Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զինծառայողներին տրվող դրամական օգնությունները․ ո՞ր դեպքերում և ո՞վ կարող է ստանալ

Blog Image

Iravaban.net-ը ուսումնասիրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի օրենքի 63-րդ հոդվածը, որը սահմանում է զինծառայողներին տրվող դրամական օգնությունները։  

Այսպիսով՝ զինվորական ծառայությունից արձակվելիս ո՞ր դեպքերում է զինծառայողին հասնում դրամական օգնություն, ինչպե՞ս է այն հաշվարկվում, ի՞նչ աջակցություն է նախատեսվում ծառայության վայրի փոփոխության կամ ընտանեկան որոշ հանգամանքների դեպքում և ո՞ր դեպքերում կարող է վճարվել պատվովճար։

Զինվորական ծառայությունից արձակվելիս ո՞վ կարող է ստանալ դրամական օգնություն

Զինծառայողին դրամական օգնություն է տրվում, եթե զինվորական ծառայությունից արձակվելը պայմանավորված է, օրինակ՝

  • երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելով,
  • զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալով,
  • պայմանագրի ժամկետի ավարտով,
  • առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի կամ ոչ պիտանի ճանաչվելով,
  • հաստիքների կրճատմամբ, այդ թվում՝ ստորաբաժանման լուծարմամբ։

Օգնության չափը կախված է զինվորական ծառայության ստաժից։ Օրենքը նախատեսում է հետևյալ ստաժային խմբերը՝ 3-10, 10-15, 15-20, 20-25 և 25 և ավելի տարի։

Դրամական օգնության կոնկրետ չափերն ու վճարման կարգը սահմանում է Կառավարությունը։

Իսկ եթե զինծառայողը 3 տարվա ստաժ չունի՞

Մինչև երեք տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող պայմանագրային զինծառայողներին, եթե նրանք ծառայությունից արձակվում են առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմքով, հաշվարկվում է դրամական օգնություն՝ վերջին զբաղեցրած զինվորական ծառայության պաշտոնի պաշտոնային դրույքաչափի չափով։

Նույն կանոնը կիրառվում է նաև զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի նկատմամբ՝ օրենքով սահմանված ծառայության ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ծառայությունից արձակվելու դեպքերում։

Ի՞նչ գումար է նախատեսված պարտադիր ժամկետային զինծառայողների համար

Պարտադիր ժամկետային զինծառայողին դրամական օգնություն է հաշվարկվում ծառայության ժամկետը լրանալու, առողջական վիճակի պատճառով ծառայությունից արձակվելու, ինչպես նաև օրենքով նախատեսված ընտանեկան պայմանների հիմքով ժամկետից շուտ արձակվելու դեպքում։

Այդ գումարի չափը սահմանում է Կառավարությունը։

Միաժամանակ, եթե շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմի պարտադիր ժամկետային զինծառայողի ծնողները մահացած են, նրա համար դրամական օգնությունը հաշվարկվում է Կառավարության սահմանած չափի քսանապատիկի չափով։

Ի՞նչ է նախատեսված իգական սեռի պարտադիր ժամկետային զինծառայողների համար

Օրենքը առանձին կարգավորում է իգական սեռի պարտադիր ժամկետային զինծառայողների և օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանագրային զինծառայողների դեպքերը։

Նրանց ծառայությունից արձակվելիս՝ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, հաշվարկվում է պատվովճար՝ Կառավարության սահմանած կարգով և չափերով։

Եթե համապատասխան զինծառայողը առաջին պայմանագրի ավարտից հետո կնքում է օրենքով նախատեսված հերթական պայմանագիրը, ապա հետագայում դրա ավարտի կամ որոշ առողջական հիմքերով վաղաժամկետ արձակվելու դեպքում նույնպես կարող է պահպանվել պատվովճար ստանալու իրավունքը։

Եթե զինծառայողը նախկինում արդեն ստացել է դրամական օգնություն, նորից կարո՞ղ է ստանալ

Օրենքը սահմանում է հատուկ կանոններ այն զինծառայողների համար, որոնք նախկինում արձակվել են ծառայությունից, այնուհետև կրկին զինվորական ծառայության են անցել։

