«Հրապարակ» թերթը գրում է․
Մեր տեղեկություններով, Զինված ուժերում սկսվել է բացահայտ քարոզչություն՝ գործող իշխանության օգտին։ Քարոզչական առաքյալներ են նշանակվել զորամասերի հրամանատարները կամ այդ պարտականությունը կատարող զինվորականները, որոնք, մեր աղբյուրի պատմելով, հատկապես վերջին օրերին զորքի հետ «դաստիարակչական», «լուսավորչական» աշխատանքներ են տանում։
Նախ, երկարաշունչ ճառեր են ասում զորքի առաջ, թե հունիսի 7-ի ընտրություններին պարտավոր են ընտրել այն ուժին, որին արժանի են համարում, իսկ վերջում հարկ են համարում զորքին պարտադրել իրենց հեղինակավոր կարծիքը, որ, դիցուք, ինք՝ հրամանատարը, անձամբ ընտրելու է այս իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին, քանի որ նրանց է համարում արժանի, քանի որ նրանք են բանակի համար այսինչ, այնինչ բանն արել
Մենք գրել էինք, որ ավելի քան 200 զինվորականի են վերջին ամիսներին հանել ԶՈՒ-ից` «հետախուզական» աշխատանքների արդյունքում բացահայտելով, որ նրանք ոչ իշխանական հայացքներ ունեն: Նրանց անսպասելիորեն հայտնել են, թե նպատակահարմար չեն գտնում, որ ծառայությունը շարունակեն: Այս մթնոլորտում դժվար է պատկերացնել մի զինվորականի, որը ղեկավարության կամքին հակառակ կգնա։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ամենաուշագրավ առանձնահատկություններից մեկը գրեթե անընդհատ ուղիղ եթերներն էին։ Վարչապետը մայիսի սկզբից հանրային հանդիպումների, շրջայցերի և նախընտրական միջոցառումների ժամանակ մշտապես երևում էր կրծքին ամրացված բարձրախոսով, որի միջոցով սոցիալական հարթակներում ուղիղ հեռարձակումներ էր իրականացնում։
Այդ գործելաոճն անգամ մի քանի անգամ անհարմար իրավիճակների պատճառ դարձավ։ Մասնավորապես, քարոզարշավի ընթացքում արձանագրվեց դեպք, երբ արտաքին քաղաքական ոլորտը համակարգող պատասխանատու նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի ականջին փորձեց ինչ-որ տեղեկություն փոխանցել, նրա կրծքին ամրացված բարձրախոսի պատճառով այդ խոսակցությունը ևս լսելի դարձավ ուղիղ եթերի հետևորդների համար։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը նկատել է հետաքրքիր փոփոխություն. վերջին 5 օրերին Փաշինյանը հանրային միջոցառումների ժամանակ այլևս չի երևում կրծքին ամրացված ուղիղ եթերի բարձրախոսով։ Ժողովուրդ օրաթերթի դիտարկմամբ՝ վերջին անգամ կրծքի բարձրախոսը տեսանելի է եղել շուրջ հինգ օր առաջ, որից հետո վարչապետը կարծես հրաժարվել է քարոզարշավի այդ ձևաչափից
Թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը՝ տեխնիկական, մարտավարական, թե քաղաքական նկատառումներով, առայժմ հայտնի չէ։ Սակայն փաստ է, որ քարոզարշավի սկզբում Փաշինյանի գրեթե մշտական «ուղիղ եթերային» ներկայությունը վերջին օրերին նվազել է, իսկ կրծքին ամրացված բարձրախոսը, որն արդեն դարձել էր նախընտրական արշավի խորհրդանիշներից մեկը, այլևս չի երևում վարչապետի հանրային ելույթների ժամանակ։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Որքան էլ քպականները