Իրան-Իսրայել հերթական լարվածությունը նոր հարցեր է առաջացրել տարածաշրջանում՝ արդյո՞ք կողմերը կանգնած են լայնածավալ պատերազմի շեմին, թե՞ հերթական սահմանափակ բախման ականատեսն ենք։
Լարվածությունը սրվեց այն բանից հետո, երբ հունիսի 7-ի երեկոյան Իրանը ավելի քան երկու տասնյակ հրթիռ արձակեց Իսրայելի ուղղությամբ։ Թեհրանում հայտարարեցին, որ դա պատասխան էր Բեյրութի հարավային արվարձաններում «Հեզբոլլահի» թիրախների դեմ իսրայելական հարվածներին։ Իրանական կողմը պնդեց, որ Իսրայելին հասցվել են զգալի վնասներ, մինչդեռ Իսրայելը հայտարարեց, որ բոլոր հրթիռները կամ խոցելի են, կամ ընկել են բաց տարածքներում։ Դրան հաջորդեցին իսրայելական հարվածները Իրանի կենտրոնական և արևմտյան շրջաններում գտնվող ռազմական թիրախներին։ Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմերին կոչ արեց դադարեցնել կրակը և հայտարարեց, որ բանակցություններ են ընթանում։
MediaHub-ը թեմայի շուրջ զրուցել է իրանագետ Էմմա Բեգիջանյանի հետ՝ հասկանալու, թե ինչու է Իրանը դիմել նման քայլի, ինչ դեր ունի ԱՄՆ-ն և որքան մեծ է լայնածավալ պատերազմի վտանգը։ Իրանագետի խոսքով՝ դժվար թե ներկայիս լարվածությունը վերածվի երկարատև և լայնածավալ պատերազմի։
«Իսրայելը ԱՄՆ-ի հետ համաձայնության էր եկել, որ դադարեցնելու է Լիբանանի ուղղությամբ հարվածները, սակայն այդ պայմանավորվածությունը լիովին չի պահպանվել։ Հետագայում Թրամփն էլ հայտարարեց, որ հարվածը սահմանափակ բնույթ է կրել, բայց փաստ է, որ հարձակումը Բեյրութի հարավային արվաձանների վրա տեղի ունեցել է։ Իրանը, ըստ էության, առաջին անգամ ինքն է անմիջականորեն պատասխանել այդ գործողությանը։ Բայց չեմ կարծում, որ այս միջադեպը կվերածվի երկարատև լայնածավալ պատերազմի»,- նշեց Բեգիջանյանը։
Հարցին, թե որն էր Իրանի հարձակման հիմնական պատճառը, իրանագետը պատասխանեց, որ պաշտոնական Թեհրանը իր գործողությունները բացատրում է հրադադարի խախտմամբ։
«Հատուկ առանձին պատճառը չեմ տեսնում։ Իրանական կողմը հայտարարում է՝ քանի որ Լիբանանի վերաբերյալ հրադադարը խախտվել է Իսրայելի կողմից, իրենք պատասխան քայլ են իրականացրել։ Ընդ որում, բավականին երկար ժամանակ է՝գործում է մի իրավիճակ, որը կարելի է բնութագրել որպես «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ»։ Այդ ընթացքում պարբերաբար փոխհրաձգություններ են եղել, եղել են նաև տարբեր միջադեպեր։ Նման իրավիճակը երկար չի կարող շարունակվել առանց նոր լարվածությունների»,- ասաց նա։
Բեգիջանյանը հիշեցնում է նաև, որ վերջին շրջանում Թեհրանը բավականին լավատեսական հայտարարություններ էր անում՝ նշելով, որ հնարավոր է կողմերը մոտ ապագայում ընդհանուր հայտարարի գան։ Մյուս կարևոր հարցը վերաբերվում է ԱՄՆ-ի դիրքորոշմանը։ Թեև Վաշինգտոնը հրապարակային կերպով փորձում է զսպել լարվածությունը, Իսրայելը շարունակում է հայտարարել, որ ցանկացած հարձակման կպատասխանի ուժով։
«Իսրայելը միշտ նման դիրքորոշում է ունեցել։ Ստացվում է, որ ԱՄՆ-ն փորձում է ցույց տալ, թե ինքն է հիմնական որոշումներ կայացնողը, բայց գործնականում Իսրայելն ընդգծում է, որ իր անվտանգությանը սպառնացող ցանկացած քայլ անպատասխան չի մնա»,- ընդգծեց իրանագետը։
Ինչ վերաբերում է բանակցությունների հեռանկարին, Բեգիջանյանը հիշեցնում է, որ Իրանի և Իսրայելի միջև ուղիղ շփումների փորձ գրեթե չի եղել։ «Իրանն ու Իսրայելը շուրջ 47 տարի ուղիղ բանակցություններ չեն վարել։ Եթե որևէ հաղորդակցություն կամ պայմանավորվածություն եղել է, ապա դա իրականացվել է միջնորդների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի միջոցով»,- ասաց նա։
Չնայած փոխադարձ կոշտ հայտարարություններին, փորձագետը չի կարծում, որ ներկայիս զարգացումները կհանգեցնեն տարածաշրջանային լայն պատերազմի։ Նրա գնահատմամաբ՝ կողմերը շարունակում են ուժի ցուցադրությունն ու զսպման քաղաքականությունը՝ միաժամանակ բաց պահելով նաև դիվանագիտական ուղիները։ Այս ֆոնին մնում է բաց հարցը՝ կկարողանա՞ արդյոք Վաշինգտոնը հերթական անգամ կանխել իրավիճակի հետագա սրացումը և կողմերին վերադարձնել բանակցային դաշտ, թե տարածաշրջանը կմտնի նոր ու ավելի վտանգավոր դիմակայության փուլ։
Ալիտա Եղիազարյան

Русский