Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Փաշինյանը խոստովանեց՝ չի տիրապետում օրենքներին ու Սահմանադրության պահանջներին

Blog Image

Նիկոլ Փաշինյանի կողմից խելացի քայլ կլիներ, եթե այսուհետ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպեր ոչ թե ինքը, այլ արհեստական բանականությունը, քանի որ որքան շատ է հարցերին պատասխանում օրիգինալը՝ Նիկոլ Փաշինյանը, այդքան ակնհայտ է դառնում, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չի տիրապետում օրենքներին ու Սահմանադրության պահանջներին։

Այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Վեհափառի դեմ հարուցված քրեական գործին վերաբերող լրագրողի հարցին, Փաշինյանը բառացիորեն տվեց հետևյալ պատասխանը. «Ես դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարող էր իմ որևէ հեռացման որոշում դատարանի կողմից կասեցվեր, և ես որոշեի այդ որոշումն իրականացնել։ Եթե ես դա անեի, իմ դեմ քրեական գործ կհարուցվեր»։

Նման պատասխանն իր մեջ պարունակում է թե՛ իրավական, թե՛ բարոյական խնդիր։ Սովորաբար պետության ղեկավարը նշանակում ու ազատում է հիմնականում այն պաշտոնյաներին, որոնք ունեն քաղաքական կամ հայեցողական նշանակություն։ Այդ նշանակումները բացառապես գտնվում են երկրի ղեկավարի լիազորությունների տիրույթում ու ոչ ոք չի կարող դիմել դատարան, պահանջելով վերականգնել իրեն իր նախկին պաշտոնին։ Նման հայցերը նույնիսկ վարույթ չեն ընդունվի։ Օրինակ՝ չի կարող նախարարը կամ փոխնախարարը դիմի դատարան ու հայտարարի, որ իրեն աշխատանքից ապօրինի են հեռացրել, քանի որ առաջինը քաղաքական պաշտոն է, երկրորդը՝ հայեցողական ու երկուսին էլ նշանակում ու ազատում է վարչապետը ու նույնիսկ պարտավոր էլ չէ բացատրություն տալու թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում։

Սա հարցի իրավական կողմն է, ինչ վերաբերում է բարոյականին, ապա եթե նույնիսկ որևէ պաշտոնյա, որի նշանակումն ու ազատումը քաղաքական կամ հայեցողական չէ և աշխատանքից զրկվում է վարչապետի միջամտությամբ, ապա ինչպե՞ս կարող է դիմել դատարան ու ակնկալել այնպիսի որոշում, որը կվերականգնի իր խախտված իրավունքները։ Այդ ո՞ր դատավորն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի որոշում կկայացնի այն դեպքում, երբ վերջինս անթաքույց հայտարարում է, որ «Հայաստանում չի կարող լինել մի դատավոր, որը չկատարի իմ հրամանները»։

Ինչ վերաբերում է Հայ Առաքելական Եկեղեցուն, ապա Վեհափառի դեմ հարուցված քրեական գործը Սահմանադրության կոպիտ ոտնահարում է, որովհետև խախտվում է պետություն-եկեղեցի տարանջատման սկզբունքը։ Չկա մի դատարան, որը լիազորություն ունի քննելու Վեհափառ Հայրապետի ու Հոգևոր խորհրդի որոշումները։

Կարեն Կարապետյան

Send