փորձում են ցույց տալ, թե Նիկոլ Փաշինյանի նախընտրական հավաքները մարդաշատ են, անզեն աչքով էլ նկատելի է, որ նախ՝ այդպես չէ, ապա և՝ եղածների մեծամասնությունը «բերովիներն» են, իսկ ինքնակամ եկածներին կարելի է մատների վրա հաշվել: Օրինակ՝ շաբաթ օրը մեր թղթակիցն ականատես է եղել, որ Քանաքեռում տեղի ունեցած հավաքին հազիվ մի 100 մարդ է մասնակցել, գերակշիռ մեծամասնությունը՝ Փաշինյանի հետ եկածները կամ պետական կառուցներից բերվածները:
Եվ, ընդհանրապես, բոլոր հանդիպումների ժամանակ ակտիվ կիրառվում է վարչական ռեսուրսը, ինչի բազմաթիվ օրինակներ կան ԶԼՄ-ներում: Մեր ունեցած տեղեկություններով, անխտիր բոլոր պետական գերատեսչություններին տրված է հանձնարարական՝ ապահովել որոշակի մարդաքանակ: Ավելին, այդ ամենը կազմակերպվում է նախօրոք կազմված ցուցակներով, որոնցով խմբերի պատասխանատուները իրականացնում են «ներկա-բացակա»:
Մեր աղբյուրը փոխանցում է, որ այս կամ այն հանդիպման վայրում նույնիսկ յուրաքանչյուր խմբի կանգնելու կոնկրետ տեղն է նախապես որոշված: Ու այս ամենը այնպիսի կազմակերպված «ռելսերի» վրա է դրված, և ՔՊ քարոզարշավի կազմակերպիչներն այնքան վստահ են, որ ցանկացած հարթակ «կլցնեն» այդ մեխանիզմով, որ հավաքներին ինքնակամ, այսպես կոչված՝ «օրգանիկ» եկած մարդկանց կարիքը չունեն: Ավելին, նրանց ձեռք էլ չի տալիս, որ «պատահական» քաղաքացիներ մասնակցեն, քանզի փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ նման մի քանի մարդու ներկայությունն ինքնին խնդիրներ է ստեղծում Փաշինյանի համար. այդ մարդիկ ամենուր ի ցույց են դնում վերջինիս մերժվածությունը: Այդ պատճառով էլ, մեր տեղեկություններով, հիմա ամեն ինչ արվում է՝ ընդհանրապես «պատահականների» ներկայությունն իսպառ բացառելու: Երեկվա դրվագը, երբ Փաշինյանի համար սև սիրտ բերած զոհվածի մորը նույնիսկ թույլ չտվեցին մոտենալ նրան, դրա վառ վկայությունն է :
«Հրապարակ» թերթը գրում է.
Եթե ադմինիստրատիվ ռեսուրսը չլիներ, ապա Նիկոլ Փաշինյանի նախընտրական հանրահավաքներին 10-20 մարդ էլ չէր մասնակցի:
Նախկին հեղափոխական առաջնորդի իմիջից ոչինչ չի մնացել, եւ նրա հետեւորդների շարքերն էլ խիստ նոսրացել են: Այնպես, որ անգամ իր ծննդավայր Իջեւանում այսքան ադմինիստրատիվ լծակներ կիրառելով չեն կարողանում մի փոքր հրապարակ լցնել: Իջեւանը փոքր քաղաք է, այնտեղ չկան առանձնապես մեծ հրապարակներ:
Հայտնի հրապարակը կոչվում է երգող շատրվանների հրապարակ, որտեղ երեկոյան ժամերին մարդիկ դուրս են գալիս զբոսանքի շատրվաններով հիանում, քայլում Աղստեւ գետի ափին եւ այլն: Այնտեղ են նաեւ տեղի ունենում բոլոր համերգները, միջոցառումները:
Սակայն կիրակի օրը Փաշինյանի նախընտրական հավաքը տեղի է ունեցել ոչ թե Իջեւանի հրապարակում, այլ նախկին զինկոմիսարիատի հարեւանությամբ` բնակելի շենքերի արանքում: Իջեւանցիներն այդ տարածքը վերջին տարիներին անվանում են Կասկադ: Դա բավականին փոքր տարածք է, որը լցնելը բարդ չէ, դրա համար էլ այդ տեղանքն է ընտրվել, ոչ թե Իջեւանի գլխավոր հրապարակը:

Русский