Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

ՏԻՄ ընտրություններում պայքարում էին ոչ թե իշխանությունն ու ընդդիմությունը, այլ հասարակության անցյալն ու ներկան․ ո՞վ հաղթեց այդ պայքարում

Blog Image

Շատ է խոսվում Հայաստանի՝ իրավական պետություն լինելու մասին, սակայն Հայաստանը չի կարող լինել իրավական պետություն թեկուզև այն պատճառով, որ գոյություն չունի քաղաքացիական հասարակություն։ Թե՛ իրավական պետության, թե՛ քաղաքացիական հասարակության դասական ձևակերպումը շատ դիպուկ տվել է Իմանուիլ Կանտը։ Ըստ նրա՝ իրավական պետություն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ կա քաղաքացիական հասարակություն, քանի որ վերջինս քաղաքական ու քաղաքացիական բարձր գիտակցությամբ, սոցիալական բարձր կենսամակարդակով այն հասարակությունն է, որը, լինելով հարաբերականորեն անկախ, պետության հետ կառուցում է իրավահավասար հարաբերություններ, ինչի արդյունքում էլ ձևավորվում է իրավական պետությունը։

Հիմա եկեք իրերն անվանենք իրենց անուններով ու պարզ հարց տանք ինքներս մեզ՝ կա՞ արդյոք Հայաստանում քաղաքացիական հասարակություն։ Կա՞ հանրության մոտ այն գիտակցությունը, որ պետությունը գործիք է հենց իրենց ձեռքին՝ ապահովելու համար հասարակության բարեկեցությունն ու անվտանգությունը։ Իրականում՝ ո՛չ։ Իրականում մեր հանրության լայն շերտերի համար գործում են ոչ թե պետություն-հասարակություն իրավահավասար հարաբերությունները, այլ քաղացու վասալային կախվածությունը իշխանությունից, ու դրա վառ ապացույցն է այդ նույն շերտերի մոտ ամրացած «ով էլ լինի իշխանության, ուտելու է, բայց թող մի քիչ էլ ժողովրդի մասին մտածեն» ստրկամիտ տխմարաբանությունը։

Կա՞ արդյոք մեր հասարակությունում իրենց իրավունքների համար պայքարելու ու մինչև վերջ տեր կանգնելու հաստատակամությունը։ Ընդ որում, պարտադիր չէ, որ այդ պայքարի հիմքում միայն քաղաքական նպատակներ լինեն, ու պարտադիր չէ, որ անմիջապես ողջ հանրությունը ոտքի կանգնի։ Հասարակական յուրաքանչյուր շերտ կարող է ոտքի ելնել իր շահերի պաշտպանության համար, ու շատ հաճախ, առաջին հայացքից ոչ քաղաքական հարցերը կարող են ստանալ համազգային բնույթ ու հանգեցնել իշխանափոխության, ինչպես հաճախ տեղի է ունենում եվրոպական երկրներում։

Օրինակ՝ այսօր ողջ Եվրոպան հեղեղված է բողոքի ակցիաներով։ Այլևս ոչ ոք չի հիշում, թե հատկապես որ խնդիրը հանդիսացավ նման ալիքի բռնկման պատճառ, բայց մարդիկ ոտքի վրա են, չեն հանդուրժում այն, ինչն իրենց պատկերացմամբ անարդար է։ Ու դա ոչ թե նրա արդյունքն է, որ եվրոպացիները մեզանից խելացի են կամ համարձակ, այլ որ այնտեղ կա քաղաքացիական հասարակություն, Եվրոպան ունի քաղաքական մշակույթ, քաղաքացիներն ունեն իրենց իրավունքների բարձր գիտակցություն։

Եթե մեզ մոտ լիներ քաղաքացիական այնպիսի բարձր գիտակցություն, ինչպիսին Եվրոպայում է, ապա նախօրեին ՔՊ-ն 21 համայնքների ճնշող մեծամասնությունում չէր տանի միջինում 90 տոկոսին մոտ հաղթանակ։ Սովորաբար նման բարձր տոկոսով հաղթանակները լինում են հետհեղափոխական ժամանակահատվածում ու համապետական ընտրությունների ժամանակ, ինչը չի կարող արտացոլվել ՏԻՄ ընտրությունների վրա, քանի որ ՏԻՄ ընտրությունների հիմքում համազգային հարցեր չեն լինում, դրանց նպատակները շատ ավելի շոշափելի են մարդկանց համար, բնականաբար, ակնկալիքներն էլ պետք է տարբեր լինեն։

Ու հիմա, երբ իշխող ուժը ՏԻՄ ընտրություններում հավաքում է նման բարձր տոկոսներ, նշանակում է, որ ընտրությունները եղել են հստակ կազմակերպված ու ուղղորդված, իսկ հասարակության մասնակցությունը ընտրություններին եղել է 50 տոկոսից էլ ցածր։ Նման մասնակցությունը ցույց է տալիս, որ հասարակության մեծամասնությունը անտարբեր է իր իրավունքների նկատմամբ, անտարբեր է գործընթացների նկատմամբ, չի վստահում ոչ մի քաղաքական միավորի ու, որ ամենահուսահատեցնողն է, չի հավատում իր իսկ ուժին։

Պատճառաբանությունը, որ հասարակությունը հիասթափված է թե՛ իշխանությունից և թե՛ ընդդիմությունից, բավարար չափով արդարացված չէ։ Իրական քաղաքացիական հասարակության պայմաններում հասարակությանը կհաջողվեր թելադրել իր կամքը քաղաքական դաշտին ու հիասթափության պարագայում կփոխեր և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը։

Այնպես որ այս ընտրություններում հերթական անգամ պայքարում էին ոչ թե իշխանությունն ու ընդդիմությունը, այլ հասարակությունը՝ իր անցյալի ու ներկայի միջև։ Ցավալիորեն հերթական անգամ հաղթեց անցյալը։

Կարեն Կարապետյան

Send