«Հրապարակ» թերթը գրում է․
Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել։
Կապանում կայացած ամփոփիչ հանրահավաքի համար գործի էին դրվել մարզային ողջ իշխանությունը, վարչական ռեսուրսը, համայնքապետերը, վարչական ղեկավարները տիտանական աշխատանք էին կատարել՝ պարտադրել բոլոր պետական հիմնարկների աշխատողներին՝ ներկայանալ հանրահավաքին:
Նաեւ կազմակերպել էին մարդկանց փոխադրումը բոլոր համայնքներից եւ ակնկալում էին, որ գոնե մի 10 հազար մարդ ներկա կգտնվի, սակայն, Դանիել Իոաննիսյանի հաշվարկով անգամ, ընդամենը 2 հազար180 մարդ էր հավաքվել Կապանի հրապարակում՝ այն դեպքում, երբ միայն Կապանի բնակչությունը մոտ 46 հազար է։ Փոխարենը, նույն Իոաննիսյանի հաշվարկներով, «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավի մեկնարկին Մայր Հայաստան հուշարձանի մոտ, 5 հազար 650 մարդ էր ներկա գտնվել:
Ընդ որում, պարզ է, որ իշխանությունների թիվն ուռճացված է, ընդդիմությանը նվազեցված, եւ մարդկանց բերելու իշխանության ռեսուրսը քանիցս գերազանցում է ընդդիմության ռեսուրսին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Մայիսի 28-ին սպասվող զորահանդեսը իշխանության համար պարզապես տոնական միջոցառում չէ․ այն, ըստ ամենայնի, վերածվում է քաղաքական ցուցադրության։
Մեր տեղեկություններով՝ վերջին օրերին զինվորական ուժերը բառացիորեն օր ու գիշեր ներգրավված են նախապատրաստական աշխատանքներում։ Նախատեսվում է, որ մայիսի 28-ին զորահանդեսը կանցկացվի Հանրապետության հրապարակում։
Սակայն իշխանությունների մտադրությունն այսքանով չի սահմանափակվում։ Իշխանական աղբյուրների համաձայն՝ Փաշինյանի հանձնարարությամբ զորահանդեսից հետո զրահատեխնիկան երկար ժամանակ կմնա մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան մոտենալ, դիտել և լուսանկարել այն։
Ավելին՝ ըստ մեր տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ուղիղ եթերում անձամբ ներկայացնել ցուցադրվող զրահատեխնիկան՝ բացատրելով, թե դրանցից յուրաքանչյուրը ինչ նշանակություն ունի և ինչ կարողություններով է օժտված։
Այսպիսով, մայիսի 28-ի զորահանդեսը, կարծես, իշխանության համար ոչ միայն պետական խորհրդանշական օր է, այլև ուժի, տեխնիկայի և քաղաքական ներկայության ընդգծված ցուցադրություն։ Իսկ գլխավոր հանդիսավարը, փաստացի, կլինի Փաշինյանը»։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզչությունն աստիճանաբար թափ է հավաքում: Դեռ ժամանակ կա առավել մանրամասն անդրադառնալու այդ ընթացքին: Իսկ առայժմ առաջին հերթին ուշադրություն է գրավում իշխանության և հիմնական ընդդիմադիր ուժերի պահվածքի, բառապաշարի և դրսևորած մակարդակի ահռելի տարբերությունը: Սարեր ու ձորեր, էլի...
Մի կողմից՝ իշխանության քարոզչությունն ուղեկցվում է ՔՊ ղեկավարի բղավոցներով, գոռգոռոցներով, անհավասարակշիռ հայտարարություններով, ուտելիքի անհագ կլանման տեսարաններով: Հնչում են անվանարկումներ, պիտակավորումներ, վիրավորանքներ, անմակարդակ բառապաշար:
Մյուս կողմում՝ աչք է ծակում ընդդիմադիր երեք-չորս հիմնական ուժերի («Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, ԲՀԿ, «Միասնության թևեր») հավասարակշռված խոսքը, գրագետ մտքերը, քննարկման ենթակա ադեկվատ առաջարկությունները, անվտանգային, տնտեսական, սոցիալական խնդիրների լուծման որոշակի տարբերակներն ու պատկերացումները: Ըստ որում, թե՛ նշված ուժերի առաջին դեմքերի, թե՛ թիմերի ներկայացուցիչների կողմից: Ավելին, մի կողմում, այսինքն՝ ընդդիմադիր ուժերի դեպքում ակնհայտ է ազգային արժեքների պահպանման, Եկեղեցու պաշտպանության, արտաքին քաղաքականության, անվտանգային սպառնալիքներին դիմակայելու, տնտեսական և պաշտպանական խնդիրները լուծելու մասին խոսույթը։
Մյուս կողմից՝ իշխանության ելույթներում անդադար հնչում են հակահայկական նարատիվներ: Զուգահեռ՝ գերիշխում է սուտն ու մանիպուլյացիան:

Русский