Գերմանիան կոչ է արել իր եվրոպացի գործընկերներին ավելի խիստ սահմանափակումներ կիրառել ԵՄ մուտք գործող ռուսաստանցիների համար տուրիստական վիզաների տրամադրելիս։
Գերմանիայի իշխանությունները հետաքննում են Բելառուսի քաղաքացու գործողությունները, որը նաև ռուսական անձնագիր ունի, կապված Լայպցիգի օդանավակայանում անօդաչու սարքերի և պայթուցիկների միջոցով ենթադրյալ հարձակման փորձի հետ։ Ենթադրվում է, որ տղամարդը Շենգենյան գոտի է մտել Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Իտալիայի դեսպանատան կողմից տրված տուրիստական վիզայով։
Ըստ «The Guardian»-ի՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը դժգոհություն է հայտնել ռուսներին տրամադրվող վիզաների չափազանց մեծ քանակի վերաբերյալ։ «Ռուսաստանի քաղաքացիներին Եվրոպական Միությունում հանգստանալու համար տրամադրվող վիզաների թիվը չափազանց մեծ է», - հայտարարել է նախարարության խոսնակը։
Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներն ասել են, որ ռուսներին տրամադրվող վիզաների մեծ թիվը հակասում է Ուկրաինայում պատերազմի հետ կապված պատժամիջոցների ոգուն և անհնար է դարձնում հետևել, թե ովքեր են մտնում ԵՄ և ինչ նպատակով։
Էստոնիան, Ֆինլանդիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը և Չեխիան գրեթե ամբողջությամբ դադարեցրել են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը՝ մտցնելով ազգային սահմանափակումներ, որոնք գերազանցում են ԵՄ միջոցառումները: Այնուամենայնիվ, մի շարք այլ անդամ պետություններ շարունակում են մեծ քանակությամբ վիզաներ տրամադրել, որոշ դեպքերում ավելացնելով դրանց թիվը:

Русский