«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ իրավապահ համակարգում քննարկվող կադրային փոփոխությունների շրջանակում հնարավոր է պաշտոնից ազատվի Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, իսկ նրան փոխարինի ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը։
Այսօր արդեն «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել հնարավոր նշանակման շուրջ ձևավորված տրամադրություններից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քրեական աշխարհի ներկայացուցիչների և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների ու պատիժ կրող որոշ անձանց շրջանում Արամ Ղազարյանի հնարավոր նշանակման լուրը բավականին դրական է ընդունվել։
Նրանք սպասում են փոփոխությանը՝ Ղազարյանին համարելով իրենց համար առավել ընկալելի և ադեկվատ ղեկավար։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ քաղաքական ղեկավարությունը և եվրոպացի գործընկերները պաշտոնապես որդեգրել են քաղաքականություն, որտեղ, մեղմ ասած, չեն խրախուսվում քրեական ենթամշակույթի հետ առնչվող երևույթները, որը կարող է խնդրահարույց լինել այս պարագայում։
Հիշեցնենք, որ Արամ Ղազարյանը ազգակցական կապ ունի քրեական աշխարհում «Քանաքեռցի Տույ» մականունով հայտնի Արթուր Ղազարյանի հետ. նրանք հորեղբոր որդիներ են։
Այս կապի մասին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը 2025 թվականի հունիսին, երբ Արամ Ղազարյանը նշանակվել էր ոստիկանապետ, ասել էր, որ ազգակցական կապը որևէ կերպ չի կարող ազդել նրա ծառայողական գործունեության վրա՝ ընդգծելով Ղազարյանի մասնագիտական և մարդկային որակները։
Հիշեցնենք, որ Արամ Ղազարյանը 2026 թվականի հունվարի 19-ից զբաղեցնում է ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնը։ Մինչ այդ նա եղել է ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, իսկ 2024-2025 թվականներին՝ Լոռու մարզպետ»։
«Հրապարակ» թերթը գրում է. Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, որ վերջին տարիներին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականն էր, նախօրեին ազատվել է պաշտոնից, սակայն մտադիր է ակտիվ կյանքով ապրել:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա ուզում է համոզել մարզի ՔՊ-ականներին, որ իր թեկնածությունն առաջադրեն աշնանը Գորիսում կայանալիք ՏԻՄ ընտրություններում։ Թեկնածուների թվում է նաեւ նրա քրոջ որդին՝ Դավիթ Ղուլունցը, որը ներկայում Տեղ համայնքի ղեկավարն է, իսկ Տեղը միացվելու է Գորիսին: Սակայն Մելիքսեթ Պողոսյանը ՔՊ-ականներին փորձում է համոզել, որ իր թեկնածությունն ավելի մրցունակ է, իրեն Տեղում սիրում են ի տարբերություն քրոջ որդու, ու եթե ինքն առաջադրվի, ապա Առուշ Առուշանյանը դժվար թե ջախջախիչ հաղթանակ տանի։ Բնականաբար, իշխանությունների հետ «շոկոլադնի» հարաբերությունների մեջ գտնվող Առուշանյանն էլ է առաջադրվելու, թեպետ ՔՊ-ն դեռ որոշակիորեն զգուշանում է նրանից եւ «յուրային» չի համարում, ուստի շատ կուզենար այնպիսի թեկնածու ունենալ, որ հաղթեր Առուշին։ Բանն այն է, որ ՔՊ-ում ներքին որոշում ունեն՝ թեկնածու են առաջադրելու միայն կուսակցականներին, իսկ Առուշանյանը պատրաստ չէ հիմնահատակ խայտառակվել ՔՊ-ին անդամագրվելով։ Մելիքսեթ Պողոսյանն առաջադրվելու դեպքում չի կարող Առուշանյանին տապալել, բայց կարծում է, որ չի թողնի՝ նա մեծ տոկոսներով հաղթանակ տանի։ Արդյո՞ք ՔՊ-ն նրա վրա խաղադրույք կկատարի, մեր աղբյուրները չկարողացան պատասխանել։

Русский