«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստանի կողմից վիզային ռեժիմի հնարավոր սահմանումն ուղղված կլինի ոչ թե Մոսկվայի, այլ սեփական քաղաքացիների դեմ։ Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրականում Արեւմուտքն է Հայաստանին նման պահանջ ներկայացնում, որ վիզային ռեժիմ սահմանի Ռուսաստանի հետ: Ավելին, ասում են, որ դա է այն նախապայմանը, որից հետո ԵՄ-ն Հայաստանի համար մի քանի տարուց կարող է ազատականացնել վիզային ռեժիմը։
Իշխանությունը հայտարարել է, որ նման գործընթաց կսկսվի 2029 թվականին: Մեր աղբյուրի խոսքով՝ եթե Պուտինն ուղիղ տեքստով է վերջնագրեր ու նախապայմաններ ներկայացնում մեզ, ապա Արեւմուտքը դա անում է անաղմուկ, կուլիսներում: Մեզ ասացին, որ արեւմտյան պահանջներից մեկն էլ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին որեւէ առանցքային պաշտոնի նշանակելն է։
Հիշեցնենք, որ նրան Փաշինյանը պաշտոնանկ արեց՝ Ալեն Սիմոնյանին պաշտոն տալու համար: Արեւմուտքն առաջարկում է իր «մարդուն» գործուղել ՊՆ կամ ԱԱԾ, որտեղ դեռ ուժեղ է ռուսական ազդեցությունը: Բայց ռուսաստանյան իշխանությունները ժամանակին ամեն ինչ արեցին, որ Գրիգորյանն ԱԳ նախարար չնշանակվի, այս անգամ էլ ամեն գնով կխոչընդոտեն դրան:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քաղաքական դաշտում շարունակում է ինտրիգային մնալ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի առաջիկա ընտրությունների հարցը։ Հոկտեմբերի 25-ին Կոտայքի մարզի մի շարք խոշոր համայնքներում նախատեսված են համայնքի ղեկավարի ընտրություններ, և իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս օրերին ակտիվորեն քննարկվում են թեկնածուների հարցերը և չեն գտնում բոլոր տեղերում արժանի փոխարինողներ։ Հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել Աբովյանի քաղաքապետի թեկնածուի ընտրությունը։
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ իշխանության ներսում առավել հավանական տարբերակը Էդուարդ Բաբայանի թեկնածությունն է։ ՔՊ-ում վերլուծել են, որ Բաբայանը Աբովյանում ունի մեծ ճանաչելիություն և ընտրողների շրջանում անհրաժեշտ աջակցություն, ինչն էլ կարող է ՔՊ-ին հնարավորություն տալ քաղաքապետի ընտրություններում հաղթանակ ապահովել։ Այլ պարագայում էլի կպարտվի ՔՊ-ն այդ համայնքում։ Էդուարդ Բաբայանն այժմ ղեկավարում է Աբովյան համայնքը։ 2021 թվականի դեկտեմբերին նա ընտրվել էր Աբովյանի համայնքապետ՝ ստանալով 14 մանդատ, այն դեպքում, երբ ՔՊ-ի իշխանական թեկնածուն՝ Պավել Ցուգունյանը, իր ողջ ռեսուրսներով ստացել էր 12 մանդատ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի տարածքային կառույցներին, իհարկե, այս փուլում հանձնարարվել է ներկայացնել երկուական թեկնածու, որից հետո կուսակցության համապատասխան մարմինը պետք է ընտրություն կատարի։ Սակայն իշխանական մեր աղբյուրները պնդում են, որ, չնայած թեկնածուների ընտրության պաշտոնական գործընթացը դեռ չի ավարտվել, ներքին քննարկումներում նախապատվությունը կարծես թե տրվում է հենց Էդուարդ Բաբայանին՝ որպես կարող թեկնածու։ Միևնույն ժամանակ, նկատենք, որ այս պահի դրությամբ ՔՊ-ն պաշտոնապես չի հայտարարել Աբովյանի համայնքապետի թեկնածուի անունը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Բանակում խաղաղ պայմաններում զոհերի աննախադեպ վիճակագրությունը պաշտպանության համակարգում գզվռտոցի առիթ է դարձել։
Թեպետ շաբաթներ առաջ Պնախարար Սուրեն Պապիկյանը փորձեց քավության նոխազ հռչակել եւ ազատեց ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանին ու իր խորհրդականներին, սակայն դրանով կրքերը չեն հանդարտվել:
Նոր դեպքերը նոր կրքեր են բորբոքել։ Մեզ ասացին, որ ՊՆ ՌՈ, քննչական եւ դատախազական մարմիններն ինքնասպանությունների, խաղաղ պայմաններում մահերի համար փորձում են պատասխանատվությունը բարդել սպայական կազմի վրա, նրանք էլ համարում են, որ իրենց խնդիրը զորքի մարտական պատրաստվածության հարցերն են, իսկ կարգապահական հարցերով պետք է զբաղվեն ՊՆ քննչական, ՌՈ եւ դատախազական մարմինները։
Փոխադարձ մեղադրանքների մթնոլորտն այնքան է սրվել, որ բոլորը բոլորին դասակարգային թշնամի են համարում։

Русский