Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»

Blog Image

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Բնականաբար, ցանկացած երկրի տնտեսության մասին իրական պատկերացում կազմելու համար պետք է ուշադրություն դարձնել մի քանի գործոնի՝ Հայաստանի տնտեսությունը որքանո՞վ է արտադրողական, որքանո՞վ է դիվերսիֆիկացված, ինչի՞ հաշվին է աճում, և որքանո՞վ է այդ աճը կայուն։ Առավել ևս Հայաստանի համար չափազանց կարևոր է, թե ինչպիսի տնտեսություն ունենք՝ արտադրո՞ղ, թե՞ հիմնականում ներմուծող ու վերավաճառող: Իհարկե, երկուսն էլ կարևոր ոլորտներ են և անհրաժեշտ են տնտեսությանը, բայց երկարաժամկետ զարգացման տեսանկյունից դրանց ազդեցությունը նույնը չէ։

Այս տեսանկյունից ուշագրավ պատկեր է ի հայտ բերում 1000 խոշոր հարկատուների ցանկը: Սակայն բանն այն է, որ Հայաստանի տնտեսության առանձնահատկություններից մեկը կախվածությունն է սահմանափակ թվով խոշոր ընկերություններից: Առաջին հիսնյակում գտնվող ընկերությունների վճարած հարկերը անհամեմատ մեծ ծավալ են կազմում ընդհանուր հարկային բլոկում: Այդ իսկ պատճառով, որպես կանոն, մենք դիտարկում ենք առաջին հերթին հենց «լավագույն հիսնյակը»:

Այն, որ արդեն որերորդ անգամ այս ցանկը գլխավորում է հեռախոսների, տեխնիկայի, դրանց աքսեսուարների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող Mobile Centre ընկերությունը, ինքնին բավական հետաքրքիր է, առավել ևս, որ հիսնյակում միանգամից 12 կազմակերպություն զբաղվում է տարբեր ապրանքների ներմուծմամբ ու վաճառքով: Խոսքը, հասկանալի է, միայն տեխնիկային չի վերաբերում, այլ նաև վառելիքին, խմիչքներին, ծխախոտային արտադրանքին և այլն: Այս ոլորտում, ի մասնավորի, խոշորներից են «Ֆիլիպ Մորիս Արմենիա», «Վեգա», «ՎիԷլՎի», «Դոմուս» ընկերությունները:

 Խոշորների ցանկի երկրորդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ վճարած մոտ 61 մլրդ դրամ հարկերով։ Հետաքրիքր է, որ Հայաստանի հանքարդյունաբերության առաջատարը անցած տարվա նույն ժամանակամիջոցի հետ համեմատած ավելի է վճարել մոտ 64 տոկոսով կամ 24,7 մլրդ դրամով ավելի հարկ։ Այստեղ պետք է նշել, որ հիսնյակում տեղ է գտել ևս երեք հանքարդյունաբերական ընկերություն՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատը, «Թեղուտը» և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Հաջորդ առաջատար ոլորտը բանկային համակարգն է: Առաջին հիսուն հարկատուների ցանկում միանգամից ինը բանկ է՝ Արդշինբանկ, Ամերիաբանկ, Ակբա բանկ, Ինեկոբանկ, ՎՏԲ-Հայաստան բանկ, Կոնվերս բանկ, Էվոկաբանկ, ԱյԴի բանկ, Հայէկոնոմբանկ:

Վերջապես, որպեսզի կարողանանք պատասխանել նյութի սկզբում նշված հարցին, թե ինչպիսի տնտեսություն ունի մեր երկիրը, պետք է անդրադառնանք նաև արտադրությանը (ինչպես միշտ, հանքարդյունաբերությունը դիտարկում ենք առանձին): Այստեղ, ֆուտբոլային լեզվով ասած, բանկերի հետ ունենք ոչ-ոքի արդյունք, այսինքն՝ հիսնյակում կա ինը արտադրող: Սակայն հետաքրքիր է, որ դրանցից երեքը զբաղվում են ծխախոտի արտադրությամբ: Խոսքը «Գրանդ տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» և «Սիգարոն» ընկերությունների մասին է: Երկու ընկերություն զբաղվում է ոչ ոգելից խմիչքների արտադրությամբ («Կոկա Կոլա», «Ջերմուկ»): Ինչ վերաբերում է սննդի արդյունաբերությանը, ապա, այս ոլորտի երկու առաջատարները «մշտական» ունեն լավագույն հիսնյակում: Խոսքը Հայաստանի քաղցրեղենի արտադրության առաջատար «Գրանդ Քենդի» ընկերության և մսամթերքի արտադրության առաջատար «Աթենք» ընկերության մասին է:

Հիսնյակում այդպիսի «մշտական» ունեն նաև կապի երեք օպերատորները՝ «Վիվա Արմենիան», «Յուքոմը», «Տելեկոմ Արմենիան»: Այս անգամ էլ նրանք լավագույնների մեջ են:

Ի հավելում՝ նշենք, որ շատ մասնագետներ ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ Արարատի ցեմենտի գործարանն այս 9 ամիսներին նվազեցրել է հարկերը ավելի քան 400 մլն դրամով՝ անցյալ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ։ Բանն այն է, որ մինչ գործարանը խլելը և կառավարիչ նշանակելը այս տարվա թե՛ առաջին եռամսյակում, թե՛ կիսամյակում արձանագրվել է հարկերի աճ՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իսկ ահա քաղաքական դրդապատճառներով մի քանի օր շարունակ գործարանի դռները կապարակնքելու, ապա և կառավարիչ նշանակելու արդյունքում գործարանը զգալի քիչ հարկեր է վճարել:

Իհարկե, միայն վճարած հարկերի թվերը հազիվ թե մասնագիտական տեսանկյունից վերջնական ու լիարժեք եզրակացություններ կատարելու համար հիմք լինեն, սակայն առնվազն ցույց են տալիս, որ տնտեսության աճի մասին խոսելիս կարևոր պետք է լինի ոչ միայն հարկերի ծավալը, այլև այն, թե ինչի հաշվին է այդ աճն ապահովվում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Send