Հունվարի 1-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին է զանգահարել Երևանի մի բնակիչ և հայտնել, որ ժամը 05։35-ի սահմաններում իր ընկերոջ, ՌԴ քաղաքացի Եվգենիի հետ գտնվել են Վարդանանց փողոցում գտնվող «Գադյուկա» բարում, որտեղ մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել իրենց հասցեին և ծեծի են ենթարկել Եվգենիին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Մարաշի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, հունվարի 8-ին ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել են Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Կարեն Գ․-ն, 25-ամյա Հովսեփ Ս․-ն, 24-ամյա Վանիկ Կ․-ն, 24-ամյա Ազատ Գ․-ն և 25-ամյա Պարույր Ե․-ն։ Վերջինը նույն օրը հայտնաբերվել և իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխել է ոստիկանության Մարաշի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ մասնակից մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Русский