ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է հինգ ակտիվիստների անունները, որոնց նախկինում արգելվել էր մուտք գործել երկիր՝ ամերիկյան հարթակներն ու խոսնակներին գրաքննության ենթարկելու փորձի համար. նրանք բոլորն էլ եվրոպական երկրների քաղաքացիներ են։
Երեքշաբթի օրը ԱՄՆ-ն մուտքի արգելք է սահմանել հինգ ակտիվիստների նկատմամբ՝ ամերիկյան հարթակներն ու խոսնակներին գրաքննության ենթարկելու փորձի համար, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք պատժամիջոցներ ենք կիրառել Թիերի Բրետոնի նկատմամբ՝ «Թվային ծառայությունների մասին» օրենքի հիմնական հեղինակներից մեկի նկատմամբ։ 2024 թվականի օգոստոսին, երբ նա աշխատում էր որպես Եվրոպական հանձնաժողովի ներքին շուկայի և թվային ծառայությունների հանձնակատար, նամակ է հրապարակել, որում, հղում անելով «Թվային ծառայությունների մասին» օրենքին, սպառնացել է Իլոն Մասկին նախագահ Թրամփի հետ իր առցանց հարցազրույցից առաջ», - գրել է ԱՄՆ հանրային դիվանագիտության հարցերով պետքարտուղարի տեղակալ Սառա Ռոջերսն X սոցիալական մեդիա հարթակում։
Սահմանափակումներ են կիրառվել նաև բրիտանական «Թվային ատելության դեմ պայքար» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Իմրան Ահմեդի նկատմամբ՝ ամերիկացի «հակավակցինատորներին», այդ թվում՝ Ռոբերտ Քենեդի կրտսերին, որը Թրամփի վարչակազմում դարձել է առողջապահության նախարար, արգելափակելու կոչերի համար։
Ցանկում են նաև գերմանական ՀԿ-ների ղեկավարներ Աննա-Լենա ֆոն Հոդենբերգը և Ժոզեֆին Բալոնը, Մեծ Բրիտանիայում գործող «Գլոբալ դեզինֆորմացիայի ինդեքսի» ղեկավար Քլեր Մելֆորդը։
«Թվային շուկաների մասին» օրենքը (DMA) ուժի մեջ է մտել 2022 թվականի նոյեմբերի 1-ին և Եվրոպական միությունում սկսել է կիրառվել 2023 թվականի մայիսին։ Հեղինակների խոսքով՝ այս օրենքը նպատակ ունի «թվային շուկաները դարձնել ավելի արդար և մրցունակ» և վերջնական օգտատերերին տրամադրել ավելի շատ ընտրություն և ազատություն։ Հետագայում Եվրոպական հանձնաժողովը մի շարք ընկերություններ, այդ թվում՝ Alphabet-ը, Amazon-ը, Apple-ը, ByteDance-ը, Meta-ը, Microsoft-ը և X ցանցը, առանձնացրել է որպես հիմնական առցանց հարթակներ։ Այս ընկերությունները հայտնվել են Եվրոպական հանձնաժողովի անմիջական հսկողության ներքո։

Русский