«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, կալանավորված Դավիթ Ղազինյանը վարչական դատարան հայց է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի որոշումները, որոնցով բավարարվել է դատախազության միջնորդությունները, և ԿԸՀ-ն համաձայնություն է տվել իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցել և զրկել ազատությունից։
Դատարանը՝ դատավոր Լիլիթ Սադոյանի նախագահությամբ, հայցադիմումն ընդունել է վարույթ:
Դատարանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից որպես ապացույց պահանջել է հունիսի 17-ի թիվ 260-Ա և թիվ 261-Ա որոշումների կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը ողջ ծավալով, ինչպես նաև ԿԸՀ-ի՝ նույն օրվա արտահերթ նիստի ձայնագրությունները։ Պահանջված ապացույցները ԿԸՀ-ն Վարչական դատարան պետք է ներկայացնի անհապաղ, այն պահից, երբ ստանա դատարանի որոշման օրինակը: Գլխավոր դատախազությունը ներգրավվել է որպես երրորդ անձ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործով կայացվելիք դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է Գլխավոր դատախազության վրա։ Դատական նիստը նշանակվել է 2026թ. հունիսի 22-ին:
Հունիսի 17-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը փակ նիստում քննել ու բավարարել էր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի երեք թեկնածուի՝ Ռոբերտ Քոչարյանի, Դավիթ Ղազինյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ դատախազության՝ քրեական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդությունը: Բացի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, մյուս երկու թեկնածուների մասով դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել նաև ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ, որը նույնպես բավարարվել է: Դատարանը Դավիթ Ղազինյանին 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել:
Ղազինյանին առաջադրված մեղադրանքն առնչվում է հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությանը, որտեղ նշված է նրա կողմից 1,4 մլն դրամ ենթադրյալ ընտրակաշառք տալը։ Ղազինյանը հերքել է իր մասնակցությունը։

Русский