Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Եվրոպան՝ բողոքի ալիքի մեջ. Ֆրանսիայից մինչև Իտալիա՝ զանգվածային ցույցեր, բախումներ ու հրկիզումներ

Blog Image

Եվրոպայի մի շարք երկրներում կյանքի թանկացման, ցածր աշխատավարձերի և իշխանությունների վարած քաղաքականության դեմ ուղղված բողոքի ցույցերը վերածվել են զանգվածային ակցիաների՝ որոշ քաղաքներում ուղեկցվելով ոստիկանության հետ բախումներով, հրկիզումներով և ավերածություններով։

Բողոքի մեծ ալիք է բարձրացել Ֆրանսիայում. հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ։ Երկրի ներքին գործերի նախարարի տվյալներով՝ ցույցերին մասնակցել է շուրջ 550 հազար քաղաքացի, որոնցից մոտ 110 հազարը՝ Փարիզում։ Մայրաքաղաքից բացի՝ բողոքի ակցիաներ են անցկացվել Լիոնում, Մարսելում, Ստրասբուրգում և այլ քաղաքներում։ Երկրում տեղի ունեցող բողոքի ալիքը կապված է կենսապահովման թանկացումների դեմ։

Այս ցույցերը ուսումնական տարվա սկզբից մեկնարկած բողոքի շարժումների վերջին դրվագն էին: Դպրոցականները բողոքում էին կրթության ֆինանսավորումն ավելացնելու և բուհերի ընդունելության քննությունները բարեփոխելու պահանջով։ Հետո նրանց միացան ուսանողները, արհմիությունները, ֆերմերները և «դեղին բաճկոնների» շարժման անդամները՝ բողոքելով կյանքի թանկացման դեմ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է երկրում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները՝ թանկացումների և դպրոցական պայմանների բարելավման դեմ զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին: Մակրոնը նաև քննադատել է թալանը, ոստիկանության նկատմամբ բռնությունը և ավերածությունները:

Նախագահի խոսքով՝ «նրանք, ովքեր պատճառ են դարձել ավերածություններին և թալանին, պետք է փոխհատուցում վճարեն»: Նա հատուկ անդրադարձել է ցուցարարներին մտահոգող հարցերին, այդ թվում՝ թանկացումներին, իրական աշխատավարձերի անկմանը և կրթական համակարգի վիճակին: Մակրոնը խոստացել է, որ կառավարությունը մտադիր է մոտ ապագայում երկխոսություն սկսել հանրության հետ և աշխատել լուծումներ գտնելու ուղղությամբ: «Ոչինչ չի արդարացնում այս բռնությունը»,- եզրափակել է նա:

Ֆրանսիայում ծավալվող իրադարձությունները, սակայն, եվրոպական դժգոհության միակ դրսևորումը չեն։

Կյանքի թանկացումը, վառելիքի բարձր գներն ու ցածր աշխատավարձերը մարդկանց փողոց են դուրս բերել նաև Իտալիայում, որտեղ բողոքի ցույցերը ևս վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Միլանում սկզբնական բողոքը, որն ուղղված էր կենսապահովման ծախսերի աճի և սոցիալ-տնտեսական դժգոհությունների դեմ, վերածվել է անկարգությունների։ Բախումների ընթացքում վնասվել են ավտոբուսի կանգառները, խանութների ցուցափեղկերը, շենքերի ապակիները և ոստիկանության մեքենաները։ Վերջին հրապարակված տվյալներով՝ բերման ենթարկվածների գրեթե կեսը եղել է անչափահաս։ Միջադեպերի հետևանքով վիրավորվել է շուրջ 20 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին դատապարտել է բռնությունները՝ միաժամանակ ընդգծելով քաղաքացիների՝ խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը։

Նրա գնահատմամբ՝ բողոքի արտահայտման իրավունքը չի կարող արդարացնել բռնություններն ու ավերածությունները։

Ալիտա Եղիազարյան

Send