Երեկ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող նախընտրական բանավեճի ընթացքում արտգործնախարար, ՔՊ պատգամավորի թեկնածու Արարատ Միրզոյանը, արձագանքելով ընդդիմադիր բանախոսների կողմից բարձրացված՝ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեմային, հերթական անգամ հայտարարեց, թե նման պնդումները «սրիկայություն են», և որ ՀՀ իշխանությունները Ադրբեջանի հետ նման որևէ պայմանավորվածություն չունեն։
Հետաքրքիր է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղյա՞կ է, որ Փաշինյանն ու իր թիմակիցները նրա հետ նման որևէ հարց չեն պայմանավորվել։ Եթե տեղյակ է, ապա ինչո՞ւ է շարունակում ոչ միայն խոսել, այլև գործուն քայլեր ձեռնարկել՝ ադրբեջանցի փախստականների՝ իր պատկերացրած «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի ծրագիրն իրականացնելու ուղղությամբ՝ ընդհուպ միջազգային ատյաններ դիմելով։
ՔՊ-ականները սիրում են այս թեմայով մանիպուլյացիաների դիմել և մշտական վախի մեջ պահել մեր հայրենակիցներին՝ հայտարարելով, թե պետք չէ խոսել Արցախի, արցախցիների վերադարձի և նրանց գույքային իրավունքների մասին, քանի որ նման խոսույթը կարող է սադրել Ալիևին և նոր պատերազմ հրահրել։ Իսկ Ալիևի հայտարարությունները «Արևմտյան Ադրբեջանի» մասին արդյո՞ք սադրիչ չեն։ Ինչո՞ւ Փաշինյանը չի զանգահարում կամ հրապարակային կերպով չի դիմում իր ադրբեջանցի գործընկերոջը՝ հորդորելով զերծ մնալ վտանգավոր հայտարարություններից, այլապես փխրուն խաղաղությունը կարող է մեկ ակնթարթում խաթարվել։
Ոչ միայն դա չեն անում, այլ նաև Փաշինյանի արտգործնախարարը եթերից հրապարակայնորեն պաշտպանում է ադրբեջանցիների շահերը՝ արցախցիների շահերի հաշվին։
Երեկ եթերից Արարատ Միրզոյանը, անդրադառնալով ադրբեջանցի փախստականների թեմային, հայտարարեց, թե «միջազգային իրավասու կառույցները Խորհրդային Հայաստանից ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին հեռացած ադրբեջանցիներին փախստական չեն ճանաչել։ Ավելին՝ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները նրանց կամ փոխհատուցում են տրամադրել, կամ հնարավորություն տվել վաճառել իրենց գույքը։ Հետևաբար այդ թեման փակ է»։
Ըստ Արարատ Միրզոյանի՝ նրանք չեն կարող որպես փախստական վերադառնալ իրենց նախկին բնակավայրեր։ Եվ միջազգային հանրության կողմից փախստականի կարգավիճակ չստացած ու փոխհատուցում ստացած ադրբեջանցիների հարցը նույն հարթության վրա դնելով՝ նա կրկին ահաբեկել է ՀՀ քաղաքացիներին և հոխորտացել քաղաքական ուժերի հասցեին՝ պնդելով, թե արցախցիների վերադարձի թեման չփակելով՝ իրենք թարմ են պահում ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը՝ հայելային ազդեցության սկզբունքով։
Այսինքն՝ ՀՀ ինքնիշխան տարածքում երբևէ բնակություն հաստատած, իսկ արցախյան ազատամարտի տարիներին հեռացած ադրբեջանցիների հարցը, Արարատ Միրզոյանի կարծիքով, նույնն է, ինչ վերջին պատերազմից հետո իրենց բնօրրանից բռնի տեղահանված ու տնավեր դարձած արցախցիների հարցը։ Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն որևէ փոխհատուցում չեն տրամադրել արցախցիներին, այլև թույլ չեն տվել նրանց վաճառել իրենց գույքն ու ունեցվածքը՝ ի տարբերություն Հայաստանից հեռացած ադրբեջանցիների։
Ի դեպ, եթե փաստաթղթային առումով Հայաստանը արցախցիներին որպես փախստական չի ճանաչել, այնուամենայնիվ բռնի տեղահանված արցախցիներն այսօր «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայի շրջանակում ստանում են տարբեր աջակցություններ ինչպես միջազգային կառույցներից, այնպես էլ Հայաստանի իշխանություններից, քանի որ Հայաստանը միացել է այդ կոնվենցիային։ Սա նշանակում է, որ առնվազն գործնական հարթությունում արցախցիները դիտարկվում են որպես փախստականներ։
Հետևաբար Արարատ Միրզոյանի համեմատությունը, հեղինակի գնահատմամբ, ոչ միայն տեղին չէ, այլև չի համապատասխանում արտաքին քաղաքականություն իրականացնող գերատեսչության ղեկավարի դիրքին, որը պարտավոր է խոսել և գործել Հայաստանի Հանրապետության շահերից, այլ ոչ թե Ադրբեջանի։
Թագուհի Ասլանյան

Русский