Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Կա՞ արդյոք մի զբոսաշրջիկ, որը հասկանում էր թե ինչո՞ւ են հայերն իրար ջրում ու ո՞րն էր Վարդավառի խորհուրդը

Blog Image

Յուրաքանչյուր երկրում ցանկացած ազգային տոն կապվում է տվյալ հասարակության ազգային արժեքների, պատմության ու ավանդույթների հետ։ Բնականաբար տոնակատարությունները ժամանակին համահունչ արդիականացվում են, ստանում ժամանակակից տեսք, սակայն կապը ավանդույթների հետ պահպանվում է։

Երեկ՝ հուլիսի 12-ին, Հանրապետության հրապարակում մեծ շուքով նշվեց Վարդավառը։ Թե՛ երեկ, թե՛ այսօր համացանցում հնչում են տարբեր գնահատականներ միջոցառման հետ կապված, նշվում են նաև հստակ թվեր, թե որքան գումար է ծախսվել տոնակատարությունը կազմակերպելու համար։ Անձամբ ես կցանկանայի զերծ մնալ ծախսերի քննարկումից, քանի որ ոչ մի միջոցառում ձրի չի կազմակերպվում։ Անձամբ ինձ նաև դուր է եկել միջոցառումը, եթե դիտենք զուտ շոուի տեսանկյունից։ Շոուն ստացված էր, մարդիկ ուրախ էին, ամեն ինչ գեղեցիկ էր, զբոսաշրջիկները տպավորված։

Բայց այդ ամենի մեջ անտեսված էր օրվա խորհուրդը։ Վարդավառը եկեղեցական տոն է։ Այդ օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը հինգ տաղավար տոներից երրորդն է։ Հետևաբար այն ոչ թե ընդամենը «ջրոցի» է, այլ եկեղեցական՝ քրիստոնեական տոն։ Իհարկե էլի եմ շեշտում, ցանկացած տոն, հատկապես երբ այն կազմակերպվում է աշխարհիկ իշխանությունների կողմից ու նախատեսված է լայն մասաների համար, կարող է տարեցտարի արդիականացվել, սակայն պետք է պահպանի կապը արմատների հետ, որպեսզի տոնախմբության մասնակցողը, հատկապես զբոսաշրջիկները հստակ իմանան, թե ինչ է այդ օրը խորհրդանշում։

Պատկերացրեք երեկ Վարդավառին մասնակից օտարերկրացիները ինչ տպավորությամբ են հեռանալու Հայաստանից, որ հայերն ունեն մի ուրախ օր, երբ տարվա շոգ ժամին հավաքվում ու իրար ջրում են։ Բայց թե ինչո՞ւ են հատկապես այդ օրը հավաքվում, ինչո՞ւ են միայն մեկ օր իրար ջրում, երբ մնացյալ օրերը գուցե ավելի շոգ են, քան հենց էդ օրը, ինչո՞ւ է դա համարվում ազգային տոն, բոլորի համար մնում է գաղտնիք։ Ջրում են իրար ու վերջ։ Չկար որևէ ուղերձ զբոսաշրջիկներին օրվա խորհրդի հետ կապված, չկար որևէ հիշատակում, որևէ խոսք։ Հատկապես, որ միջոցառումը կազմակերպված էր այնպիսի տրամաբանությամբ, որ ընդհանրապես ոչ մի աղերս չուներ ազգայինի հետ։

Սա հետևանք է նրա, որ խզվել է կապը պետության ու Եկեղեցու միջև, խզվել է կապը իշխանության ու ազգային արժեքների միջև։ Կա՛մ այդ ամենի մեջ միտում կա, կա՛մ անտեղյակություն։ Եթե միտումնավոր է արվում, ապա խոսքերն ավելորդ են, որովհետև չի օգնելու ոչ մի խորհուրդ, ոչ մի հորդոր, իսկ եթե կատարվում է ակամա, ապա հորդորում ենք իշխանություններին, որ հետայսու միջոցառումները կազմակերպելիս դրսևորեն այնպիսի ճկունություն, որ արդիականացմանը զուգահեռ նաև պահպանվի կապը և՛ ազգային արժեքների, և՛ տվյալ օրվա խորհրդի հետ։

Կարեն Կարապետյան

Send