Օգոստոսի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Նախիջևան, որտեղ մարտական դրոշներ է հանձնել երկու նորաստեղծ «Կոմանդո» ստորաբաժանումներին։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է Նախիջևանի ռազմական ներուժի հզորացման մասին։ Վերլուծաբան Ալեն Ղուլյանը նկատում է, որ Ալիևի Նախիջևանյան այցից հետո Հայաստանի վարչապետի առաջ քաշած անկլավների թեման պատահականություն չէ։
«Ընդամենը 9 օր անց, Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարությամբ անդրադարձավ Տիգրանաշենի կարգավիճակին՝ այն ներկայացնելով որպես Ադրբեջանի տարածք։ Որպեսզի հասկանանք, թե հայկական սահմանի որ հատվածը կարող է հաջորդը «Հայաստանի տարածք չհամարվել», բավական է ուշադիր հետևել Ալիևի՝ Հայաստանի սահմանին մոտ տեղաշարժերին»,- ընդգծում է վերլուծաբանը։
Խնդիրը միայն Տիգրանաշենը չէ։ Նիկոլ Փաշինյանը երեկ խոսեց նաև Տավուշի մարզի՝ Բարխուդարլու, Սոֆուլու և Ասքիպարա անկլավների մասին։ Վարչապետը սակայն, չանդրադարձավ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքին խաղաղ ճանապարհով դուրս մղելու մասին։
Այսքանով հանդերձ, Ալիևի վերջին տարիների հայտարարությունները միայն անկլավների մասին չեն։ Հայաստանի տարածքի նկատմամբ ադրբեջանական ձևակերպումները պարբերաբար ընդլայնվում են։ Այսօր խոսքը կարող է լինել Տիգրանաշենի, վաղը՝ մեկ այլ տարածքի մասին, իսկ ավելի լայն քաղաքական հռետորաբանության մեջ արդեն երկար ժամանակ շրջանառվում են Սևանա լիճը, Սյունիքը, անգամ մայրաքաղաք Երևանը, որպես «Գյոյչա», «Զանգեզուր» և «Իրևան»։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի հենց Սևանը։ 2025 թվականի նոյեմբերին Ալիևը հայտարարել էր, որ «Սևանա լիճ չկա, կա Գյոյչա», միաժամանակ պնդելով, թե ներկայիս Հայաստանի տարածքում տեղանունների մեծ մասը ադրբեջանական ծագում ունեն։ Նա նաև խոսել էր ադրբեջանցիների՝ «ներկայիս Հայաստանի տարածք» վերադառնալու անհրաժեշտության մասին։
«Թվում է՝ ապշերոնյան սուլթանի երթուղին աստիճանաբար վերածվում է Փաշինյանի իշխանության կողմից ապագա տարածքային զիջումների յուրատեսակ նավիգատորի»,- ասում է Ղուլյանը։

Русский