Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

«Կարմիր գծեր»-ը կթանկանա՞ն, Կառավարությունը զբաղված է փող «քերելով», Փաշինյանը որոշել է Վեհափառի այլ մտերիմների էլ կալանավորել․ Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Երևանի ավագանին անցկացնում է Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 4-րդ տարեվերջյան նիստը, որի ընթացքում ավագանին կընդունի տեղական վճարների 2026թ.-ի դրույքաչափերը:

Նիստի շրջանակներում հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը Երևանի քաղաքային իշխանությունները օրակարգ են ընդգրկել «Երևան համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» և «Երևան համայնքում 2026 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» զեկույցները:

Դրանց շրջանակում Երևանի ավագանին «կրկին» այս անգամ հաջորդ տարվա համար, պետք է հաստատի քաղաքային տուրքերի և վճարների մասին նախագիծը այդ թվում սկանդալային «Կարմիր գծերի» թանկացման մասին նախագիծը։

«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը արդեն հայտարարել է, որ այսօր ավագանու նիստի ժամանակ դարձյալ բարձր վճարներով նախագիծ է ներկայացվելու քննարկման։

Հիշեցնենք, թե ինչումն էր այս ծրագրի սկանդալայինությունը․

Մինչև 2024թ. հունվարի 1-ը Երևանում ավտոկայանատեղիների համար սահմանված էր մեկ ընդհանուր գին: Սակայն, 2023թ. տարեվերջին ընդունված Երևանի ավագանու որոշմամբ՝ քաղաքը բաժանվեց երկու գոտու՝ «Ա» և «Բ»։ Կարմիր գծերի «Ա» գոտում կայանման մեկ տարվա գինը նախկին 12 000 դրամի փոխարեն սահմանվեց 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում՝ 24 000 դրամ։ Շեշտակի թանկացան նաև 1 ժամվա, շաբաթվա, ամսվա կայանման վճարները: Օրինակ՝ նախկինում 1 ժամվա վճարի գումարը 100 դրամ էր, իսկ 2024թ. հունվարի 1-ից «Ա» գոտու համար սահմանվեց 300 դրամ, իսկ «Բ» գոտու համար՝ 200 դրամ:

Քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Վարչական դատարանում վիճարկել է դեռևս 2024 և 2025 թվականների ավագանու որոշման՝ վճարովի ավտոկայանատեղիներին վերաբերող դրույթները: Երկու գործերով էլ Վարչական դատարանը նշված դրույթներն անվավեր է ճանաչել, սակայն որոշումներն օրինական ուժի մեջ չեն մտել, քանի որ Երևանի ավագանին բողոքարկել է:

Այժմ ստացվում է այնպես, որ եթե այսօր ավագանին քվեարկի և կրկին հաստատի տեղական վճարների դրույքաչափերը, ապա նախագիծը կրկին անվավեր կլինի, բայց գործող։ Իսկ եթե նիստում քվորում չապահովվի, ապա հնարավոր է նախագիծը կյանքի չկոչվի»։

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախակի ենք տարբեր տնտեսվարողներից ստանում դժգոհություններ, որ կառավարությունը հատկապես տարեվերջին անցել է ֆինանսական «տեռորի»: Մեր զրուցակիցները նշում էին, որ այս կառավարությունն առանց այդ էլ ամեն ինչ անում է գործարարներին խանգարելու, «քամելու» համար, իսկ այս շրջանում, ինչպես նախորդ մի քանի տարիներին, դա անում է առավել մեծ ջանասիրությամբ, «ամբողջ հոգով ու սրտով»:

Ընդ որում, խոսքը միայն հարկերի մասին չէ. դա, իհարկե, առաջին տեղում է, այդ թվում՝ գերավճարների առումով: Խոսքը նաև պետական տուրքերի և տույժ-տուգանքների մասին է: Ի մասնավորի, մեզ հետ զրույցում մի քանի տնտեսվարողներ նշում էին, որ լիցենզավորված գործունեություն ծավալողները որոշ դեպքերում ստիպված են կրկնակի վճարում կատարել: «Այդպիսի բան միայն մեր երկրում ու այս իշխանությունների օրոք է երևի հնարավոր»,-ասում էին նրանք: Մասնավորաբար, խոսքն այն մասին է, որ տնտեսվարողները, նոր կարգի համաձայն, լիցենզիայի թարմացման, նոր լիցենզիա ստանալու շեմին կատարել են առաջիկա տարվա պետտուրքի վճարումը՝ տուգանքներից խուսափելու համար, լիցենզավորման գործընթացը տևել է 2-3 ամիս (ասում են՝ նման բան նախկինում չի եղել), հետո, որպեսզի լիցենզիան տան, պահանջում են կատարել վճարումը, որովհետև նախկինը վերաբերում է... նախկին՝ փաստացի չգործող լիցենզիային ու «հաշիվ չէ»: Կրկնենք, որ վճարումը վերաբերել է առաջիկա մեկ տարվան, ուրեմն՝ դեռևս 8-9 ամիս կա:

Հաջորդ խնդիրը վերաբերում է տույժտուգանքներին: Տնտեսվարողներն ասում են, որ ամեն տեսակ չնչին, մանր վրիպումներ են փորձում գտնել, միայն թե տուգանեն:

Մի խոսքով, ինչպես երևում է, կառավարության գործերն այնքան վատ են, որ անցել են ինտենսիվ փող «քերելու» գործին...

 

 

«Հրապարակ»․ թերթը գրում է․  

Դեկտեմբերի 28-ին Մայր Աթոռում պատարագի մասնակցելու մասին ՔՊ-ից երեկ վստահեցրին, որ իրենց պաշտոնապես չեն հայտնել այդ մասին։ Փաշինյանի խոսնակը հայտարարեց, որ առաջիկա պատարագի եկեղեցին դեռ հայտնի չէ:

Ըստ լուրերի՝ Փաշինյանը որոշել է ամեն գնով լուծել եկեղեցու եւ Վեհափառի հարցերը, տիրադավ եպիսկոպոսների, իր խաժամուժի հետ մտնել մայր տաճար, իսկ մինչ այդ ուժայինների միջոցով եկեղեցին «մաքրազարդել» հոգեւորականներից, եթե պետք է` Վեհափառի այլ մտերիմների էլ կալանավորել, որ նա ծնկի գա։ Որոշել է ամեն գնով մինչեւ ընտրությունները լուծել հարցը: Բացի նրանից, որ արտաքին ուժերն են պահանջում, նա նաեւ կարծում է, որ եթե հաջողվի իրագործել իր պլանը, ապա հանրային ապատիան կաճի, եւ այլեւս մեծ ջանքեր չեն պահանջվի ընտրություններում հաղթելու համար։ Շարքային քաղաքացին կսկսի ատել ոչ միայն եկեղեցին ծնկի բերած Փաշինյանին, այլեւ անկարող ընդդիմությանը, որն ի զորու չեղավ կանխել այդ ամենը։ Նախորդ շաբաթ նա ստուգողական թեստ էր իրականացնում 10 տիրադավների միջոցով, որ հասկանա ընդդիմության, վեհարանը պաշտպանողների ռեսուրսը, թե քանի հոգի է իր դեմ կանգնելու, եւ ինչ քանակի զորք է պետք ներգրավել՝ վեհարանը գրավելու համար։

 

Send