Նման դեպքում հերթական արձակման ժամանակ օգնությունը հաշվարկվում է՝ հաշվի առնելով զինվորական ծառայության ընդհանուր ստաժը և նախկինում ստացած դրամական օգնությունը։

Միաժամանակ նախկին և նոր հաշվարկված օգնությունների հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ ծառայության ստաժային խմբի համար սահմանված չափը։

Եթե զինծառայողը նախկինում դրամական օգնության իրավունք ունեցող հիմքով արձակվել է, սակայն այդ օգնությունը չի ստացել, օրենքը նախատեսում է նաև այդ ժամանակահատվածի համար գումարի հաշվարկման առանձին կարգ։

Իսկ եթե զինծառայողը դատապարտվել է, հետո արդարացվել

Եթե զինծառայողը ծառայության ընթացքում ազատազրկման դատապարտվելու, զինվորական կոչումից զրկվելու կամ կարգապահական տույժի հիմքով արձակվել է, սակայն հետագայում օրենքով սահմանված կարգով արդարացվել է, նա կարող է ստանալ դրամական օգնություն։

Այն հաշվարկվում է ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունեցած զինվորական ծառայության ստաժի համար սահմանված չափով, եթե նա չի դիմել զինվորական ծառայության մեջ վերականգնվելու համար։

Կարո՞ղ է զինծառայողը դրամական օգնություն ստանալ՝ ծառայությունը շարունակելու պայմաններում

Այո։ Եթե պայմանագրի ժամկետը լրանում է, իսկ շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողը ցանկանում է շարունակել ծառայությունը և կնքում է հերթական պայմանագիր, նրա ցանկությամբ կարող է տրամադրվել դրամական օգնություն՝ ունեցած ծառայության ստաժին համապատասխան։

Այս օգնությունը համապատասխան ստաժի շրջանակում տրամադրվում է մեկ անգամ։

Ի՞նչ օգնություն է տրվում ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում

Եթե զինծառայողը տեղափոխվում է ծառայության նոր վայր, նրան, ինչպես նաև իր հետ տեղափոխվող ընտանիքի յուրաքանչյուր անդամին, տարվա ընթացքում մեկ անգամ կարող է տրամադրվել դրամական օգնություն։

Այն նախատեսվում է, երբ նախկին և նոր ծառայության վայրերի միջև հեռավորությունը՝

  • 30-100 կիլոմետր է, կամ
  • գերազանցում է 100 կիլոմետրը։

Այս դրույթը չի տարածվում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների վրա։

Ռազմաուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ծառայության նշանակված զինծառայողների դեպքում հաշվարկի համար հիմք է ընդունվում մշտական բնակության և ծառայության վայրերի միջև եղած հեռավորությունը։

Ո՞ր ընտանեկան կամ արտակարգ դեպքերում է ևս դրամական օգնություն տրվում

Զինծառայողներին, բացառությամբ պարտադիր ժամկետային ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, տարվա ընթացքում մեկ անգամ կարող է տրամադրվել դրամական օգնություն՝ պաշտոնային դրույքաչափի չափով, եթե տեղի է ունեցել՝

  1. զինծառայողի ամուսնությունը,
  2. տարերային աղետի հետևանքով նրա սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառելը,
  3. զինծառայողի կամ ընտանիքի անդամի երկարատև հիվանդությունը,
  4. ընտանիքի անդամի մահը։

Իսկ նախկին զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների համար կա՞ նման աջակցություն

Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և ծառայության ընթացքում զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքի անդամներին նույն դեպքերում տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն։

Դրա չափը սահմանում է Կառավարությունը։

Ո՞ւմ վրա են տարածվում այս դրույթները

Օրենքով զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների դրամական օգնությանը վերաբերող դրույթները տարածվում են նաև քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների ու նրանց ընտանիքների անդամների վրա։

Օրենքի իմաստով զինծառայողի ընտանիքի անդամներ են համարվում՝ ամուսինը, զավակները և ծնողները։

Դրամական օգնությունների վճարման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։ 

Send