Այսօր՝ հունվարի 9-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Զովունի–Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում բախվել են «Ford», «Chevrolet» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է մերկասառույց, եղանակն՝ էլ ձյուն ու անձրև։ Իսկ վիրավորները Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են։

Русский