Հանրությունը շարունակում է քննարկել ու քննադատել երգիչ Մգեր Արմենիայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Քննարկումների մի մասը նրան քննադատում է իշխանությունների կողմն անցնելու համար, իսկ երգչի երկրպագուները, հակառակը, մեղադրում են «Հայէկոնոմբանկին»՝ Մգեր Արմենիայի ձեռքից տունը «խլելու» համար։
Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով Մգեր Արմանիան զրկվել է հիփոթեքով ձեռք բերած բնակարանից։
Երգիչը MediaHub-ին փոխանցեց, որ բանկի ներկայացուցիչներն իրեն զանգահարել են և առաջարկել ստեղծված իրավիճակը կարգավորելու տարբերակ՝ այդ նպատակով մեկ ամիս ժամանակ տրամադրելով։
«Բանկի կողմից ներկայացված առաջարկն ինձ լիովին բավարարում է։ Իմ հերթին պարտավորվում եմ տրամադրված մեկամսյա ժամկետի ընթացքում կարգավորել տվյալ հարցը»,- ասել է երգիչը։
Նա հավելել է, որ այս պահին դեռևս չի վերադարձել իր բնակարան, և ընտանիքը ժամանակավորապես շարունակում է մնալ բարեկամի տանը։
Նշենք, որ երգիչը վերջերս է կորցրել հորը։ Ընտանեկան կորստի հետ կապված ծանր ապրումներին զուգահեռ՝ այժմ նա ստիպված է նաև հաղթահարել բնակարանի և ընտանիքի կացության հետ կապված խնդիրները։

Русский