Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Ո՞վ է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից հետ կանչված Արման Իսրայելյանը և ինչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ»

Blog Image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես ավելի վաղ գրել էր ArmLur.am-ը, նոյեմբերի 23-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք հրամանագրեր էր ստորագրել, որոնցով Հայաստանի դեսպաններ և միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչներ հետ են կանչվել զբաղեցրած պաշտոններից։ Նրանց թվում է նաև ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Իսրայելյանի կենսագրությունը, դիվանագիտական գործունեության ուղին և պաշտոնը ստանձնելուց հետո ներկայացրած գույքի, եկամուտների ու ծախսերի հայտարարագիրը՝ պարզելու, թե ով է երկարամյա աշխատանքային փորձ ունեցող դիվանագետը և ինչ ունեցվածք ունի։

Արման Իսրայելյանը ծնվել է 1970 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Ալավերդիում։ 1987-1992 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ Հետագայում մասնագիտական վերապատրաստումներ է անցել Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Մալթայում, Նիդերլանդներում, Ճապոնիայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում՝ մասնակցելով դիվանագիտական, անվտանգության, սպառազինությունների վերահսկման և միջազգային հարաբերություններին վերաբերող դասընթացների։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Իսրայելյանի դիվանագիտական գործունեությունը սկսվել է դեռևս 1994 թվականին։ Տարիների ընթացքում նա աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումներում, զբաղեցրել է ՆԱՏՕ-ի բաժնի կցորդի, ապա երրորդ քարտուղարի, սպառազինությունների վերահսկման և ոչ կոնվենցիոնալ խնդիրների բաժնի վարիչի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի բաժնի վարիչի պաշտոնները։

1999-2002 թվականներին եղել է Հնդկաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղարը, 2005-2008 թվականներին՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդականը, իսկ 2010-2013 թվականներին՝ Չինաստանում ՀՀ դեսպանության խորհրդականը։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև նրա հետագա պաշտոնեական ուղին։ 2013-2014 թվականներին Իսրայելյանը եղել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական, 2014-2017 թվականներին՝ Բելգիայում ՀՀ դեսպանության խորհրդական, իսկ 2018 թվականին նշանակվել է նույն դեսպանությունում արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար։ 2018-2022 թվականներին գործուղվել է Ազգային ժողովի աշխատակազմ՝ որպես արտաքին կապերի վարչության պետ։

2022 թվականի մայիսի 6-ին ՀՀ նախագահի հրամանագրով Արման Իսրայելյանը նշանակվել է ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար։ Իսկ 2026 թվականի նոյեմբերի 23-ին Վահագն Խաչատուրյանի հրամանագրով հետ է կանչվել այդ պաշտոնից։

Նշենք, որ Արման Իսրայելյանն ունի արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան։ Ամուսնացած է, ունի դուստր և որդի։

Անշարժ գույք․

«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ Իսրայելյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ նրա անվամբ առկա է երեք անշարժ գույք։

Դրանցից մեկը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարան է, որը ձեռք է բերել 2002 թվականի մայիսի 23-ին՝ գնման եղանակով, համատեղ սեփականության իրավունքով։

Մյուս բնակարանը գտնվում է Երևանում։ Այն ձեռք է բերվել դեռևս 1991 թվականի օգոստոսի 2-ին՝ նվիրատվության եղանակով, միանձնյա սեփականության իրավունքով։

Երրորդ անշարժ գույքը հողամաս է Լոռու մարզի Հաղպատ բնակավայրում։ Այն Իսրայելյանը ստացել է ժառանգությամբ՝ 2002 թվականի մայիսի 10-ին։

Դրամական միջոցներ․

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև դիվանագետի բանկային հաշիվների մնացորդները։ 2025 թվականի սկզբին Արման Իսրայելյանի բանկային հաշիվներում եղել է 32 հազար եվրո և 10 հազար դրամ։ Տարվա ավարտին եվրոյով միջոցները հասել են 55 հազար եվրոյի, իսկ դրամային միջոցները կազմել են 8 հազար դրամ։

Եկամուտներ․

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2025 թվականին Արման Իսրայելյանը եկամուտներ է ստացել ինչպես պետական ծառայությունից, այնպես էլ անշարժ գույքի վարձակալությունից։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից որպես աշխատանքի վարձատրություն նա հայտարարագրել է 48 հազար 200 եվրո։

Բացի այդ, Արամ Գագիկի Արամյանից վարձակալության դիմաց ստացել է 600 հազար դրամ, իսկ Մարիա Շուբինայից՝ 400 հազար դրամ։

Հայտարարագրում որպես տարվա ընդհանուր եկամուտ նշված է 22 միլիոն 642 հազար 282 դրամ։

Ծախսեր․

«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ 2025 թվականին Իսրայելյանը հանգստի նպատակով ճանապարհածախսի և կեցության համար ծախսել է 5 հազար եվրո, որը հայտարարագրում հաշվարկված է 2 միլիոն 164 հազար 500 դրամ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Send