«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 8-ին Հայաստանում պաշտոնապես մեկնարկում է Ազգային ժողովի 2026 թվականի ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
ԿԸՀ-ի հաստատած ժամանակացույցով՝ քաղաքական ուժերը հենց այդ օրվանից ստանում են օրենքով սահմանված հավասար քարոզչական ռեժիմը՝ հանրային եթերաժամից մինչև հրապարակային հանդիպումների պաշտոնական մեկնարկ։
Այս պահի դրությամբ քաղաքական ուժերի մեծ մասի կողմից մայիսի 8-ի մեկնարկային օրվա ամբողջական ծրագրերը դեռ հրապարակային չեն դարձել։
Սակայն արդեն կան առաջին հստակ ազդակները, թե ինչպես է բացվելու քարոզարշավը։
Իշխանական ՔՊ կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քարոզարշավը սկսելու են Սյունիքի մարզից։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ ակտիվը երկու օր անցկացնելու է Սյունիքի մարզում, բոլոր վայրերում նախատեսել են լինել, շատ ակտիվ «լայվ» քարոզարշավ իրականացնել։
Մենք տեղեկացանք, որ կրկին ավտոբուսներով են մարզ մեկնելու, ու ողջ քարոզարշավի «բեռը» իր վրա վերցնելու է Նիկոլ Փաշինյանը։
Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքը որոշել է մայիսի 8-ին, 19:00-ին, Հաղթանակի զբոսայգում մեծ միջոցառում իրականացնել, որտեղ պետք է ելույթ ունենա նաև Սամվել Կարապետյանը՝ տեսակապով։
Մյուս քաղաքական ուժերն արդեն այսօր կհայտարարեն, թե որ մարզից կամ մայրաքաղաք Երևանի որ վարչական շրջանից կմեկնարկի իրենց նախընտրական քարոզարշավը։ Մեր տեղեկություններով՝ նաև քարոզարշավի վերջում իշխանությունները նպատակ ունեն Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք իրականացնել»։
«Հրապարակ» թերթը գրում է ․ ՔՊ շարքերում խոր անորոշություն է, ցուցակի 50-յակում չընդգրկվածները չեն թաքցնում, որ անկյուն են մղվել եւ չեն պատրաստվում իրենց կոտորել` քարոզչությամբ զբաղվել։
Փաշինյանը որոշել է պաշտոնական քարոզարշավին ցուցակի առաջին 50-յակի հետ շրջել, եթե բացականեր լինեն, նոր հաջորդ համարները կգնան։ Եվ 50-ից հետո ընդգրկվածների թիվ մեկ խնդիրը դարձել է իրենց ապագա աշխատավայրի եւ մերձավորներին տեղավորելու հարցը։
Չնայած Փաշինյանը վարչության անդամների միջոցով փոխանցել է, որ ոչ մեկն անգործ չի մնա, եթե հաղթեն, բայց պետք է ընտրություններին բոլորը «վիզ դնեն», սակայն նրանք վստահ չեն հաղթանակի հարցում եւ չեն հավատում ստելու մեծ վարպետ Փաշինյանի խոստումներին։

Русский