Ամառային շոգ օրերին սննդային թունավորումների դեպքերը սովորաբար ավելանում են։ Բարձր ջերմաստիճանը նպաստում է սննդամթերքի արագ փչացմանը, իսկ բացօթյա վաճառքն ու պահպանման ոչ ճիշտ պայմանները կարող են լուրջ վտանգ ներկայացնել առողջության համար։ Թեմայի շուրջ MediaHub-ը զրուցել է սննդաբան Գայանե Շահխաթունու հետ՝ պարզելու, թե ինչպես խուսափել թունավորումներից, ինչ քայլեր ձեռնարկել առաջին ախտանշանների դեպքում և մթերքների որ համադրություններից է ցանկալի խուսափել։
Սննդաբանի խոսքով՝ ամռանը հատկապես կարևոր է ուշադրություն դարձնել մթերքների պահպանման պայմաններին և չտրվել միայն դրանց արտաքին տեսքին։
«Նախ և առաջ, քանի որ այս օրերին փողոցային վաճառքն ակտիվ է, հաճախ կարելի է տեսնել բացօթյա պայմաններում վաճառվող ձմերուկ, ելակ և այլ մրգեր։ Սա երկու վտանգ է պարունակում։ Բացի հիգիենիկ խնդիրներից և փոշոտվելու հավանականությունից, կա նաև արևի տակ երկար ժամանակ մնալու վտանգը։ Եթե հայտնի չէ, թե որքան ժամանակ է մթերքը գտնվել արևի ուղիղ ճառագայթների տակ, և այն չի պահվել սառնարանային պայմաններում, ցանկալի է խուսափել նման մթերքների օգտագործումից։
Նույն ձմերուկը, որը հաճախ աճեցվում է նաև թունաքիմիկատների կիրառմամբ, անհրաժեշտ է մանրակրկիտ լվանալ։ Ցանկալի է կեղևը լվանալ նույնիսկ սպունգով կամ օրգանական օճառով և միայն դրանից հետո կտրատել։ Շատերը մտածում են, թե քանի որ ուտում են միայն միջուկը, կեղևի մաքրությունը կարևոր չէ, սակայն կտրելու ընթացքում դանակի միջոցով կեղևի մակերեսին եղած նյութերը կարող են փոխանցվել ներսի մասին։
Նույնը վերաբերում է ելակին, կեռասին, հատապտուղներին և հատկապես հողին մոտ աճող բանջարեղեններին։ Դրանք անհրաժեշտ է լավ լվանալ հոսող ջրի տակ»,- նշեց սննդաբանը։
Սննդաբանը նաև ընդգծում է, որ շոգ եղանակին առավել զգայուն են կենդանական ծագման մթերքները, որոնք սխալ պահպանման դեպքում կարող են արագ փչանալ։
«Քանի որ եղանակը չափազանց տաք է, հատուկ ուշադրություն պետք է դարձնել մսամթերքին, կաթնամթերքին, ձվին և ձու պարունակող սոուսներին, օրինակ՝ մայոնեզին։ Գնելիս անհրաժեշտ է անպայման ստուգել պիտանելիության ժամկետը և նախընտրել լիցենզավորված վաճառքի կետերը, որպեսզի վստահ լինենք, որ մթերքները մինչև վաճառքը պահպանվել և վերահսկվել են համապատասխան պայմաններում։
Երբեմն արտաքին տեսքից հնարավոր չէ հասկանալ, որ մթերքը սկսել է փչանալ, սակայն դրա ներսում արդեն կարող են տեղի ունեցած լինել փոփոխություններ, որոնք առողջության համար վտանգավոր են»,- ասաց Շահխաթունին։
Եթե, այնուամենայնիվ, թունավորում է առաջացել, կարևոր է ժամանակին արձագանքել և չանտեսել առաջին ախտանշանները։ Գայանե Շահխաթունու խոսքով՝ հատկապես զգոն պետք է լինել, եթե ի հայտ են գալիս թուլություն, սրտխառնոց, գլխապտույտ կամ լուծ։
«Եթե արդեն առկա է թունավորում, որի առաջին ախտանշաններն են թուլությունը, սրտխառնոցը, գլխապտույտը և լուծը, անհրաժեշտ է շատ հեղուկ օգտագործել՝ օրգանիզմի ջրազրկումը կանխելու համար։
Եթե այդ վիճակը տևում է մեկ օրից ավելի կամ ինքնազգացողությունը չի բարելավվում, անհրաժեշտ է դիմել բժշկի։ Իսկ եթե փսխումները շարունակվում են և չեն դադարում, պետք է հնարավորինս արագ դիմել մասնագետի օգնությանը, որպեսզի կանխվեն ավելի լուրջ բարդությունները»,- հավելեց սննդաբանը։
Զրույցի ընթացքում սննդաբանը խոսեց նաև որոշ մթերքների համադրությունների մասին՝ նշելով, որ ամռանը ցանկալի է հնարավորինս թեթև և հավասարակշռված սնվել։
«Օրինակ՝ ցանկալի չէ համադրել կաթնամթերքն ու ձկնամթերքը, ինչպես նաև սերուցքային ծանր սնունդը՝ ձկնամթերքի հետ։ Ընդհանուր առմամբ, իրար հակասող և օրգանիզմի համար ծանր համարվող մթերքների համադրություններից պետք է խուսափել, հատկապես շոգ եղանակին։
Այս շրջանում առավել նպատակահարմար է քիչ ուտել, պահպանել սննդային հավասարակշռությունը և նախընտրել թեթև սնունդ, որպեսզի օրգանիզմը հեշտությամբ հաղթահարի բարձր ջերմաստիճանի ազդեցությունը»,- եզրափակեց սննդաբան Գայանե Շահխաթունին։
Այսպիսով, մասնագետի խորհուրդները մեկ անգամ ևս հիշեցնում են, որ ամառային ամիսներին առողջության պահպանման գլխավոր նախապայմաններից են մթերքների ճիշտ ընտրությունը, հիգիենայի կանոնների պահպանումը և առաջին ախտանշանների դեպքում ժամանակին արձագանքելը։ Մի փոքր զգուշավորությունը կարող է կանխել լուրջ խնդիրները և օգնել անվտանգ վայելել ամառվա բարիքները։
Ալիտա Եղիազարյան

Русский