Շաքիում տեղի ունեցած միջադեպը կրկին ուշադրություն է հրավիրել Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի անվտանգության, բնակչության իրազեկվածության և նման իրավիճակներում պետական կառույցների արձագանքման արդյունավետության հարցերի վրա։
Չնայած ՀՀ իրավապահների կողմից ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևի նկատմամբ հինգ հոդվածներով քրեական հետապնդում է հարուցվել, հասարակական քննարկման առանցքում շարունակում է մնալ ոչ միայն Մուսաևի պատասխանատվության հարցը, այլև՝ ինչպես և որտեղից է զինված ադրբեջանցի զինծառայողը հայտնվել Սյունիքի բնակավայրում։
«Եթե իրավապահները տեղյակ են եղել, ինչո՞ւ ժամանակին չենք իրազեկվել»,- հարցնում են սյունեցի մեր հայրենակիցները։
Շաքիի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ իրավապահներն իրենց նախապես տեղեկացրել են դեպքի մասին, սակայն այդ տեղեկատվությունը հանրայնացնելը կարող էր խուճապի պատճառ դառնալ։
«Որպեսզի մեր համագյուղացիներին չահաբեկենք այդ լուրերով, ասել ենք ակնարկով, որպեսզի խուճապ չտարածվի։ Դեպքն արդեն եղել է, շատ վատ բան է եղել, բարեբախտաբար՝ ոչ ոք չի զոհվել։ Վիրավորում ստացած կնոջ առողջական վիճակը բավարար է, երեխաները նույնպես լավ են զգում։ Դեպքից անմիջապես հետո տղայիս հետ գնացել ու հանդիպել եմ երեխաներին։ Մեր սրտացավ համագյուղացիներն էլ քաղցրավենիքներ ու մրգեր են բերել, հոգեբանորեն աջակցել ենք նրանց, մինչև մասնագետները կզբաղվեին»,- ասաց Մանուչարյանը։
Վարչական ղեկավարը, սակայն, մտահոգություն հայտնեց լրատվամիջոցներում իր հասցեին հնչող քննադատությունների վերաբերյալ։ Խոսքը, մասնավորապես, ադրբեջանցի զինծառայողին վնասազերծելուց հետո նրան ջուր առաջարկելու և դեպքի վերաբերյալ իր տված առաջին հեռախոսազրույցի մասին է։
«Ես ջուր եմ առաջարկել, որ «չսատկի», ընդամենը։ Վատ բա՞ն եմ արել, որ ջուր ենք տվել, որպեսզի իրավապահները կարողանան հետը աշխատել, հարցաքննել։ Ես հայրենասեր մարդ եմ, բայց որոշ մարդիկ կասկածի տակ են դնում իմ հայրենասիրությունը։ Դեպքից անմիջապես հետո, երբ դեռ ոչինչ պարզ չէր, ես ասել եմ՝ դեռ չգիտենք հանցագործություն կատարածի ազգությունը, գուցե պարսիկ է, գուցե այլ ազգի, մի հատ հասկանանք մանրամասները, հետո»,- ասաց նա։
Մանուչարյանի խոսքով՝ այս պահին Շաքիում իրավիճակը հանգիստ է։
«Իհարկե, մտահոգություններ կան, բայց ընդհանուր առմամբ շարունակում ենք մեր ամենօրյա աշխատանքը, որովհետև Շաքին ուժեղ ու հայրենասեր մարդկանց գյուղ է»,- եզրափակեց Ռուբեն Մանուչարյանը։
Հունան Թադևոսյան

Русский