SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ 28-ամյա Անդրանիկ Ս․-ն Արցախի Հանրապետությունում զբաղեցնելով Ազգային անվտանգության ծառայությունում վարորդի հաստիքը, 2023 թվականի աշնանը Արցախից ՀՀ է տեղափոխել իրեն ամրակցված Արցախի Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում գտնվող «УАЗ Патриот» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որը թաքցրել է Արարատի մարզի Այգեզարդ գյուղում՝ 30-ամյա Սուրեն Պ․-ի պատկանող տան քարե ավտոտնակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Արարատի քրեական ոստիկանները դեկտեմբերի 5-ին այցելել են Արարատի մարզի Այգեզարդ գյուղի Գայի փողոցի 42 հասցե, որտեղ Սուրեն Պ․-ն հայտնել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և ցույց է տվել ավտոմեքենան։
Գ․ Շամշյանի տեղեկություններով քրեական ոստիկանների կողմից կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ մեքենայի վրա տեղադրված համարանիշները այլ «УАЗ 452» մակնիշի ավտոմեքենայի են և որևէ առնչություն չունեն «УАЗ Патриот»-ի հետ։

Русский