«Ժողովուրդ» օրաթերթին հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը տեղեկացրեց, որ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու հիմքով։ Խոսքը ականջ, լեզու կտրելու հայտարարություններ արած Արթուր Հովհաննիսյանի մասին է, ով պարտվել է դատարանում:
Հիշեցնենք, որ 2023թ ապրիլի 4-ին ԱԺ Մարդու իրավունքների մշտապան հանձնաժողովի նիստում ՔՊ խմբակցության քարտուղարը իրեն պահեց պատգամավորին ոչ հարիր՝ սպառնալով կտրել ՄԻՊ ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանի լեզուն և ականջները:
Այս խոսքերի համար նա դատարանում պարտվել է, Էդգար Ղազարյանին վճարել 1մլն 250 հազար ՀՀ դրամ, բայց հրաժարվում է ներողություն խնդրել:
Աննա Վարդապետյանին ուղարկված հաղորդման մեջ, մասնավորապես, նշվում է․
«ԱԺ պատգամավոր, իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան-ը թույլ է տվել հանցանք՝ միտումնավոր չկատարելով դատարանի վճիռը»։ Մինչդեռ, օրենսդրությամբ «Դատարանի վճիռը պարտադիր է կատարման համար, իսկ դրա չկատարումը քրեորեն պատժելի արարք է»։
Այսպիսով, ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է իրավական ընթացակարգով արձագանքել և, անհրաժեշտության դեպքում, Արթուր Հովհաննիսյանի հետևից ԱԺ մտնել՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար:
Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանի ավտոմեքենայից 2017թ 0.24մգ թմրանյութ էր հայտնաբերվել և հարուցվել է քրեական գործ: Այսինքն՝ նա ձերբակալվել է թմրանյութի գործով:
«Հրապարակ»․ թերթը գրում է ․
Մայր Աթոռում մի քանի օր է՝ քննարկումներ են ընթանում․ ինչպես անել, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայում նշանակված Եպիսկոպոսաց ժողովը չխափանվի, ինչին ձգտում է Նիկոլ Փաշինյանը՝ իր ողջ ուժով եւ 10 տիրադավներով։ Նախօրեին հայտնի դարձավ, որ մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել Մայր Աթոռի վեց եպիսկոպոս եւ մեկ քահանա։
Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, իսկ դատական ակտը վերաբերում է կարգալույծ հռչակված Գեւորգ եպիսկոպոս Սարոյանին՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդին վերականգնելուն, որը հունվարի 27-ին կարգալույծ հռչակվեց Վեհափառի տնօրինությամբ։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Հոգեւոր թեւը մանրամասներ չի հայտնում ժողովի կայանալ-չկայանալու մասին, քանի որ տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ն շարունակում է բիրտ ճնշումները, ընդհուպ՝ Վեհափառին կալանավորելու սպառնալիք-մեսիջներ են փոխանցում Մայր Աթոռին։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանյան լրատվամիջոցներն անընդհատ ահազանգում են, որ կասկածելի գործունեությամբ զբաղվող չեխական «Առնիկա» կազմակերպությունը Հայաստանում պարբերաբար կատարում է «ուսումնասիրություններ», հավաքագրում է ջրի, հողի, օդի նմուշներ, տեսանկարահանում և քարտեզագրում է ռազմավարական օբյեկտներ համարվող հանքերն ու պոչամբարները: Նրանք արդեն հետազոտություններ են արել Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի մարզերում:
Ոչ մեկ անգամ զգուշացվել է, որ գործ ունենք անվտանգային լուրջ խնդրի հետ, առավել ևս, որ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունների համաձայն, այդ կազմակերպությունը շարունակում է Ադրբեջանին ուղղակի կամ անուղղակի մատակարարել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի մասին իբր «գիտական» տվյալներ։ Բայց, ինչպես երևում է, Հայաստանի համապատասխան կառույցները որևէ քայլ այդ ուղղությամբ չեն անում:
Եվ ահա, պարզվում է, որ «Առնիկան» հիմա էլ «ուսումնասիրություններ» է իրականացրել Սյունիքի մարզում: Չնայած հաղորդագրությունը հրապարակվել է հունվարին, սակայն լուսանկարներից ակնհայտ է, որ աշխատանքներն իրականացվում են ամռանը: Այսինքն, խոսքը ամիսներ շարունակ կատարված աշխատանքների մասին է: Նշվում է նաև, որ փորձանմուշները հետազոտվելու են Չեխիայում:
Ի դեպ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարն օրերս հայտարարեց, որ պետական տարածքներում հետազոտություններ, նմուշառումներ անելու թույլտվություն իրենք չեն տվել: Մենք առաջիկայում հարցումներ կուղարկենք նաև այն համայնքներ, որտեղ կատարվել են այդ ուսումնասիրությունները, հասկանալու՝ արդյոք նրանք թույլտվություն տվել են համայնքապատկան տարածքների առումով:
Սակայն այստեղ առաջին հերթին գործ ունեն անելու հատկապես ԱԱԾ-ն, նաև իրավապահ այլ մարմինները՝ հասկանալու, թե ինչ նպատակով են կատարվում այդ ուսումնասիրությունները, ուր են գնում նմուշառությունները, ում են տրամադրվում արդյունքները, ինչպես է ստացվում, որ այդ տվյալները մեծապես օգտագործվում են Ադրբեջանի կողմից, ինչպես են ազատորեն շրջում սահմանամերձ տարածքներում, նկարահանում ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներ և այլն:
Հավելենք, որ մեզ հետ զրույցում ոլորտի մի քանի մասնագետներ առանձնահատուկ շեշտում էին, որ, բացի անվտանգային խնդիրներից, բացի ուսումնասիրությունների կասկածելիությունից, կան նաև մասնագիտական մի շարք հարցեր, մասնավորաբար կապված նրա հետ, որ նմուշառում, փորձաքննություն անելու նորմատիվներն անգամ չեն պահպանվում: Դա նույնիսկ իրենց հրապարակած լուսանկարներն են վկայում, օրինակ՝ այն առումով, որ նույն թասով տարբեր տեղերում նմուշներ են վերցվում, ինչն անթույլատրելի է, ու այդ ուսումնասիրության արդյունքներն ինքնին վստահություն չեն ներշնչում: Եվ ընդհանրապես, մասնագետների շրջանում ևս առկա են բազմաթիվ հարցեր, որոնք իրենց պատասխանները չեն ստանում:
Ի դեպ, նշենք, որ հարցն այնքան լուրջ է, որ արտասահմանյան ՀԿ-ների՝ Հայաստանում կասկածելի գործունեության վերաբերյալ երեկ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան:
«Արդեն մի քանի տարի շարունակ չեխական «Առնիկան» «հետազոտություններ» է իրականացնում՝ թիրախ ընտրելով հատկապես Հայաստանը և ոչ, օրինակ՝ Ադրբեջանը։ Տպավորություն է, որ այս կազմակերպությունը նպատակ է դրել ներկայացնելու Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտը` որպես տարածաշրջանը «աղտոտող» աղբյուր, այս անհիմն նարատիվը ծառայեցնելով ոչ թե բնապահպանական, այլ երրորդ կողմերի քաղաքական շահերին»,-նշվում է հայտարարության մեջ՝ հավելելով, որ հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ «Առնիկայի» չստուգված տվյալները ակտիվորեն օգտագործվում և տարածվում են ադրբեջանական լրատվամիջոցների և քարոզչական հարթակների կողմից՝ Հայաստանի հասցեին տարածաշրջանային բնապահպանական վնաս հասցնելու վերաբերյալ մեղադրանքներ ներկայացնելու համար։
«Նման նյութերի պարբերական հայտնվելը քաղաքական և աշխարհաքաղաքական բնույթի հարթություններում լուրջ կասկածներ է առաջացնում, որ, այսպես կոչված, «հետազոտությունները» դուրս են գալիս զուտ գիտական շրջանակից և կարող են ծառայել այլ նպատակների։ Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան հրավիրում է Հայաստանի համապատասխան պետական մարմինների ուշադրությունը այս խնդրին: Կենսաբանական և բնապահպանական նմուշների հավաքագրումը և արտահանումը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մարդու կենսաբանական նյութերին, պետք է գտնվեն խիստ պետական վերահսկողության, իրավական կարգավորման և ամբողջական թափանցիկության ներքո»,-ասված է հայտարարության մեջ:
Կազմակերպությունը նաև կոչ է անում խստացնել վերահսկողությունը Հայաստանում գործող օտարերկրյա ՀԿ-ների գործունեության նկատմամբ, հատկապես, երբ այն վերաբերում է առանց պատկան վերահսկողության և թույլտվությունների՝ կենսաբանական և բնապահպանական նմուշների հավաքագրմանը, որը հանգեցնում է չստուգված, կամայական մեկնաբանությամբ տեղեկատվության տարածմանը՝ վնասելով Հայաստանի ազգային շահերը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Русский