Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ստեղծել է ամուր քաղաքական հիմք․ ԲՏԱ նախարար

Blog Image

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի շրջանակում փետրվարի 10-ին Երևանում կայացել է Հայաստան – ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովը, որին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ԱՄՆ փոխնախագահի պատվիրակության անդամներ, երկու երկրների տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ:

Նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ 2025 թվականի հունվարին ձևավորված Հայաստան–ԱՄՆ Ռազմավարական գործընկերությունը ստեղծել է ամուր քաղաքական հիմք բարձր մակարդակի համագործակցության համար:

«Այսօրվա գագաթաժողովը այդ աշխատանքի տրամաբանական շարունակությունն է։ Հայաստանը նպատակային և վճռական քայլեր է ձեռնարկում տեխնոլոգիաների և նորարարության իր օրակարգն առաջ մղելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, մենք հստակ գիտակցում ենք, որ այս ոլորտներում կայուն առաջընթացը հնարավոր չէ մեկուսացված պայմաններում։ Այդ իսկ պատճառով առանձնահատուկ կարևորություն է տրվում Միացյալ Նահանգների կառավարության, ինչպես նաև առաջատար մասնավոր ընկերությունների և հաստատությունների հետ համագործակցության ընդլայնմանը», – ասել է նախարարը:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստան-ԱՄՆ գործընկերության անկյունաքարերից է, նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

«Մենք աշխատում ենք տարբեր ուղղություններով։ Օգոստոսին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը մեր հարաբերությունների նշանակալի հանգրվանն էր, բայց ավելի կարևոր է, որ կարողանանք այդ փաստաթուղթը վերածել կոնկրետ գործողությունների՝ բազմաթիվ կարևոր նախագծերով, որոնք արդեն իրականացվում են, և շատ ավելին դեռ առջևում է», – ասել է Կոստանյանը:

ԱՄՆ Պետքարտուղարության քաղաքական ավագ խորհրդական Ջոնաթան Ասքոնասի խոսքով՝ Հայաստանը և ԱՄՆ-ն հստակ գիտակցում են, որ տեխնոլոգիաներն ու նորարարությունը տնտեսական աճի և հնարավորությունների ստեղծման հիմնական շարժիչ ուժերն են։

«Կարծում եմ՝ Հայաստանը համաշխարհային տեխնոլոգիական ոլորտի լավագույն պահպանված գաղտնիքներից մեկն է: Միջազգային տեխնոլոգիական հանրությունը դեռ լիարժեք չի բացահայտել այն բացառիկ խորությունն ու ներուժը՝ մարդկային կապիտալի, կարողությունների և ներդրումային հնարավորությունների առումով, որոնք առկա են Հայաստանում», – ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

«Shield AI» ընկերության միջազգային բիզնեսի զարգացման և ռազմավարության ավագ տնօրեն Քրիս Բրինքլին իր ելույթում ընդգծել է Հայաստան-ԱՄՆ ռազմական և պաշտպանական ոլորտում հաստատված գործակցությունը՝ շեշտելով, որ դրա շնորհիվ Հայաստանը կկարողանա ապահովել իր սահմանների անվտանգությունը և ամրապնդել իր պաշտպանական կարողությունները։

«Shield AI-ը համագործակցում է Հայաստանի հետ՝ ուսումնասիրելով գործընկերության հնարավորությունները օդանավերի բաղադրիչներ արտադրող ընկերությունների հետ՝ V-BAT անօդաչու թռչող սարքերի և այլ անօդաչու համակարգերի համար։ Ընկերությունը տրամադրում է իր Hivemind ինքնավարության ծրագրային ապահովումը՝ այդ հարթակներն ավելի խելացի, արդյունավետ և մարդկանց համար ավելի դյուրին կառավարելի դարձնելու նպատակով», – ասել է Քրիս Բրինքլին:

Գագաթաժողովի ներկաներից՝ «Synopsys Armenia»-ի նախագահ Երվանդ Զորյանն իր հերթին ներկայացրել է ընկերության դերը Հայաստանում կիսահաղորդիչների նախագծման և արհեստական բանականության ոլորտում և ընդգծել.

«Վերջերս մենք հայտարարել ենք ռազմավարական գործընկերության մասին NVIDIA-ի հետ՝ այս լուծումները նրանց GPU-ների վրա գործարկելու նպատակով, ինչպես նաև NVIDIA-ն իրականացրել է էական ներդրում՝ դառնալով Synopsys-ի համասեփականատեր», – նշել է Զորյանը։

Գործարքների մասին խոսակցություններից մինչև դրանց իրականացում. «Board of Peace» միջազգային կազմակերպության տնօրեն Էրիա Լայթսթոնը ոգևորությամբ նշել է, որ անհամբեր են՝ տեսնելու ոլորտում գործնական քայլերը:

«Երբ օգոստոսի 8-ին մենք դուրս եկանք Սպիտակ տնից, ես մտածեցի, որ իմ աշխատանքն ավարտված է։ Սակայն հենց փոխնախագահն էր, ով ասաց․ «Դու նոր ես սկսում»։ Ես խորապես համոզված եմ, որ սա կարևոր հանգրվան է։ Սա նշանակալի քայլ է, սակայն երբ մենք վերադառնանք այստեղ 30, 60 կամ 90 օր անց, ես ուզում եմ, որ այս դահլիճը լինի երեք անգամ ավելի մեծ, և մենք նշենք ոչ թե գործարքների սկիզբը, այլ դրանց իրականացումը և այն նոր հնարավորությունները, որոնք դրանք կստեղծեն», – նշել է նա։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պատմական այցի օրերին YouTube-ն այսօր հայտարարել է իր YouTube Partner Program (YPP) գործընկերային ծրագրի մեկնարկի մասին Հայաստանում, որը նախատեսվում է գործարկել այս գարնանը։

«Ծրագրի ընդլայնումը հնարավորություն կտա հայ ստեղծագործողներին վաստակել հարթակում, կառուցել սեփական բիզնեսներ և հասնել նոր լսարանների։ YouTube Partner Program-ն աջակցում է ստեղծագործողներին, արտիստներին և մեդիա ընկերություններին՝ հարթակում եկամուտ ստանալու հնարավորություններ ստեղծելու միջոցով», – ասել է Ջոնաթան Ասքոնասը՝ ներկաներին փոխանցելով Youtube-ի ներկայացուցչի հայտարարությունը։

Գագաթաժողովին տեսաուղերձով ներկաներին ողջունել է Ռայան Գուդնայթը՝ Starlink-ի շուկայի հասանելիության և զարգացման ավագ տնօրենը SpaceX-ում և հայտարարել.

«Հաջորդ համագործակցային քայլի շրջանակում Starlink-ը համագործակցում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ Հայաստանի 100 դպրոց ապահովելու բարձր արագությամբ ինտերնետով», – հայտնել է Գուդնայթը։

Հայաստան – ԱՄՆ Տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովն առաջին անգամ էր նախաձեռնվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից: Այն նպատակ ունի երկկողմ տեխնոլոգիական համագործակցությունը ռազմավարական երկխոսությունից վերածելու գործնական իրականացման։

Send