Տոներից հետո աշխատանքային օրերը մեկնարկել են աղբառատ։ Եվ սա բառի ուղիղ իմաստով։
Արդեն երկու օր է, ինչ Երևանի տարբեր փողոցներ պատված են աղբով։ MediaHub-ին ահազանգած քաղաքացիները պատմում են, որ այս օրերին աղբահանման աշխատանք չի իրականացվել, ինչի արդյունքում անմխիթար իրավիճակ է ստեղծվել քաղաքում։
«Արդեն մի քանի օր է, որ գործի եմ գնում, առավոտները նկատում եմ, որ աղբի վրա միայն ավելանում է, ոնց նախկին աղբը կա, տենց մնացել է»,- մեզ հետ զրույցում պատմեց քաղաքացին։


.jpg)

Մեկ այլ քաղաքացի էլ նույն խնդիրը վերահաստատում է. «Առավոտ էլ տեսա՝ դեռ աղբը չէին տարել, ամբողջը ասֆալտի վրա էր լցված։ Հատկապես, որ աղբամանների կողքին դպրոց կա, ու նման վիճակը, մեղմ ասած, ընդունելի չէ»։

MediaHub-ի հետ զրույցում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության տնօրեն Սաշա Կատվալյանը հերքեց մեզ դիմած քաղաքացիների բողոքը, վստահ պնդելով, որ աղբահանության հետ կապված որևէ խնդիր չի եղել, որևէ վարչական շրջանում։
«Սահմանված քանակից ավել տեխնիկա է աշխատել։ Օրական մոտավորապես 42-43 մեքենա ենք հանում, տոնական օրերին մինչև 56 ավտոմեքենա է աշխատել, որպեսզի կարողանանք ամբողջ ծավալը վերցնենք։ Հնարավոր է ինչ-որ տեղ սահմանված ժամանակից 1-2 ժամ ուշացում եղած լինի»,- նշեց Կատվալյանը։
Քաղաքացիների՝ մեզ տրամադրած լուսանկարները ևս մեկ անգամ վերահաստատում են խնդրի գոյության մասին։ Ստացվում է, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության տնօրենը տեղյակ չէ նման խնդրի մասին կամ էլ չցանցկացավ բարձրաձայնել այն։
Էմմա Մարտիրոսյան

Русский