Ռուսաստանի նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշեւը հայտարարել է, որ եթե Վարշավան ռազմական գործողություններ սկսի Ռուսաստանի դեմ, ապա լեհական պետությունը կդադարի գոյություն ունենալ մի քանի օրվա ընթացքում։
«Եթե Լեհաստանը ռազմական գործողություններ սկսի Ռուսաստանի դեմ, մեր երկիրը կկիրառի առկա ուժերի և միջոցների իր ողջ զինանոցը, և լեհական պետականությունը կդադարի գոյություն ունենալ երկու-երեք օրվա ընթացքում», - ասել է Պատրուշեւն «aif.ru»-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկու հայտարարությունը Ռուսաստանի նկատմամբ Լեհաստանի ռազմական գերակայության մասին։
«Լեհական դիվանագիտության ղեկավարը մեր երկրի ռազմական հզորության ակնհայտորեն ոչ պրոֆեսիոնալ գնահատական է տալիս՝ հրաժարվելով հասկանալ, որ Ռուսաստանի զինված ուժերը հատուկ ռազմական գործողության ընթացքում ամենևին էլ չեն օգտագործում իրենց ողջ ներուժը», - հայտարարել է նախագահի օգնականը։
Պատրուշեւի խոսքով՝ Վարշավան հրաժարվում է հաշվի առնել Ռուսաստանի նախագահի խոսքերն այն մասին, որ չկան ո՛չ սպառնալիքներ, ո՛չ էլ հիմքեր, որոնք կարող են դրդել Ռուսաստանին պատերազմ սկսել Եվրոպայի դեմ։
Կիեւում ելույթ ունենալիս Սիկորսկին ասել էր, թե Լեհաստանի վրա ռուսական հարձակման դեպքում հնարավոր կլինի արագ հաղթանակ տանել Ռուսաստանի նկատմամբ։

Русский