Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ MediaHub TV

ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը՝ առանց անդամակցության․ ի՞նչ խնդիր է լուծում Հայաստանը

Blog Image

Հայաստանը վերջին տարիներին փորձում է դիվերսիֆիկացնել ոչ միայն սպառազինության ձեռքբերման աղբյուրները, այլև ընդլայնել միջազգային ռազմական համագործակցությունը՝ Ֆրանսիայի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի և եվրոպական այլ գործընկերների հետ։ Այս համատեքստում կարևոր է նաև ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցման գործընթացը։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Հայաստանը հիմա կարևորում ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգը, և ի՞նչ ռազմավարական խնդիր է փորձում դրանով լուծել։

«ՆԱՏՕ-ի բանակն ունի իր հայեցակարգը։ ՆԱՏՕ-ի հայեցակարգին համապատասխանելու համար մեր բանակի զարգացման հայեցակարգը պետք է ամբողջովին մոտեցնել ՆԱՏՕ-ի գործունեությանը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահագն Սարոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի զինված ուժերի զարգացումը անկախությունից ի վեր հիմնականում ձևավորվել է տեղական պայմանների, սովորույթների և առկա համակարգի ազդեցությամբ, այլ ոչ թե ՆԱՏՕ-ի ռազմական հայեցակարգին համապատասխան։

«Այս պարագայում, եթե մենք մեկնաբանենք այս իրավիճակը, առաջին հերթին պետք է հասկանանք՝ ՆԱՏՕ-ի ինչ չափանիշների մասին է խոսքը՝ զինված ուժերի կարգ ու կանոնի, ռազմատեխնիկական խնդիրների, ՆԱՏՕ-ի սպառազինության»,- նշում է փորձագետը։

Սարոյանը որպես օրինակ բերում է Վրաստանը, որը 2008 թվականից քայլ առ քայլ մոտեցրել է իր զինված ուժերի հայեցակարգը ՆԱՏՕ-ի չափանիշներին, սակայն մինչ օրս չի դարձել դաշինքի անդամ։

«Հիմա հարց՝ ի՞նչ է լուծելու մեզ համար ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը, եթե մենք չենք անցնելու նրա կազմ»,- ասում է փորձագետը։

Այսինքն՝ ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրումն ինքնին չի նշանակում Հայաստանի անդամակցություն դաշինքին։ Գործընթացի կարևորությունն այն է նաև, թե որքանով այն կարող է փոխել հայկական բանակի կառավարման, պատրաստության և միջազգային ուժերի հետ համագործակցության մշակույթը։

Սարոյանի խոսքով՝ ներկայիս գործընթացը պետք է դիտարկել նաև Հայաստանի անվտանգության համակարգի փոփոխության համատեքստում։

«Հայաստանը այս պահին ունի ՀԱՊԿ-ի հետ սառեցված հարաբերություններ, ու դրա պայմաններում Հայաստանը գնում է այլընտրանքներ փնտրելու ճանապարհով։ Թե որը կլինի այդ դաշինքը, ժամանակը ցույց կտա»,- եզրափակեց Սարոյանը։

Ալիտա Եղիազարյան

Send