«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախօրեին Ազգային ժողով է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։ Աննա Հակոբյանը փակ, աշխատանքային հանդիպում է ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպմանը ներկա է եղել ՔՊ խմբակցության ամբողջ կազմը։ Քննարկման հիմնական թեման եղել է Աննա Հակոբյանի նախաձեռնած՝ ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն քրեականացնելու գաղափարը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ական պատգամավորները Հակոբյանին տարբեր հարցեր են ուղղել, ներկայացրել իրենց մտահոգություններն ու ստացել պատասխաններ։ Հանդիպումից հետո, ըստ մեր տեղեկությունների, խմբակցության ներսում ձևավորվել է այն մոտեցումը, որ Հակոբյանի նախաձեռնությունը պետք է կյանքի կոչվի և խորհրդարանում ստանա իշխանական մեծամասնության աջակցությունը։
Բայց ի՞նչ է իրականում առաջարկում Աննա Հակոբյանը։
Հակոբյանը դեռ օգոստոսին հրապարակայնորեն հայտարարել էր, որ Հայաստանի օրենսդրության մեջ անհրաժեշտ է ընտանեկան բռնությունը ճանաչել որպես ինքնուրույն, առանձին հանցագործություն։ Նրա ներկայացրած մոտեցմամբ՝ խոսքը միայն գործող օրենքներում տեխնիկական փոփոխությունների մասին չէ։ Նախաձեռնության նպատակը, ըստ Հակոբյանի, ավելի ամբողջական և տուժողակենտրոն օրենսդրական ու իրավակիրառ մեխանիզմների ստեղծումն է։
Նրա հայտարարած ծրագրի առաջին փուլում նախատեսվում է մշակել օրենսդրական կարգավորումների ամբողջական փաթեթ և այն ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը։ Հակոբյանը հայտարարել էր, որ մինչ այդ գործընթացը քննարկումներ է նախաձեռնել Հայաստանից և Սփյուռքից անկախ փորձագետների, ոլորտի պատասխանատուների, ինչպես նաև նախկինում այս թեմայով աշխատած կին պատգամավորների հետ՝ գործող օրենսդրության բացերը և իրավակիրառ խնդիրները հասկանալու համար։
Այս նախաձեռնության երկրորդ փուլը, ըստ հրապարակված ծրագրի, պետք է սկսվի օրենքի ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո։ Այն նախատեսում է հանրային իրազեկման լայն արշավ, համապատասխան պետական մարմինների աշխատակիցների վերապատրաստում և նոր կարգավորումների արդյունավետ կիրառման ապահովում։ Միաժամանակ նախատեսվում է համազգային հետազոտություն՝ Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության իրական տարածվածության վերաբերյալ տվյալներ հավաքագրելու նպատակով։
Հետաքրքիր է, որ Հակոբյանը սկզբից իսկ հայտարարել էր՝ ցանկանում է գործընթացում ներգրավել նաև խորհրդարանական ընդդիմությանը։
Նա հատուկ հանդիպման էր հրավիրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին՝ առաջարկելով քննարկել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն սահմանելու գործընթացը։
Սակայն ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները հանդիպման առաջարկը մերժեցին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Русский