտի ներկայացուցիչները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում համոզմունք հայտնեցին նաև, որ Երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը պետության համար ենթադրելու է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ։ Նրանց փոխանցմամբ՝ պետք է նախատեսել ատենակալների վարձատրություն, ճանապարհածախսի փոխհատուցում, սննդի ապահովում, անհրաժեշտության դեպքում՝ կեցության ծախսեր, ինչպես նաև անվտանգության և վարչական սպասարկման համար անհրաժեշտ միջոցներ։
«Ժողովուրդ» օրաթերթը համեմատության համար ուսումնասիրեց ԱՄՆ-ի փորձը, որտեղ երդվյալ ատենակալների ինստիտուտը դատական համակարգի կայացած բաղադրիչներից է։ ԱՄՆ դաշնային դատարաններում քրեական գործերով սովորաբար ներգրավվում է 12 երդվյալ ատենակալ։ Նրանցից յուրաքանչյուրին վճարվում է օրական 50 դոլար։ Տասը օրից ավելի ծառայության դեպքում որոշ պայմաններով վճարը կարող է բարձրանալ մինչև 60 դոլար։ Բացի այդ՝ պետությունը փոխհատուցում է ողջամիտ ճանապարհածախսը, որոշ դատարաններում՝ նաև կայանման վճարը։ Անհրաժեշտության դեպքում նախատեսվում են սննդի և գիշերակացի ծախսերի փոխհատուցումներ։ Եթե ատենակալը պետք է մեկուսացվի դատավարության ընթացքում, այդ պայմանների ապահովումը նույնպես պետության ֆինանսական պարտավորությունների մաս է։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, ր ԱՄՆ Դաշնային դատարանների 2027 ֆինանսական տարվա բյուջետային հայտով երդվյալ ատենակալների և հանձնաժողովների վարձատրության ու ծախսերի համար պահանջվել է 37.145 միլիոն դոլար։ Համեմատության համար՝ 2026 ֆինանսական տարում այդ նպատակով հաստատված հատկացումը կազմել է 19.108 միլիոն դոլար։ Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ ուսումնասիրված թվերը վերաբերում են միմիայն ԱՄՆ Դաշնային դատական համակարգին։ Հետևաբար՝ առաջարկելով նման նախագիծ, պետք է առաջին հերթին հաշվի առնել՝ Հայաստանը պատրա՞ստ է նման համակարգի ներդրմանը, թե այն լրացուցիչ բեռ է դառնալու ՀՀ պետական բյուջեի համար»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Русский