«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից շքեղ առանձնատան գնման աղմկահարույց պատմությունը նոր զարգացում ունի: Մեր տեղեկություններով՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Կոնջորյանի գործարքը ստուգման է ենթարկվում, քննարկվում է՝ առկա՞ են արդյոք կոռուպցիոն բնույթի գործողությունների հատկանիշներ, թե՞ ոչ։
Հիշեցնենք, որ հետաքննող լրագրողները հրապարակել են տվյալներ, որոնց համաձայն՝ Կոնջորյանը և կինը 2024 թվականի հուլիսին Առինջում ձեռք են բերել առանձնատուն, որը հայտարարագրում ներկայացվել է 54 մլն դրամով՝ հիպոթեքային վարկով (նշվում է նաև՝ վարկը տրամադրել է «Հայէկոնոմբանկ»-ը)։ «Հետք»-ը հաշվարկ է ներկայացրել, որ նույն կառուցապատողի հայտարարած գներով նման գույքի արժեքը կարող է ստացվել շուրջ 75.6 մլն դրամ, այսինքն՝ տարբերությունը կազմի մոտ 21.6 մլն դրամ։
Նույն հրապարակման մեջ նշվում է նաև, որ 54 մլն դրամը պատահական թիվ չէ, քանի որ եկամտահարկի վերադարձի գործող մեխանիզմով (հիպոթեքի մասով) գործարքի պայմանագրային արժեքի համար առկա է 55 մլն դրամ շեմ՝ հարկային արտոնությունից օգտվելու համար։ Այսինքն , ստացվում է, հարմարացրել են տան գինը այնպես, որ եկամտահարկի վերադարձ լինի շքեղ առանձնատան համար և Կոնջորյանն էժանով դառնա դղյակի տեր:
Իհարկե, Կոնջորյանը հրապարակումից հետո հերքել է որևէ «զեղչ» ստանալու փաստը, սակայն «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հակակոռուպցիոն մարմնում այժմ փորձում են հասկանալ՝ գործարքում եղել են գնի մանիպուլյացիայի ու հնարավոր արտոնությունից օգտվելու կասկածելի տարրե՞ր, թե՞ խոսքը սովորական շուկայական գործարքի մասին է։
Մնում է սպասել՝ հասկանալու թե արդյոք հակակոռուպցիոն կոմիտեն կհամարձակվի ամբողջ ծավալով բացահայտել ՔՊ ղեկավարին առնչվող իրականությունը, թե թեման կդառնա օդում թողած պղպջակ: Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին պարտավոր է (եթե իսկապես ստուգում է ընթանում) ոչ թե լռությամբ «սառեցնել» թեման, այլ հրապարակային ներկայացնել՝ ի՞նչ է ստուգվում, ի՞նչ փաստաթղթեր են պահանջվել, և ինչ ժամկետում սպասել արդյունքի։ Հակառակ դեպքում ստացվում է պարզ բանաձև՝ երբ մեղադրյալը իշխանական է, հակակոռուպցիան վերածվում է քաղաքական լվացքատան․ մի քիչ աղմուկ, մի քիչ «ստուգում» և վերջում՝ ոչ մի պատասխանատվություն։
«Ժողովուրդ»-ը կհետևի ստուգումների ընթացքին ու արդյունքներին։
Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերից Հայկ Կոնջորյանի կինը դարձել է «Հայփոստ»-ի տնօրեն, ինչը անհնար էր պատկերացնել՝ Կոնջորյանի ՔՊ խմբակցության ղեկավար չլինելու դեպքում, եւ այժմ նա ստանում է ամսական մի քանի մլն դրամ աշխատավարձ: Թերևս մի ստուգում էլ անհրաժեշտ կլինի՝ պարզելու թե ինչպես հենց Կոնջորյանի կինը հաղթեց տնօրենի մրցույթում»։
«Հրապարակ»․ թերթը գրում է․
Արագածոտնի թեմի առաջնորդի, Վեհափառի քրոջ որդու` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տեսակցությունները դեռ արգելված են․ նրան կարող է տեսակցել միայն մայրը: Մյուս հարազատներին, ԱԺ պատգամավորներին արգելված է, քանի որ նախաքննության մարմինն ընտանիք ասելով շատ նեղ մարդկանց շրջանակ է հասկանում: Օրինակ, Նարեկ Կարապետյանին արգելում են այցելել Սամվել Կարապետյանին, քանի որ «եղբորորդին ընտանիք չէ»: Փակ են նաեւ Արշակ սրբազանի այցելությունները, որը դեկտեմբերի 5-ից կալանավորված է։
Նրան կարող են այցելել միայն եղբայրը` Արարատյան թեմի հոգեւոր սպասավոր Տեր Հակոբը, եւ տարեց մայրը: Բաց են տեսակցությունները Բագրատ սրբազանի համար` նախաքննության մարմինը թույլատրել է, եւ Միքայել սրբազանի համար, որի նկատմամբ արդեն առաջին ատյանի դատավճիռ կա, եւ իրավունք չունեն տեսակցություններն արգելել: Նկատենք, որ սրբազանները տարբեր ՔԿՀ-ներում են գտնվում. 2 ամիս առաջ կալանավորված Մկրտիչ սրբազանը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է, Բագրատ եւ Արշակ սրբազանները՝ ԱԱԾ-ին կից ՔԿՀ-ում, Միքայել սրբազանն այս պահին «Իզմիրլյան» ԲԿ-ում է, պատրաստվում է վիրահատության:

Русский