«Հրապարակ»․ թերթը գրում է․
Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը ժամանակավորապես սառեցնելը դեպրեսիայի մեջ է գցել տիրադավներից ոմանց` այն առումով, որ ստեղծված անհարմար` օդից կախված իրավիճակն անորոշ ձգվելու է՝ առանց հանգուցալուծման։
Մեզ պատմեցին, որ Վայոց Ձորի Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը խոր ընկճախտի մեջ է, չի կողմնորոշվում՝ ինչ անել: Գրեթե նույն վիճակում է Արցախի թեմի առաջնորդը: Եթե փորձեն «անառակ որդու» պես վերադառնալ Վեհափառի գիրկը, կհայտնվեն իշխանական գիլյոտինի տակ: Իսկ այս անարգված, ամոթալի կարգավիճակում չեն կարողանում ազատ շփվել մարդկանց հետ, թեմի առաջնորդի գործառույթներն իրականացնել։ Մտերիմները խորհուրդ են տվել ժամանակավորապես Հայաստանից մեկնել, ապրել արտերկրում, մինչեւ իրավիճակը որոշակիանա: Սակայն Տեր Աբրահամը շատ բիզնեսներ ունի, որոնք պետք է կառավարել, նա նաեւ անձամբ է հետեւում որոշ հասարակական նախաձեռնությունների ընթացքին։
«Հրապարակ» թերթը գրում է․
Որոշ տեղեկություններով, սոցհարցումների արդյունքները վկայում են, որ ՔՊ-ի վարկանիշը, չնայած քրտնաջան փիառին, բարձրաստիճան հյուրերի, օրինակ, Վենսի այցին, նաեւ բյուջեի հաշվին ընտրակաշառք բաժանելուն, ոչ մի կերպ չի աճում։ Եթե ՔՊ-ն օրեր առաջ սպառնում էր ընդդիմությանը, թե` «թույլ չենք տալու Գյումրի 2», այսինքն` հետընտրական կոալիցիաներ, ապա հիմա մարտավարություն են փոխել` փորձելով հոգեբանական ճնշում գործադրել ընտրողի վրա, նրան հիասթափեցնել ու հուսահատեցնել, որ ներշնչեն` «իրենք արդեն հաղթած են», ավելի շատ ձայն են ստանալու, քան 2021-ին։
Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նման բան հայտարարեց` առաջարկելով լրագրողներին «մարժ գալ», որ իրենք 26-ին ավելի շատ ձայն են հավաքելու, քան 21-ին են ստացել: Եվ սա հենց Փաշինյանի գաղափարն է, որը շուտով ՔՊ-ական խմբակը կսկսի լայնորեն կիրառել: Սրանով մի բանի են ուզում հասնել` մարդիկ մտածեն, որ, միեւնույն է, ՔՊ-ն արդեն հաղթել է, ի՞նչ իմաստ ունի գնալ ընտրության, քվեարկել եւ հետո հուսախաբ լինել: Գաղտնիք չէ, որ ընտրողների ցածր մասնակցությունից միայն ՔՊ-ն է շահելու: Նրա էլեկտորատը, այսպես թե այնպես, գնալու է ընտրատեղամաս, ու փոքր մասնակցության դեպքում իրենք մեծամասնություն կկազմեն։

Русский