«Փաստ» օրաթերթը գրում է.
Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած ցնցող միջադեպը, երբ ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը մտել է տեղի բնակիչներից մեկի տուն, կրակել տանտիրուհու ուղղությամբ և վիրավորել նրան, բնականաբար, լայն արձագանք, անհանգստություն և քննարկումների ալիք է բարձրացրել ինչպես մամուլում, այնպես էլ սոցիալական ցանցերում: Պատմությունը դեռևս բազմաթիվ անպատասխան մնացած հարցեր ունի: Անշուշտ, որևէ երկրի պարագայում անհնար է լիովին բացառել առանձին միջադեպերը, սակայն հասարակությանն առաջին հերթին հուզում է բուն հարցադրումը՝ ինչպե՞ս է դա տեղի ունեցել:
Հանրային մտահոգություններն ու անվտանգային հարցադրումները լիովին հասկանալի են, սակայն քննարկումների ֆոնին դիտարկումներն ու քննադատությունները երբեմն ուղղվում են տարբեր հասցեներով, որոնք տվյալ դեպքի հետ անմիջական առնչություն չունեն: Արդյունքում՝ բուն խնդիրը, ըստ էության, որոշակիորեն շեղվում է ու մղվում էմոցիոնալ ընկալումների դաշտ:
Մասնավորապես, քննարկումներում հաճախ հիշատակվում են Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը՝ նրանց վերագրելով տվյալ հատվածում սահմանային պատշաճ հսկողություն չիրականացնելու պատասխանատվությունը: Մինչդեռ, եթե հարցին մոտենում ենք տեղագրական փաստերով, ակնհայտ է դառնում, որ ԱԱԾ Սահմանապահ զորքերն այս կոնկրետ դեպքի հետ առնչություն չունեն:
Փաստացի տվյալներով՝ այն հատվածը, որտեղից ադրբեջանցի զինծառայողն ապօրինի հատել է սահմանը, ԱԱԾ Սահմանապահ զորքերի պահպանության տակ գտնվող մոտակա տեղամասից և ուղեկալներից հեռու է ավելի քան 50 կիլոմետր: Տվյալ տեղանքում սահմանային վերահսկողությունն իրականացվում է այլ տրամաբանությամբ, և Սահմանապահ ծառայության պատասխանատվության գոտին այդ տարածքի վրա չի տարածվում:
Միևնույն ժամանակ, սա առաջ է քաշում օբյեկտիվ հարցադրումներ. արդյո՞ք սահմանախախտը հստակ տեղեկացված է եղել տեղանքից, թե որտեղով է հնարավոր անցնել՝ ՍԶ պահպանվող տեղամասերից հեռու, և որքանով են տվյալ հատվածում ապահովված տեսադիտարկման համակարգերն ու կանխարգելիչ ինժեներական ենթակառուցվածքները: Սրանք մասնագիտական ու իրավական քննության ենթակա հարցեր են:
Ակնհայտ է, որ տեղի ունեցածը լուրջ անվտանգային հարցեր է բարձրացնում, որոնք հետևողական հասցեագրում են պահանջում: Սակայն, երբ հանրային դիսկուրսում շեշտադրումները ոչ ճիշտ ուղղությամբ են արվում, հարցի լուծումը չի արագանում։ Ուշադրության շեղումը խաթարում է առարկայական քննարկումը և խանգարում բուն անվտանգային խնդիրների արդյունավետ ու համակարգված հասցեագրմանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ բենզինի շուկայում առաջիկայում ֆինանսական լուրջ «ցնցումներ» են սպասվում։ Պետական եկամուտների կոմիտեն լայնածավալ ուսումնասիրություններ է սկսել ոլորտում, իսկ ՊԵԿ-ի թիրախում բենզինի շուկայում գործող մի շարք տնտեսվարողներ են։
Կայծակնային թանկացումից հետո Կառավարությունը փորձում է պարզել՝ ինչու է թանկանում բենզինի գինը՝ համաշխարհային թելադրանքով, բայց երբեք չի էժանանում նույն թելադրանքով։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ը ուսումնասիրում է ոչ միայն բենզալցակայաններում իրականացվող վերջնական վաճառքը։ Խոշորացույցի տակ է բենզինի շրջանառության ամբողջ շղթան՝ ներմուծումից, փաստաթղթավորումից ու հարկային հաշվարկներից մինչև վերջնական իրացում։
ՊԵԿ-ի այս ակտիվությունը ուշագրավ է հատկապես բենզինի գների շուրջ շարունակվող քննարկումների ֆոնին։ Հայաստանում տարբեր վաճառքի կետերում բենզինի որոշ տեսակների գինը հասնում է շուրջ 600-800 դրամի, և տարիներ շարունակ հարց է բարձրացվում՝ ինչպե՞ս է ձևավորվում վերջնական գինը, և որքանո՞վ են դրա բոլոր բաղադրիչները թափանցիկ։
Բենզինի և դրա հավելանյութերի համար գործում են ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հաշվարկման հատուկ կարգավորումներ, ուստի ՊԵԿ-ի ստուգումների շրջանակը կարող է ընդգրկել ոլորտի ամբողջ հարկային շղթան։
«Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ գործընթացը դեռ ավարտված չէ, հետևաբար այս պահին վաղ է խոսել վերջնական թվերի և կոնկրետ տնտեսվարողների նկատմամբ կիրառվելիք պատասխանատվության չափերի մասին։ Սակայն արդեն իսկ շրջանառվում են տեղեկություններ, որ ֆինանսական հետևանքները կարող են զգալի լինել։
Հետևաբար, առաջիկայում բենզինի շուկայում հետաքրքիր զարգացումներ են սպասվում»։
«Հրապարակ» թերթը գրում է․
Հայկ Սարգսյանի հարցը, որ շաբաթներ շարունակ օդում կախված է, որոշ ՔՊ-ականների կարծիքով, հնարավոր է հետողորմյա արվի։ Նրա հարցը, ինչպես հայտնի է, հասել է ՔՊ վերահսկող հանձնաժողովին եւ վարչությանը։ Եվ չնայած շատերն ուզում են, որ Հայկ Սարգսյանը հեռացվի ՔՊ շարքերից, սակայն Նիկոլ Փաշինյանը, ըստ մեր աղբյուրի, առանձնապես շահագրգռված չէ։
Մեզ ասացին, որ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել իր հարցի քննարկմանը ներկա գտնվել եւ առաջիկայում պարզաբանումներ ներկայացնել։ Նա էլ իբր հուժկու փաթեթ է հետը տանելու եւ ոմանց մոտ ասել է, թե դա կարող է տրամագծորեն փոխել իրավիճակը, եւ իրեն չհեռացնեն շարքերից։

Русский