Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ է ցանկանում ճանաչել

Blog Image

Կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ է ցանկանում ճանաչել, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախագիծ է հրապարակել։

Նշվում է, որ «ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է անհապաղ ապահովել բնակչության անխափան էլեկտրամատակարարումը, ինչպես նաև սոցիալական ու ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեությունն ու էներգետիկ համակարգի կայունությունը»։

Նախարարության հիմնավորման համաձայն՝ Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս սահմանափակել սեփականության իրավունքը, եթե դրա համար առկա է հանրության գերակա շահ, և եթե պահպանվում են իրավաչափության, անհրաժեշտության ու համաչափության սկզբունքները։ Պետական մարմինների գնահատմամբ՝ եթե էլեկտրաէներգիայի բաշխման ոլորտում առաջացած խնդիրները կարող են վտանգել հանրային շահը, պետության միջամտությունը կարող է համարվել իրավաչափ։

Ըստ ՏԿԵ նախարարության՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը այն ծառայություններից է, որը չի կարող դադարել նույնիսկ կառավարման ճգնաժամի պայմաններում։ Այդ պատճառով պետությունը պարտավոր է ապահովել համակարգի անխափան աշխատանքը՝ անկախ ընկերության վիճակից կամ սեփականատիրոջ փոփոխությունից։

«Գործող օրենսդրության համակարգային վերլուծությունը ցույց է տալիս՝ էլեկտրաէներգիայի բաշխման ոլորտը բնական մենաշնորհ է և գտնվում է պետական հատուկ վերահսկողության ներքո։ Այդ վերահսկողության նպատակն է ապահովել սպառողների իրավունքների պաշտպանությունը, էներգետիկ անվտանգությունը և ծառայությունների շարունակականությունը»,- նշված է օրինագծի հիմնավորման մեջ։

Հիմնավորման մեջ նշված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման գործընթացի նախաձեռնմանը, և որ այդ քայլը վկայում է, որ իրավասու մարմինը արձանագրել է հնարավոր խախտումներ կամ ռիսկեր, որոնք կարող են վտանգել հանրային շահը։  Խոսքը վերաբերում է բնակչության անխափան էլեկտրամատակարարմանը, սոցիալական և ռազմավարական նշանակության օբյեկտների բնականոն գործունեությանը, էներգետիկ համակարգի կայունությանը և սպառողների իրավունքների պաշտպանությանը։

Գերատեսչությունն ընդգծել է, որ բաշխիչ ցանցերի գործունեության խափանումը կարող է հանգեցնել ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական և անվտանգային լուրջ հետևանքների, դրանով է պայմանավորված «պետության ոչ միայն իրավունքը, այլև սահմանադրաիրավական պարտականությունը՝ միջամտելու այն դեպքերում, երբ անհրաժեշտ է պաշտպանել հանրային շահը»։

Նախագծում ՏԿԵՆ-ը հղում է կատարել Սահմանադրությանը, որի համաձայն՝ սեփականության իրավունքը բացարձակ չէ և կարող է սահմանափակվել օրենքով, եթե դրա նպատակը հանրության գերակա շահի ապահովումն է։

Տվյալ դեպքում, ըստ նախարարության, այդ շահը դրսևորվում է բնակչության կենսական ծառայությունների անխափան ապահովման, էներգետիկ անվտանգության պահպանման և հանրային կարգի պաշտպանության անհրաժեշտությամբ։

Send