MediaHub-ը կապ հաստատեց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Հարություն Հարությունյանի հետ՝ Տիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրերի փլուզման հետևանքով տուժածների մասին տեղեկությունը հստակեցնելու համար։ Պարոն Հարությունյանն ասաց, որ շտապբուժօգնության կանչը ստանալուն պես անմիջապես ծառայության 06 բրիգադը՝ բժիշկ Հունան Թաթոսյանի ղեկավարությամբ մեկնել է դեպքի վայր և այդ պահից սկսած մինչև այժմ այնտեղ հերթապահություն է իրականացնում։
Ըստ Հարություն Հարությունյանի՝ որևէ տուժած չկա, որևէ մեկն անգամ վնասվածք չի ստացել։
Այս պահի դրությամբ դեպքի վայրում ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայությունը դեպքի հետևանքները վերացնելու աշխատանքներ է իրականացնում, և շտապբուժօգնության բրիգադը կշարունակի հերթապահությունը մինչև այդ աշխատանքների ավարտը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 20։46-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում փլուզվել են շինարարական կառուցատարրերն, ընկել երթևեկելի հատված և մայթին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության օպերատիվ խմբեր։
Ըստ նախնական տվյալների՝ տուժած անձինք չկան․ վնասվել է 4 ավտոմեքենա։

Русский