Հայաստանի Հրազդան քաղաքում տեղակայված «Firebird AI» տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հետախուզական ծառայությունների համար տեղեկատվություն հավաքելու նպատակով, այդ թվում՝ Ռուսաստանի և Իրանի դեմ ուղղված գործողությունների շրջանակում. այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շեւցովը։
«Նման կենտրոնները կարող են օգտագործվել արևմտյան հետախուզական ծառայությունների համար վերլուծական և հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի, ինչպես նաև Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների դեմ»,- ասել է Շեւցովը։
Նա նշել է, որ Firebird-ը գործում է Վաշինգտոնի օրենսդրության ներքո, ինչը նշանակում է, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները կարող են հասանելիություն ստանալ դրա սերվերներում մշակվող բոլոր տվյալներին։
«Սա նշանակում է, որ Հայաստանի պետական հաստատություններին, ընկերություններին և քաղաքացիներին պատկանող տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց Հայաստանի իշխանությունների համաձայնության», - հայտարարել է Շեւցովը։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի պաշտոնյան հիշեցրել է, որ Nvidia ընկերության պրոցեսորների կիրառմամբ գործող «Firebird AI»-ի տվյալների կենտրոնը բացվել է Հրազդանում օգոստոսի սկզբին։ «Հայտարարվել է, որ Firebird-ը մտադիր է մինչև 2027 թվականի վերջը Հրազդանի համալիրի հզորությունը հասցնել 300 ՄՎտ-ի. ծավալ, որը կազմում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ցանցի ձմեռային առավելագույն ծանրաբեռնվածության (1,3 ԳՎտ) գրեթե մեկ քառորդը», - տեղեկացրել է նա։
«Հաշվի առնելով հայտարարված այս ծրագրերը՝ կենտրոնի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ կլինի էլեկտրաէներգիայի արտադրության լրացուցիչ հզորություն», - նշել է Շեւցովը։
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը դիտարկում է նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը էլեկտրաէներգիայի աճող պահանջարկի պատճառով։ «Հաշվի առնելով աճող պահանջարկը, այդ թվում՝ տվյալների կենտրոնների հզորությունների ընդլայնումը, Հայաստանը վտանգի տակ է՝ բախվելու էլեկտրաէներգիայի լուրջ պակասուրդի, ինչն անխուսափելիորեն կազդի շարքային քաղաքացիների վրա», - հայտարարել է Շեւցովը։

Русский