Իշխանություններն ունեն լծակներ և չեն խորշում այդ լծակներն օգտագործելուց, անգամ չեն էլ թաքցնում, որ ապօրինի գործողություններ են անում։ Այդ մասին ArmLur.am լրատվականին տված հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ որպես ԱԱԾ նախկին աշխատակից իր համար ամոթալի է Փաշինյանի ապօրինի քայլը, ըստ որի՝ ԱԱԾ-ի աշխատողները գնում և դիմում են քահանաներին, որ Վեհափառ Հայրապետի անունը զեղչեն պատարագների ժամանակ։
«Դա ուղիղ հայտարարություն է հանցագործության մասին։ Նման գործառույթ ԱԱԾ-ն չունի և վերջ»,- նշել է Արթուր Վանեցյանը։
Հարցին՝ արդյո՞ք իշխանությունները եկեղեցու դեմ պայքարում հասնելու են հաջողության, Արթուր Վանեցյանը պատասխանել է՝ վստահ է, որ կաթողիկոսը հրաժարական չի տալու։
«Ես վստահ եմ, որ Կաթողիկոսը հրաժարական չի ներկայացնելու։ Բայց որ եկեղեցին թուլացնելու են, հիմքերը խարխլելու են, արդեն փաստ է։ Մենք ունենք մոտ 10 բարձրաստիճան հոգևորականներ՝ եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ, որոնք, վստահ եմ, տարբեր կոմպրոմատների ազդեցության ներքո են գնացել դեպի Նիկոլ Փաշինյան»,- նշել է Արթուր Վանեցյանը։
«Հայրենիք» կուսակցության ղեկավարի համար առավել անհասկանալի է Արցախի թեմի առաջնորդի՝ Վրթանես Սրբազանի պահվածքը։
«Անհասկանալի է։ Չգիտեմ՝ ինչ են արել։ Արցախցի, Արցախի թեմի առաջնորդ, մարդ, որն իմ հետ զրույցում մեղադրում էր իշխանություններին ու Նիկոլ Փաշինյանին հակահայկականության, դավաճանության մեջ, գնում ու սեղմում է Նիկոլ Փաշինյանի ձեռքը։ Մնացածի դեպքում էլ է անհասկանալի։ Երևի առաջին անգամ եմ հոգևորականների մասին անունով խոսում, դա ինձ համար ցավ է, ամոթ, կորուստ։ Կորուստ մի մարդու, մի հոգևորականի, որին շատ սիրել եմ, գնահատել եմ, չգիտեմ՝ ինչու է այդպես արել»,- նշել է Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով իշխանության հայտարարություններին, թե հենց Վրթանես Սրբազանն ու Փաշինյանի ձեռքը սեղմած մյուս հոգևորականներն են օգնելու «նորոգել» եկեղեցին՝ Արթուր Վանեցյանն ասել է՝ քանդում են մեր ազգային արժեքը, մեր ազգային ավանդույթները, մեր ինքնությունը։
«Իրենց սրտի այսօրվա հոգևորականները թող իրենք գիշերը քնելուց իրենց հոգու առջև ազնիվ լինեն և հասկանան՝ իրենք եկեղեցին «նորոգո՞ւմ են», թե՞ դրանց օգտագործվում՝ եկեղեցին քանդելու համար»,- նշել է նա։
Արթուր Վանեցյանը հիշեցրել է նաև հանգամանքը, որ իշխանությունները գնացել էին Մայր Աթոռի վերաօծմանը, Մյուռոնօրհնությանը։
«Ընդդիմադիրներիս չէին հրավիրել, հրավիրել էին իշխանություններին։ Այդ ի՞նչ եղավ այդ մեկ ամսվա մեջ։ Թող հեքիաթներ չպատմեն ու իրենք իրենց խղճի հետ ազնիվ լինեն։ Այսպես կոչված Հայ Առաքելական եկեղեցու «նորոգում» դու չես կարող անել սրբազաններով, որոնք իրենք անձնապես նորոգման մեծ անհրաժեշտություն ունեն»,- ասել է Արթուր Վանեցյանը։

Русский